
STEAM կրթութիւնն ուղղորդում է ուսանողների ճանաչողական, երկխօսութեան եւ քննադատական մտածողութեան հմտութիւնները` գիտութեան, տեխնոլոգիայի (արհեստագիտութեան), Ճարտարապետութեան, արուեստների եւ ուսողութեան կիրառմամբ, այսպիսով փոխելով ուսումնառութեան ողջ համայնապատկերը:
ՀԲԸՄը նոյնպէս միանում է այս շարժմանը իր «Նորարարութեան ստուդիաներ» (Innovation Studios, Նորարարութեան աշխատանոց) նախաձեռնութեամբ, որի նպատակն է կոտրել կարծրատիպերը, եւ միջին եւ աւագ դպրոցներում սովորող հայ երիտասարդներին հնարաւորութիւն ընձեռել, վաղուայ ասպարէզի համար անհրաժեշտ «կոշտ եւ փափուկ հմտութիւններ» ձեռք բերելուն զուգահեռ, առերեսուելու եւ կապուելու իրենց հայկական ինքնութեանը` այն դարձնելով կրթական գործընթացի անբաժանելի մաս:
Մեկնարկային ձմեռ-գարուն փուլը կը սկսի Փետրուարի 26ին եւ կը տեւի 10 շաբաթ: Աշխատարանները կը կազմակերպուեն իւրաքանչիւր շաբաթ օր Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի ՀԲԸՄի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» կենտրոնում: Հանդիպումները կը լինեն ինչպէս առաւօտեան, այնպէս էլ ցերեկային ժամերին, ինչը թոյլ կը տայ ներգրաւել հնարաւորինս մեծ թուով երիտասարդների`ուսումնասիրելու ամենատարբեր թեմաներ:
ՀԲԸՄի Արեւմտեան տարածաշրջանի կրթական ծրագրերի ղեկավար Նարէ Աւագեանը «Նորարարութեան ստուդիաներ»ի տեսլականը բնութագրեց որպէս իւրօրինակ մշակութային փորձառութիւն քաջալերելու եւ հայ հասարակութեան հետ նորարար եղանակներով շփուելու միջոց, աւելացնելով․ «Մեր նպատակն է ապահովել ստեղծարար միջավայր, որտեղ կարելի կը լինի ազատօրէն ուսումնասիրել իրական աշխարհին բնորոշ թեմաներ, եւ յաղթահարել բարդ մարտահրաւէրներ`ստեղծարար մտքի ու քննադատական մտածողութեան շնորհիւ: Մենք յուսով ենք, որ կը կարողանանք նրանց տրամադրել անհրաժեշտ գործիքներ եւ ստեղծագործական հմտութիւններ յաղթահարելու բոլոր մարտահրաւէրներն իրենց կրթական կամ աշխատանքային գործունէութեան ճանապարհին` միաժամանակ հարստացնելով նրանց հայկական ինքնութիւնը»:
ՀԲԸՄի «Նորարարութեան ստուդիա»ն ապահովում է բաց գործնական աշխատանքային միջավայր, որը տարբերւում է աւանդական դասարաններին բնորոշ, յստակ կառուցուածք ունեցող ուսումնական ծրագրից, եւ բաղկացած է փոքր խմբերից, որոնցում իւրաքանչիւր երիտասարդ կարող է փայլատակել ինքնադրսեւորման իր ճանապարհին: 3D տպիչների ու լազերային կտրիչների, «գրաֆիկա»ի, արուեստի, երաժշտութեան, լուսանկարչութեան, տեսանկարահանման, «անիմացիա»ի (շարժանկարի), «ռոբոտաշինութեան» (մարդ-մեքենաներու կառուցում) եւ խաղերի ստեղծման տարբեր ծրագրերի հասանելիութիւնը, ինչպէս նաեւ աւանդական արուեստների ու արհեստների համար անհրաժեշտ ամենատարբեր նիւթերի առկայութիւնը, մեր միտքն ու երեւակայութիւնը դարձնում են աւելի հնարամիտ ու իւրօրինակ:
Մասաչուսեց նահանգի Քեմբրիջ քաղաքում գործող NuVu նորարարութեան դպրոցի ստեղծարար կրթութեան մասնագէտների հետ խորհրդակցութեան շնորհիւ, «Նորարարութեան ստուդիա»ն զարգացնում է նաեւ գործակցութիւնը, քննադատական մտածողութիւնը եւ կապերը ամենատարբեր նախասիրութիւններ ունեցող հասակակիցների միջեւ: Իւրաքանչիւր աշխատարան վարում է STEAM-ի տուեալ ոլորտի մասնագէտը, որն անցել է յատուկ վերապատրաստում` փորձառական ուսուցման դասընթացը վարելու վերաբերեալ: STEAM-ի ոլորտներից իւրաքանչիւրին բնորոշ են որոշակի հմտութիւններ: Օրինակ` առաջիկայ ձմեռային փուլում առաջարկւում է երկու աշխատարան. կենդանի ճարտարապետութիւն եւ ինքնադրսեւորում (self-illumination): Առաջինի ժամանակ մասնակիցները կը բացայայտեն «կոնցեպտուալ դիզայն»ի (յղացական ձեւաւորման), կայուն համակարգերի, «էսքիզաւորման» (ուրուագծման), ճարտարապետական դիզայնի, պարզ մեխանիզմների (գործիքակազմ) եւ մասշտաբային մոդելների (նախատիպ) կառուցման հմտութիւններ: Երկրորդն անդրադարձ կը կատարի արտադրանքի մշակմանը, մտքերի գրաւոր շարադրմանը, «էսքիզաւորման»ը, լազերային կտրիչով աշխատանքին, 3D տպագրութեանը, «կոդաւորման»ը եւ էլեկտրօնային սարքերին, որոնք անհրաժեշտ գործիքակազմ են լուսաւոր միջավայրում ինքնարտայայտման համար:
Ինչպէս նշում է ՀԲԸՄի Կենտրոնական վարչութեան անդամ եւ միութեան կրթական ծրագրերի ղեկավար Լենա Սարգսեանը, ՀԲԸՄ Արեւմտեան տարածաշրջանի համայնքային հանդիպումների ժամանակ ծնողներն ու դեռահասները մեծ հետաքրքուածութիւն ու խանդավառութիւն են ցուցաբերել այս առիթով, աւելացնելով․ «Որպէս ծնող, մեր օրերում անդադար լսում ենք ստեղծարարութիւն, քննադատական մտածողութիւն, գործակցութիւն բառերը: Բացի այդ, արտադպրոցական կրթական շուկան ողողուած է այնպիսի հասկացութիւններով, ինչպիսիք են` համակարգչային դասընթացները, ռոբոտաշինութիւնը, STEM-ը եւ այլն: ՀԲԸՄի «Նորարարութեան ստուդիա»ները համատեղում են այդ ամէնը` ոչ միայն պարզապէս հմտութիւնները զարգացնելու, այլեւ նոր մտածելակերպ ձեւաւորելու նպատակով: Ստուդիան մեր երիտասարդութեանն օժտում է ցանկացած մարտահրաւէր ընդունելու վճռականութեան զգացումով: ՀԲԸՄ «Նորարարութեան ստուդիա»ները համադրել են տեխնոլոգիական հմտութիւնները զարգացնելու անհրաժեշտութիւնը շահառուների ստեղծարարութեան եւ ձեռներէցութեան հմտութիւնների հետ` այդ ամէնը համեմելով հայկական բովանդակութեամբ»:
Աւագեանն ընդհանուր գծերով ներկայացրեց նորարարութեան աշխատարանների գործունէութեան ներկայ միտումները: Նախ, հրահանգչի ղեկավարութեամբ աշխատարաններից իւրաքանչիւրի մասնակիցները ծանօթանում են իրենց տրամադրութեան տակ եղած թուային ծրագրերին եւ նիւթերին: Դրանց գործունութեանն ու կիրառման ձեւերին ծանօթանալուց յետոյ, իւրաքանչիւր խումբ որոշում է, թէ հայկական ինչ ծրագիր կամ արտադրանք է մշակելու: Թեմաները կարող են ընդգրկել ամենատարբեր ոլորտներ. Հայ ճարտարապետութիւնից ու բանասիրութիւնից մինչեւ հին արուեստներ, պատմական դէմքեր կամ իրադարձութիւններ: Կարող է ընտրուել նաեւ որեւէ ուղերձ կամ բովանդակութիւն, որի մասին խումբը ցանկանում է պատմել աշխարհին ամենատարբեր եղանակներով` պար, արուեստ, կինօ (շարժապատկեր) կամ գրաւոր խօսք: Վերջնական արդիւնքը ներկայացւում է հանրային հարթակներում, որից յետոյ մասնակիցները կարող են գրանցուել արդէն յաջորդ փուլին: Ամառային շրջանում «Նորարարութեան ստուդիա»ն կը գործի Երկուշաբթիից Ուրբաթ, օրական 6 ժամ, մեկնարկելով նոր աշխատարան, իւրաքանչիւր երկու շաբաթը մէկ:
Ինչպէս նշեց Նարէ Աւագեանը, մասնակիցների խառը կազմն արտացոլելու է Մեծ Լոս Անջելեսի հայ համայնքի ժողովրդագրութեան բազմազանութիւնը: Նրանց թւում կը լինեն թէ Հայաստանից եւ Մերձաւոր Արեւելքից նոր ժամանած ներգաղթեալներ, թէ արդէն իսկ հինգերորդ սերնդի ամերիկահայեր, որոնք բոլորը կ՛աշխատեն միասին: «Նորարարութեան ստուդիա»ները կարող է կրկնօրինակուել ցանկացած հայ համայնքում:
«Երկարաժամկէտ հեռանկարում նախատեսում ենք, որ մեր մասնակիցները կապ կը հաստատեն Հայաստանում եւ աշխարհի այլ վայրերում ապրող իրենց հասակակիցների հետ եւ կը ներգրաւուեն ստեղծարար, համագործակցային աշխատանքի մէջ: Մենք ուզում ենք, որ նրանք յաւակնոտ մտածողութիւն ունենան: Մենք ուզում ենք, որ նրանք լինեն հայ երիտասարդ նորարարների, ստեղծարարների յաջորդ սերունդը, ընդ որում, ոչ միայն յանուն մեր համայնքի, այլ յանուն ողջ աշխարհի», ասաց նա:
ՀԲԸՄ «Նորարարութեան ստուդիա»ի ձմեռ-գարուն փուլին մասնակցութեան գրանցումն աւարտւում է 2022ի Փետրուարի 20ին: Յաւելեալ տեղեկատուութեան եւ գրանցուելու համար այցելէք` կայքէջը: