«Լեգենդներ Քրիստոսի Մասին» Գրքից
ՍԵԼՄԱ ԼԱԳԵՐԼԵՈՖ
Թարգմանեց՝
ԼԻԼԻԹ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Մի անգամ, երբ Յիսուսը հինգ տարեկան էր, Նազարէթում՝ իր հօր արհեստանոցի սանդղամուտքին նստած՝ թռչուն էր ծեփում փափուկ կաւի մի գնդիկից, որը նրան փողոցի հանդիպակաց կողմում ապրող բրուտն էր տուել: Նա շատ երջանիկ էր: Շրջապատի բոլոր երեխաները նրան ասում էին, որ բրուտը խստաշունչ մարդ է, որ նրա սիրտը հնարաւոր չէ փափկեցնել ո՛չ քնքուշ հայեացքով, ո՛չ քաղցր խօսքով, այնպէս որ նա երբեք չէր համարձակւում որեւէ բան խնդրել բրուտից: Բայց ահա մի անգամ (Յիսուսն ինքն էլ չգիտէր, թէ դա ինչպէ՛ս պատահեց), երբ նա կանգնած էր սանդղահարթակի աստիճաններին եւ ուշադիր նայում էր աշխատաւոր հարեւանին, բրուտը յանկարծ դուրս եկաւ իր արհեստանոցից ու նրան կաւի մի մեծ կտոր տուեց:
Հարեւան տան ոտնակին նստած էր Յուդան՝ շիկահեր, տգեղ մի տղայ՝ դէմքին կապտուկներ: Նրա հագուստը ծուէն-ծուէն էր տղաների հետ փողոցային անընդհատ կռիւների պատճառով: Բայց այդ պահին նա նստած էր միանգամայն խաղաղ. ոչ մէկին չէր գրգռում եւ, ինչպէս Յիսուսը, կաւի մի կտորից բան էր ծեփում: Այդ կաւը նա ինքը չէր ճարել. Յուդան չէր համարձակուի անգամ բրուտի աչքին երեւալ, որովհետեւ յաճախ էր քար գցում նրա փխրուն աշխատանքների վրայ: Եթէ նա բրուտից կաւ խնդրեր, բրուտը նրան փայտով կը քշէր: Յիսուսն էր որ իր կաւից բաժին էր հանել նրան: Երեխաներն իրենց թռչնակներն էին ծեփում ու շրջանաձեւ շարում: Թռչնակները սովորական տեսք ունէին՝ ոտքերի փոխարէն կլոր գնդիկներ էին, առանց վզիկների, կարճլիկ պոչիկներով ու հազիւ նշմարուող թեւիկներով: Եւ, այնուամենայնիւ, երկու ընկերների աշխատանքները խիստ տարբերւում էին: Յուդայի թռչնակներն այնքան վատ էին պատրաստուած, որ չէին կանգնում, անընդհատ շրջւում էին, եւ որքան էլ չարչարւում էր, նրա փոքրիկ, կոշտ մատները չէին կարողանում գեղեցիկ ու մաքուր աշխատանք կատարել: Ժամանակ առ ժամանակ նա գաղտագողի նայում էր Յիսուսին, որպէսզի հասկանայ, թէ նրան ինչպէ՛ս է յաջողւում Թաբորի անտառների կաղնու տերեւների նման ողորկ ու համաչափ թռչնակներ սարքել:
Ամէն անգամ, երբ Յիսուսն աւարտին էր հասցնում հերթական թռչնակը, նա իրեն աւելի ու աւելի երջանիկ էր զգում: Իւրաքանչիւր նոր թռչնակ նրան միւսներից աւելի գեղեցիկ էր թւում, եւ նա աչքի էր անցկացնում դրանք հպարտութեամբ ու սիրով. այդ թռչնակներն իր խաղերի ժամանակ լինելու էին իր ընկերները, իր փոքրիկ եղբայրներն ու քոյրերը, որ քնելու էին իր անկողնում իր հետ ժամանակ էին անցկացնելու եւ իր համար երգեր էին երգելու, երբ մայրիկը տանը չլինէր: Այսուհետ նա երբեք իրեն միայնակ չէր զգալու:
Տղաների մօտով մի բարձրահասակ ջրկիր անցաւ՝ ծանր մորթու տակ կքած, իսկ նրա հետեւից էշի վրայ նստած՝ անցաւ կանաչի վաճառողը՝ շրջապատուած դատարկ զամբիւղներով: Ջրկիրը ձեռքը դրեց Յիսուսի ոսկեհեր գլխին եւ սկսեց հարցուփորձ անել նրան իր թռչնակների մասին: Եւ Յիսուսը պատմեց, որ իւրաքանչիւրն իր անունն ունի եւ որ նրանք կարողանում են երգել: Ասաց նաեւ, որ իր բոլոր թռչնակները թռել-եկել են օտար երկրներից եւ իրեն պատմում են բաներ, որոնք գիտեն միայն ինքն ու նրանք: Եւ այնքան հետաքրքիր էր խօսում Յիսուսը, որ ե՛ւ ջրկիրը, ե՛ւ կանաչի վաճառողը մոռացել էին իրենց գործերի մասին ու երկար ժամանակ անշարժ լսում էին նրան:
Երբ, վերջապէս, ուզում էին գնալ, Յիսուսը ցոյց տուեց Յուդային:
– Տեսէ՛ք, թէ ի՛նչ անուշիկ թռչնակներ է պատրաստել Յուդան,- ասաց նա:
Այդ ժամանակ կանաչի վաճառողը կանգնեցրեց իր էշը եւ քաղցր ձայնով հարցրեց Յուդային, արդեօք նրանցից ամէն մէկն ունի՞ իր անունը եւ կարողանո՞ւմ է արդեօք երգել: Բայց Յուդան յամառօրէն լռեց՝ աչքերը չկտրելով իր աշխատանքից: Այդ ժամանակ կանաչի վաճառողը ոտքով խփեց-գցեց թռչուններից մէկին ու շարունակեց իր ճանապարհը:
Այսպէս անցաւ մէկ օր: Արեւն այնքան էր ցած իջել, որ նրա ճառագայթներն անցնում էին փողոցի ծայրի՝ հռոմէական արծուով զարդարուած քաղաքային ցածրիկ դարպասների միջով: Մայր մտնող արեւի արնակարմիր ճառագայթները, սահելով նեղլիկ փողոցով, շուրջբոլորը վառ ծիրանի էին ներկում: Բրուտի խեցեղէնը, տախտակը, որ ճռճռում էր հիւսնի սղոցի տակ, սպիտակ գլխաշորը, որը բոլորում էր Մարիամի դէմքը, – ամէն ինչ դարձել էր բոսորագոյն:
Բայց ամէնից գեղեցիկը արեւի ճառագայթների փայլն էր երկու փոքրիկ ջրափոսերի մէջ, որ գտնւում էին սալարկուած ճանապարհի մեծ, անհարթ քարերի արանքում:
Յանկարծ Յիսուսը ձեռքն ընկղմեց այն ջրափոսի մէջ, որն իրեն աւելի մօտ էր: Նրա մտքով անցել էր իր փոքրիկ մոխրագոյն թռչնակներին ներկել արեւի վառ փայլով, որն այնքան գեղեցիկ գունաւորել էր ջուրը, պատերը եւ այն ամէնը, ինչ շրջապատում էր իրեն:
Արեւի շողերն ուրախութեամբ տրուեցին Յիսուսին, եւ երբ նա ձեռքը սահեցրեց կաւէ թռչնակների վրայով, նրանք ծածկուեցին ադամանդի փայլով:
Յուդան ժամանակ առ ժամանակ աչքը գցում էր Յիսուսի կողմը, որ տեսնի՝ շա՞տ թռչուններ է հասցրել պատրաստել Յիսուսը եւ արդեօք դրանք աւելի գեղեցի՞կ են քան իրենը: Նա հիացած ճչաց, երբ տեսաւ, թէ ինչպէ՛ս է Յիսուսն իր կաւէ թռչնակներին գունաւորում փողոցի փոքրիկ ջրափոսերում խաղացող արեւի լոյսով: Յուդան էլ ձեռքն ընկղմեց լուսարձակող ջրի մէջ՝ ցանկանալով բռնել արեւի շողը: Սակայն շողը չտրուեց նրան՝ անընդհատ սահել-փախչելով մատների արանքից: Որքան էլ Յուդան ջանում էր, շողերը խոյս էին տալիս նրանից, եւ տղան գոյնի ոչ մի կաթիլ չկարողացաւ հայթայթել իր թռչնակների համար:

-Սպասի՛ր, Յուդա՛,- ասաց Յիսուսը,- ես հիմա կ՛օգնեմ քեզ գունաւորելու քո թռչնակներին:
– Ո՛չ,- ասաց Յուդան,- ձեռք մի՛ տուր. նրանք այսպէս էլ գեղեցիկ են:
Նա վեր կացաւ՝ շրթունքը կծելով եւ ճակատը կնճռոտելով, ու յանկարծ սկսեց կատաղած տրորել իր թռչնակներին՝ մէկը միւսի հետեւից վերածելով կաւի կտորների:
Ոչնչացնելով իր բոլոր թռչուններին՝ Յուդան մօտեցաւ Յիսուսին, որ նստած փաղաքշում էր թանկագին քարերի նման փայլփլող թռչնակներին: Մէկ րոպէի չափ Յուդան զննեց նրանց, յետոյ բարձրացրեց ոտքը եւ ճզմեց նրանցից մէկին: Երբ տեսաւ, որ փոքրիկ թռչունը վերածուեց կաւի կտորի, ուրախութիւն համակեց նրան. նա սկսեց հռհռալալ ու նորից բարձրացրեց ոտքը, որ մի ուրիշն էլ տրորի:
– Յուդա՛,- բացականչեց Յիսուսը,- այդ ի՞նչ ես անում, միթէ՞ չգիտես, որ այդ թռչնակները կենդանի են ու որ նրանք երգում են:
Սակայն Յուդան շարունակում էր հռհռալ ու ճզմել թռչնակներին: Յիսուսի ուժը չէր պատի նրան կանգնեցնելու, ուստի սկսեց հայեացքով մօրը փնտռել: Մարիամը հեռու չէր, սակայն մինչ նա մօտենար, Յուդան կը հասցնէր ոչնչացնել բոլոր թռչուններին: Յիսուսի աչքերն արցունքով լցուեցին: Յուդան արդէն չորս թռչուն տրորել էր: Մնացել էին ընդամէնը երեքը:
Յիսուսը ցաւ էր ապրում, որ թռչուններն անօգնական էին եւ փրկուելու փորձ անգամ չէին անում: Նա ծափ զարկեց, որ վախեցնի նրանց ու բացականչեց.
– Թռէ՜ք, թռէ՜ք:
Եւ մնացած երեք թռչունները թափահարեցին իրենց թեւիկներն ու երկչոտ ճախրեցին դէպի տանիքը, որտեղ արդէն անվտանգ կարող էին լինել:
Երբ Յուդան տեսաւ, որ թռչնակները Յիսուսի հրահանգով ուղղեցին թեւիկներն ու թռան, լաց եղաւ: Նա պոկոտում էր մազերը, ինչպէս վշտի ու դժբախտութեան մէջ գտնուող ծեր մարդիկ, որոնց ինքը տեսել էր, եւ Յիսուսի ոտքերն ընկաւ: Նա Յիսուսի առաջ թաւալւում էր փոշու մէջ, համբուրում էր նրա ոտքերը եւ խնդրում, որ Յիսուսը տրորի իրեն այնպէս, ինչպէս ինքը՝ Յուդան, տրորեց կաւէ թռչնակներին: Որովհետեւ Յուդան սիրում էր Յիսուսին, հիանում էր նրանով, միաժամանակ աստուածացնում եւ ատում էր նրան:
Սակայն Մարիամը, որն այդ ամբողջ ընթացքում հետեւում էր նրանց խաղին, հանդարտ մօտեցաւ, գետնից բարձրացրեց Յուդային, նստեցրեց իր ծնկներին ու գուրգուրեց նրան:
– Խե՜ղճ երեխայ,- ասաց նա,- դու չես հասկանում, որ յանդգնել ես ձեռք բարձրացնել մէկի վրայ, որի վրայ ոչ մի կենդանի արարած չի կարող ձեռք բարձրացնել: Երբեք այլեւս չանես այդ բանը, եթէ չես ուզում դառնալ ամենադժբախտը մարդկանց մէջ: Վա՜յ այն մարդուն, որը կը փորձի հաւասարուել նրա հետ, ում արեւի լոյսը ծառայում է որպէս գոյն, եւ ով կարողանում է մեռած կաւի մէջ կեանքի շունչ փչել: