
ԵՐԵՒԱՆ.- Վերջին օրերուն, յատկապէս մեծապէս լուսարձակի տակ կ՛առնուին ատրպէյճանական տիրապետութեան տակ անցած արցախեան տարածքներուն մէջ ի գործ դրուած մշակութային սպանդը եւ հայկական հետքերու աղաւաղումները:
Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան ներկայացուց փաստեր այն մասին, որ ատրպէյճանական իշխանութիւնները պետական մակարդակով կը հրահրեն կրօնական թշնամանք՝ բացարձակ կեղծիքով հայութիւնը մեղադրելով իսլամատեացութեան յանցանքով:
«Բա ինչպէ՞ս կը բացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդի յայտնի կարեւոր հրովարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղէմի Հայոց պատրիարք Աբրահամի իր 40 պատուիրակներով նրան այցից յետոյ ու դրանով պաշտպանութեան տակ առել «Երուսաղէմում, Դամասկոսում եւ արաբական շրջաններում» Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, եկեղեցիները, վանքերը, այդ թւում՝ Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց վանքը, կրթական հաստատութիւնները, սեփականութիւնը: Հետագայում էլ դա պահպանուել է:
«Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպէս նաեւ Հայ եկեղեցու յարգանքը իսլամի ու միւս կրօնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դաւանում:
«Իսլամ դաւանող աշխարհի բազմաթիւ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպէս բարեկամներ: Ադրբեջանական իշխանութիւնների այս քաղաքականութիւնը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դաւանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջեւ: Արցախում կանգուն էր մնացել ու պահպանւում էին, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգուել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգեւոր վարժարանի շէնքը, կառուցուել էր պուրակ: Երեւանում կայ գործող մզկիթ:
Փոխարէնը՝ ադրբեջանական զինուած ուժերը հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եւ Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակաւանի Զօրաւոր Սուրբ Աստուածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշէ եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում եւ Հադրութում եւ այլն: Բաքուի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցին պղծուած է՝ վերածուած է գրադարանի պահոցի, գմբէթից իջեցուած է խաչը, չկայ խորանը, ոչնչացուած են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարեւանութեամբ: Ներկայում պետական մակարդակով ամէն ինչ անում են՝ փոխելու համար հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիութիւնը: Այս քաղաքանութիւնն արդէն արտայայտւում է խոշտանգումների նոր ձեւերով, որոց ենթարկում են հայ գերիներին՝ կապուած կրօնական պատկանելիութեան հետ: Այնպէս որ ադրբեջանական այս յայտարարութիւնները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ եւ խիստ վտանգաւոր են խաղաղութեան համար», դիտել տուաւ Արման Թաթոյեան:
Ասոր զուգահեռ, Հայաստանի քաղաքացիական հասարակութեան առաւել քան 20 կազմակերպութիւններ («Թրանսփերընսի Ինթըրնեշընլ փտածութեան դէմ կենտրոն», «Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների», Ժուռնալիստներու «Ասպարէզ» ակումբ, Իրաւունքի զարգացման եւ պաշտպանութեան հիմնադրամ, «Խաղաղութեան երկխօսութիւն» կազմակերպութիւն, Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակ, Երեւանի մամուլի ակումբ, «Համայնքային համախմբման եւ աջակցութան կենտրոն» կազմակերպութիւն, «Յանուն հաւասար իրաւունքների» կրթական կեդրոն, «Յօդուած 3» մարդու իրաւունքներու ակումբ, Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէ, Ստեղծագործ Եւրոպա հարթակ մշակութային կազմակերպութիւն, «Ինֆորմացիայի ազատութեան կեդրոն», «Փինք» իրաւապաշտպան կազմակերպութիւն, «Բաց հասարակութեան հիմնադրամներ»-Հայաստան, Գորիսի մամուլի ակումբ, «Ազատ քաղաքացի» կազմակերպութիւն, Իրազեկ քաղաքացիների միաւորում, Հելսինկեան ասոցիացիա իրաւապաշտպան կազմակերպութիւն, Հանրային լրագրութեան ակումբ, Կանանց ռեսուրսային կեդրոն, Կանանց իրաւունքներու տուն, Սօսի Թաթիկեան, Էդուարդ Աբրահամեան, Բենիամին Պօղոսեան) հանդէս եկան Արցախի մէջ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ յայտարարութեամբ, զոր ներկայացուցին ՄԱԿի դատարանին:
Ստորեւ՝ յայտարարութիւնը.
«Փետրուարի 3ին ադրբեջանական եւ միջազգային աղբիւրներից յայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարութիւնը ձեւաւորել է «Աղուանական պատմութեան եւ ճարտարապետութեան մասնագէտների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղուանական ճարտարապետական յուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»: Ակնյայտ է, որ այս գործողութիւնն ուղղուած է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգութեան վերացմանը, որի արդիւնքում նաեւ հարցականի տակ է դրուելու արցախահայութեան սեփական հողի վրայ ապրելու պահանջների, նրանց իրաւունքների պաշտպանութեան հիմքը:
«Այս համատեքստում յատկանշական է յիշեցնել, որ Ադրբեջանի իշխանութիւնները 2005 թուականին ոչնչացրել են Նախիջեւանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմաննոցն՝ իր հազարաւոր արժէքաւոր խաչքարերով: Դրանք տեղահանուել ու ջարդուել են շինարարական տեխնիկայի (ճարտարարուեստի) օգնութեամբ եւ օգտագործուել որպէս շինանիւթ, իսկ գերեզմաննոցի ազատուած տարածքը վերածել են զինավարժարանի: Այդպիսով Ադրբեջանի իշխանութիւններն ապացուցել են, որ ընդունակ եւ հետեւողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականութիւնը:
«ՄԱԿի Միջազգային արդարադատութեան դատարանը Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի գործով իր 2021թ. Դեկտեմբերի 7ի միջանկեալ միջոցների կիրառման վերաբերեալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման բոլոր գործողութիւնները, որոնք կատարուել են հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ, այդ թւում՝ եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, յուշարձանների, բնութեան վայրերի, գերեզմանների եւ այլ արտեֆակտների (արուեստի գործերու, հնութիւններու): Ադրբեջանն իր ներկայիս գործողութիւններով ոտնահարում է տուեալ որոշումը եւ ապացուցում իր վճռականութիւնը աւարտին հասցնելու սկսած գործը:
«Ցաւալիօրէն, Ադրբեջանի նախագահ Ալիեւի պարբերական դարձած հայատեաց կոչերը ու անթաքոյց ցեղային զտման ու մշակութային ցեղասպանութեան քաղաքականութեանը պատշաճ եւ համարժէք արձագանգ չեն ստանում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից: Վերջինիս դիրքորոշումները յաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանութեան ու անվտանգութեան, Հայաստանի եւ Արցախի բնակչութեան մարդու իրաւունքների ոտնահարումներին առնչուող օրհասական իրավիճակի մարտահրաւէրներին:
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՀ վարչապետից եւ կառավարութիւնից (մասնաւորապէս՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւն եւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւն)՝
«ԱՆՅԱՊԱՂ
«1. Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հայկական մշակութային ժառանգութեան վերացմանը միտուած գործողութիւնների մասին ծանուցել ՄԱԿի Միջազգային արդարադատութեան դատարանին՝ Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի գործով կիրառուած միջանկեալ միջոցի չկատարման/խախտման վերաբերեալ, անհրաժեշտութեան դէպքում՝ լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու եւ նախատեսուող յանցագործութիւնները ու հայկական մշակութային ժառանգութեան անդառնալի կորուստը կանխելու նպատակով:
«2. Դիմել ՄԱԿի համապատասխան կառոյցներին, այդ թւում՝ ԵՈՒՆԵՍԿՕին (այդ թւում՝ գործելով որպէս ԵՈՒՆԵՍԿՕի Գլխաւոր խորհրդի անդամ) եւ Մշակութային հարցերով յատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելութիւն Արցախ եւ դիտարկելու ու փաստագրելու հայկական յուշարձանների առկայ վիճակը»: