
«Մեր յոյսը պէտք է լինի մեզ վրայ միայն, առաջ գնալ եւ մեռնել սուրբ նպատակի համար: Այդ է միայն մեր փառքն ու պսակը: Գերեզմանիս արձանին վրայ թող գրեն, յաղթութեան կոթող է սա»:
Հրայր Դժոխք
Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ
Ստորեւ կու տանք Իլյիչ Բեգլարեանի «Հայդուկներ» հատորէն հատուածներ՝ Հրայր Դժոխքի մասին.
Արմենակ Ղազարեանը՝ Հրայր Դժոխք, մեր այն գործիչներից է, որոնց կեանքն ու գործը արժանի են առանձին հատորով ներկայացնելու: ժողովրդի ծոցից ելած, ժողովրդի մէջ սնուած եւ իմաստաւորած, իր ամբողջ կեանքը ժողովրդին նուիրած, բացառիկ կերպար էր Հրայր, որ իր մէջ խտացրել էր Մամիկոնեանների քաջութիւնը եւ Բագրատունեաց խոհականութիւնը: Մարմնով վտիտ, մտքով ու հոգով մեծ, Հրայրն իր ուրոյն դրոշմը դրեց Տարօնի ազատագրական պայքարի, ընդհանրապէս եւ Դաշնակցութեան յեղափոխական գործունէութեան վրայ: Եթէ ներելի է դրսի եւ ներսի մտայնութիւն եւ հոգեբանութիւն, հասկացութիւնների կիրառումը գործիչների վերաբերեալ, ապա Հրայրը «ներսի»՝ բուն երկրի, իր ժողովրդի դարաւոր իմաստութեան կրողն էր, նրա հարազատ արտայայտիչը:
Արմենակ Ղազարեանը ծնուել է Սասունի Խուլփ գաւառակի Ահարոնք գիւղում, 1866ին: Դեռ մանուկ էր, երբ ծնողները տեղափոխուեցին Մուշի Ղդրղալաճ գիւղը: Հայրը ուսումնասէր քահանայ էր եւ իր որդուն էլ ջանաց լաւ կրթութիւն տալ: Պատանի Արմենակը իր ուսումը եւ մտաւոր-բարոյական դաստիարակութիւնը ստացաւ Ս. Կարապետ վանքի վանական դպրոցի հայրենասիրական մթնոլորտում: Եւ ութսունական թուականների վերջերին աւարտելով դպրոցը՝ նա այնտեղից դուրս եկաւ արդէն ազգային զգացմունքներով տոգորուած հասուն երիտասարդ:
Տարօնի կեանքի յուզումնալից ժամանակաշրջանն էր: Օդը յագեցած էր հայրենասիրական- յեղափոխական տրամադրութիւններով: Արաբոյի, Մարգար Վարժապետի անունները բոլորի շուրթերին էին: Կովկասից Ս. Կարապետ ուխտի էին գալիս խորհրդաւոր մարդիկ, որոնք ըմբոստ մտքեր էին յայտնում: Գիւլիզարի դէպքը` 1889ի, ցնցել էր բովանդակ հայութեանը: Տարօնը եռուզեռի մէջ էր: Եւ երբ Մուշ եկան հնչակեան Մուրադը եւ Մ. Տամատեանը, հողն արդէն պատրաստ էր յեղափոխական գործունէութեան համար: Արմենակը, որը մինչ այդ բռնել էր յեղափոխական պայքարի ճանապարհը, ընկերանում է նրանց հետ եւ օգնում հնչակեանութիւնը Տարօնում հաստատելու գործում: Նա շրջում է գիւղից-գիւղ, քարոզում եւ կազմակերպում է գիւղացիութեանը: Նորանոր ուժեր են զինուորագրւում յեղափոխութեան գործին, ինչպէս Գէորգ Չաւուշը եւ ուրիշներ, նախապատրաստւում է Սասունի ապստամբութիւնը։ Դա 1894ին էր: Հնչակեանների ձեռնարկի տխուր վախճանը յայտնի է: Կուսակցութեան կենտրոնը Լոնդոնից արձագանգ չտուեց Մուրադի դիմումներին: Դաշնակցութիւնից ստացած համեստ օժանդակութեամբ Մուրադն անզօր էր Սասունը պաշտպանել թուրքական ուժերից, եւ արծիւների բոյնը ընկաւ թշնամոււ ձեռքը: Մուրադը ձերբակալուեց: Ապստամբ ուժերը նոյնպէս ձերբակալուեցին կամ ցրիւ եկան: Արմենակը որն այժմ արդէն յայտնի էր Դժոխք, Հրայր անուններով, հիասթափած ու դառնացած անցաւ Կովկաս, այնտեղից` Ռումինիա` իր հետ տանելով հայրենիքի աւերման բօթը եւ անհուն ցասում՝ կուսակցութեան ղեկավարների դէմ:
Դեռ Տարօնում նա տեղեակ էր Դաշնակցութեան մասին եւ Մուրադի պէս իր թղթակցութիւնները ուղարկում էր հաւասարապէս «Հնչակ»ին ու «Դրօշակ»ին: Կովկասում նա աւելի մօտիկից ծանօթացաւ Դաշնակցութեանը, կապեր հաստատեց կուսակցութեան մարմինների եւ գործիչների հետ: Իսկ Ռումինիայում նա իր շուրջը հաւաքագրեց պանդուխտ հայրենասէրների եւ 1895ին յայտնուեց Կովկասում` հայրենիք վերադառնալու որոշումով: Այստեղ նա մտաւ Դաշնակցութեան կուսակցութեան շարքերը եւ ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Արամ Արամեանի հետ մօտ 50 հոգանոց խմբով մտաւ Բասէն, ուր նախօրօք փոխադրուած էր զէնք ու ռազմամթերք: Հրայրի նպատակն էր` կազմակերպել Բասէնի շրջանը` հետզհետէ անցնել դէպ Խնուս ու Տարօն, բոլոր այդ վայրերում ստեղծել յեղափոխական խմբեր:
Բասէնում Հրայրն ու Արամեանը դարձան տարածաշրջանի յեղափոխական գործունէութեան ոգին: Մանաւանդ Հրայրը, որն իր համեստութեամբ, նաեւ հաւատաւոր ու համոզիչ խօսքերով ջերմ համակրանք գտաւ գիւղացիութեան մէջ: Սուլթանհամիդեան օրերին Հրայրի եւ Արամեանի կազմած ինքնապաշտպանական խմբերը շրջանի բնակչութեանը փրկեցին ջարդերից:
Հրայրի` այդ օրերի տրամադրութիւնը ցոյց տալու համար մէջբերենք մի հատուած Կարսի ընկերներին գրած1895 թուականի Նոյեմբերի 28ի նամակից. «Վստահ եղէք,- գրում է նա,- որ գիշեր ու ցերեկ անքուն շրջում եմ։ Եթէ գտնեմ մի փոքր յարմարութիւն, անդադար պիտի գործեմ, մինչեւ վերջին շունչս: Եթէ գիտենամ, որ այս ժողովրդի արիւնն ի զուր պիտի կորչի, եւ այդ Արջը (Ռուսաստանը) պիտի գրաւի, աւելի գերադասելի եմ համարում այնպէս խառնել, որ մի հայ չմնայ կողմերս, քան թողնուեն գերի այդ Արջին»։
Անշուշտ, զայրոյթի վայրկեանին ասուած խօսքեր են. Հրայրն այն մարդկանցից չէր, որ թեթեւ սրտով վարուէր ժողովրդի հետ, որի հանդէպ անսահման սէր, գութ ու պաշտամունք ունէր: Երկրի անտանելի, յուսահատ վիճակն էր, որ այդպիսի պոռթկումների առիթ էր տալիս նրան: Նոյն հեռատեսութիւնը Հրայրն ունէր նաեւ Եւրոպայի հանդէպ: «Դրօշակ»ի խմբագրութեանը ուղղուած 1896 թուականի Մայիսի 6ի նամակում նա գրում էր. «Հայ ժողովուրդ, անգութ է Եւրոպան, աւելի արիւնածարաւ, քան մեր դարաւոր ոսոխը, չհաւատաս նրան երբեք: Նա արեան եւ անմեղ զոհերի մէջ է որոնում իր շահերը»:
Ռուսաստանը` թուրքից աւելի վատ, Եւրոպան` անգութ եւ շահամոլ է. ո՞ւր է ուրեմն, հայի փրկութիւնը: «Մեր յոյսը պէտք է լինի մեր վրայ միայն, առաջ գնալ եւ մեռնել Սուրբ նպատակի համար: Այդ է միայն մեր փառքն ու պսակը», ասում է նա:
Հրայրի հիմնական հաւատամքն է այս, որ կարմիր գծով անցնում է նրա ամբողջ գործունէութեան մէջ` հայը պէտք է փրկուի հայի ձեռքով, սեփական ուժերով՝ երկրում ստեղծելով ուժեղ ժողովրդական կազմակերպութիւն, «օգնել միմեանց, սփոփել իրար, մեր դիակները թող թշնամին գիրկընդխառն տեսնի»:
Հրայրը Բասէնում մնաց մինչեւ 1896 թուականի ամառը: Նա կենդանի յարաբերութիւնների մէջ էր Տարօնի, Կարինի, Կովկասի մարմինների հետ, թղթակցութիւններ էր ուղարկում «Դրօշակ»ին: 1896 թուականին Յունուարին կարճ ժամանակով անցաւ Կարս` զինուորական խորհրդին ժողովին մասնակցելու համար: Նոր էր վերադարձել Բասէն, Յուլիսի 2ին երբ ձերբակալուեց Քէօփրիքէոյ գիւղում ու նետուեց Կարինի բանտը:
Հրայրը Արամեանից աւելի բախտաւոր գտնուեց. մինչ առաջինի մահուան դատավճիռը գործադրուեց, Հրայրը ներման արժանացաւ եւ վերադարձաւ հայրենի գիւղը, ուր գրագրի պաշտօն ստանձնելով` շարունակեց յեղափոխական աշխատանքը: 1898ին նորից ձերբակալուեց։ Այս անգամ կարճ ժամանակով, եւ, տեսնելով որ այլեւս անհնար է ազատ ապրիլ, կառավարական հետապնդումը օր-օրի սաստկանում է, անցաւ ընդյատակ, ամբողջովին նուիրուեց յեղափոխական գործունէութեանը:
1901ին անցաւ Վան եւ Վարդգէսի հետ մշակեց Տարօնի ու Վասպուրականի նահանգներում կուսակցական գործունէութեան ընդհանուր ծրագիր-կանոնագիրը: 1902ին նա զբաղուած էր Սասունում, ուր համախմբուած էին մարտական ուժերը` Անդրանիկի գլխաւորութեամբ: Հրայրն արդէն կենտրոնական դէմք էր` մեծ հեղինակութիւն բոլորի համար, ժողովրդի սիրելին: Միշտ տխուր, թախծոտ ու մտախոհ, մարմնով՝ տկար, սակայն հզօր ուժ ու կամք կար այդ առաքելակերպ անհատականութեան մէջ, անսահման նուիրում իր ժողովրդին ու ազգային դատին: Այդ են հաստատում Հրայրի այդ օրերի թղթակցութիւններն ու նամակները:
Վրայ հասան 1904ի Սասունի դէպքերը: Թուրք կառավարութիւնը որոշել էր քարուքանդ անել արծիւների բոյնը: Սասունը պատսպարւում էր օրհասական դիմադրութեան` Անդրանիկի, Վահեանի, Մուրադի, Հրայրի եւ ուրիշ անձնուէր քաջերի գլխաւորութեամբ: Պայթեց կռիւը, եւ առաջին զոհերից մէկը եղաւ Հրայրը, որն ընկաւ Ապրիլ 12ին թշնամու գնդակից:
Հրայրի մահն անփոխարինելի կորուստ էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը եւ մասնաւորապէս Տարoնի հայութեան համար: