ԳԼԵՆԴԷՅԼ․- Փետրուարի 12ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանն այցելեց Լոս Անջելեսի Իրաքահայերի միութեան Գլենդէյլում գործող Հայ Ընտանեկան շաբաթօրեայ վարժարան: Նրան հիւրընկալեց Իրաքահայերի միութեան ատենապետ Մարալ Անճարգոլեանը եւ Հայ Ընտանեկան շաբաթօրեայ վարժարանի հիմնադիր, Իրաքահայերի միութեան անդամ Խաչիկ Ճանոյեանը, որը քառասուն տարուց աւելի ղեկավարել է միութիւնը:
Դեսպան Բայբուրդեանին ողջունեցին շաբաթօրեայ վարժարանի տնօրէնուհի Անահիտ Խաչատրեանը եւ ուսուցիչներ՝ Տաթեւ Կարապետեանը, Լուսինէ Բէյբուրդեանը, Թագուհի Բարսեղեանը եւ Նելլի Մեդոյեանը: Նրանք գլխաւոր հիւպատոսին ներկայացրին վարժարանի գործունէութիւնը, ծանօթացրին կրթական ծրագրի մանրամասներին:

Վարժարանի ութսունից աւել աշակերտներ բանաստեղծութիւններ արտասանեցին այցելող գլխաւոր հիւպատոսի համար:
Դեսպան Բայբուրդեանը, շրջելով բոլոր դասարաններով, զրուցեց տնօրինութեան, աշակերտների, ուսուցիչների եւ Իրաքահայերի միութեան անդամների հետ, ծանօթացաւ դպրոցի 40ամեայ գործունէութեանը եւ ապագայ ծրագրերին:
Բարձր գնահատելով հայ դպրոցի եւ ուսուցչի դերը հայապահպանութեան գործում` դեսպան Բայբուրդեանը աշակերտներին ներկայացրեց, թէ որքան կարեւոր են Սփիւռքում հայկական կրթօջախների պահպանութիւնը եւ հայեցի կրթութիւնը: Նա աշակերտներին խրախուսեց խօսել հայերէն, հպարտ լինել իրենց ազգային ինքնութեամբ եւ միշտ իրենց սրտերում կրել Հայրենիքի վեհ գաղափարը:
