ՄԵԾԱՄՕՐ, Հայաստան.- «Թուֆենքեան» հիմնադրամի #ArmeniaForThe Kids նուիրահաւաքը հասել իր աւարտին` գերազանցելով իր 18,000 դոլարի թիրախը: Հանգանակուած գումարը կը նպաստի «Ընտանիք եւ համայնք» հասարակական կազմակերպութեան երեխաներին:
«Շնորհիւ մեր աջակիցների առատաձեռն նուէրների, հաւաքել ենք 21,044 դոլար` «Ընտանիք եւ համայնք»ի հինգ կենտրոնների երեխաների համար», բացատրեց հիմնադրամի հանրային կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանը: Աւելի քան 125 անհատներ իրենց ներդրումն են ունեցել արշաւին:
Վերջին 20 տարիների ընթացքում «Ընտանիք եւ համայնք»ն աշխատում է զարգացնել խոցելի երեխաների եւ նրանց ընտանիքների ներուժը: Նրանք աշխատում են 450 երեխայի եւ նրանց ընտանիքների հետ Արմաւիրի, Տաւուշի եւ Շիրակի մարզերում գտնուող հինգ կենտրոններում: Այս երեխաներից եւ ընտանիքներից կան նաեւ 2020ի Արցախեան պատերազմից տեղահանուածներ եւ տուժածներ:
«Նուիրահաւաքի շնորհիւ, հնարաւորութիւն ենք տալիս երեխաներին այցելելու տեսարժան վայրեր, ցուցահանդէսներ, թանգարաններ եւ մասնակցելու մշակութային միջոցառումներին: Այլապէս այս երեխաները հնարաւորութիւն չէին ունենայ վայելելու այդ ամէնը», յաւելեց Ճանպազեանը:


«Ընտանիք եւ համայնք»ն, որի հիմնադիր կազմակերպութիւններից է «Թուֆենքեան» հիմնադրամը, աշխատում է հայ հասարակութեան ամենախոցելի խաւերի հետ` իրականացնելով ընկերային եւ հոգեբանական աջակցութեան ծրագրեր, ընտանիքների հզօրացման, երիտասարդների եւ երեխաների կարողութիւնների ու միջոցների զարգացման համար:
Գումարի մի մասը հաւաքուել է հիմնադրամի աջակից` հայրենադարձ Լոռի Նաճարեանի միջոցով, ով վեց տարի առաջ Տորոնտոյից տեղափոխուել էր Հայաստան: Նրա ծննդեան օրուայ առիթով կազմակերպած արշաւի շնորհիւ, նա հաւաքել է աւելի քան 2500 դոլար: «Այցելելով Մեծամօրի կենտրոն` անհնար էր չոգեւորուել նրանց անձնակազմի աշխատանքով եւ երեխաների ժպիտներով», ասաց Նաճարեանը:
«Մարդասիրական եւ ազգային արժէքները խթանելով եւ սերմանելով` կազմակերպութիւնն ներգրաւուում է համայնքների կառուցման, ներգրաւման խթանման եւ բարեխիղճ քաղաքացիութեան զարգացման գործում, ինչը մեզ անհրաժեշտ է Հայաստանում եւ, ի հարկէ, ողջ աշխարհում», աւելացրեց Նաճարեանը:
(Թղթակցութիւնը՝ հիմնադրամէն)