Ընթերցողը յանկարծ չկարծի, թէ սա գրական երկի վերնագիր է: Ո՛չ: Պարզապէս այստեղ, այս գաղութում երեւան է եկել հայի նոր տեսակ, որին ուզում եմ ծանօթացնել մեր ընթերցողներին: Հայի այդ տեսակի ազգաբանական յատկութիւնները ինձ համար շատ մութ են եւ կասկածելի, բայց մարդաբանականի մասին յստակօրէն կարող եմ բնութագրում կատարել: Սովորական խօսակցական հայերէնով դա բնութագրւում է մէկ բառով՝ խուլիգան: Կարելի էր արհամարհել եւ շարունակել մեր սովորական առօրեան, մտածելով, որ խուլիգաններ կան բոլոր ընկերութիւնների մէջ, եւ հայի խուլիգանութեան վրայ կենտրոնանալ եւ այդ մասին յօդուած գրելը մի քիչ չափազանցութիւն է: Համաձայն եմ, եթէ չլինէր մի կարեւոր հանգամանք: Այդ խուլիգանները վտանգաւոր են, որովհետեւ ներկայանում են իբրեւ հալածուածներ, իսկ հալածուածները բոլոր ժամանակների, բոլոր ընկերութիւնների կողմից ընկալւում են իբրեւ առաջամարտիկներ, լաւի կրողներ, որոնք քաղաքական, կրօնական կամ ինչ-ինչ պատճառներով հալածւում են վարչակարգերի, ընկերութիւնների կողմից: Ահա այս պատճառով ուզեցի անպայման գրել այդ «հալածուած» խուլիգանների մասին, որպէսզի մեր հայրենակիցները զգօն լինեն: Նախ այդ խուլիգանները եթերով, տպագիր մամուլով յայտարարում են, որ իրենց ստիպել են լքել հայրենիքը, որովհետեւ իրենք ճշմարտութեան, արդարութեան, ազատ խօսքի վեհ մարտիկներ են: Մատնացոյց են անում Հայաստանում տիրող ապօրինութիւնները՝ պետական կամ այլ մակարդակի վրայ: Որ Հայաստանում ապօրինութիւններ կան եւ այն էլ կազմակերպուած ու պետական հովանաւորչութիւն վայելող, գիտի մեզանից իւրաքանչիւրը: Բայց մեզանից իւրաքանչիւրը չգիտի, որ այդ մասին աւելի շատ այստեղ խօսում են հէնց ապօրինութեան մէջ բռնուած, քրէական այս կամ այն համապատասխան յօդուածը շալակած ու Հայաստանից «պուկ տուած» յանցագործները: Դրանցից մէկի քաջագործութեանը ականատես եղանք Ուրբաթ, Սեպտեմբերի 22ին, Կլէնտէյլի հանրային գրադարանում, երբ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան հովանաւորութեամբ Օշական ընտանեկան հիմնարկը նշում էր սփիւռքահայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, քրաքննադատ Վահէ Օշականի յետմահու լոյս տեսած «Ճամբորդը» գրքի հրատարակութիւնը եւ այդ առիթով (նաեւ յաջորդ օրը տեղի ունենալիք գրական համագումարի առիթով) Լոս Անճելըս էր հրաւիրել Ֆրանսիայից, Սիրիայից, Քանատայից, Արեւելեան ԱՄՆից բազմաթիւ մտաւորականների: Քար լռութեան մէջ ունկնդրուող «Համազգային»ի ներկայացուցչի խօսքը այն մասին, որ այդ կազմակերպութեան հիմնական նպատակը հայ մշակոյթը, ի մասնաւորի հայ գիրքը քաջալերել եւ տարածելն է, ընդմիջուեց քաջնազարական մի պոռթկումով՝ «սուտ ես ասում»: Զարմանալի էր: Որ փողոցային մի անբան որոշել է գալ եւ գրական ձեռնարկը խանգարել, շատ էլ տրամաբանական չէր, եւ ոչ էլ պահն էր վերլուծումներ անելու: Զեկուցողը կարճ ու կտրուկ «շնորհակալութիւն» նետեց եւ շարունակեց իր խօսքը: Բայց քիչ յետոյ պարզուեց, որ անբանի գործ չէր դա, եւ մեր «հերոսը» յայտնուեց բեմի վրայ, ահեղաձայն գոռալով, որ ինքը հինգ գրքերի հեղինակ է, Հայաստանում իր վրայ յօդուած են դրել, ինչո՞ւ ինքը պէտք է ապրի Ստոկհոլմի խցերում, եւ այլն, եւ այլն: Այս «սրտակեղեք» գոռում-գոչիւնին յաջորդեց բարձրախօսի խլելը եւ գետնեգետին տալը, ապա ամպիոնը մի քանի մասերի բաժանուեց «գրող եւ մտաւորական» հայի ոտքերի տակ եւ նա ցլամարտիկի պէս խոյացաւ քաղաքավարօրէն իրեն բեմից ցած հրաւիրող անձի վրայ: Այսպես ուրեմն: Մի պահ կուլ տանք եղածը եւ գանք տպաւորութիւններին: Ոմանք մինչեւ հոգու խորքը յուզուած էին, եւ ինչպէս յաջորդ օրը նոյն վայրում պատմում էին՝ հոգով այդ «հերոսի» հետ են, որովհետեւ Հայաստանի կաշառակեր եւ ապօրէն իշխանութիւնները տաղանդաւոր մտաւորականին հալածել եւ վտարել են երկրից (փակագծում ասեմ, որ մեր հերոսի այլայլուած եւ սփրտնած դէմքը եւ տարօրինակ աչքերը այդ վիճակին հասնելու այլ պատճառ էին յուշում…): Երեկոյի աւարտից յետոյ յուզուած զրուցող արեւմտահայ տիկինները արդարօրէն գանգատւում էին՝ մենք ատոնց (իմա՛ հայաստանցիների) հետ չենք կրնար ապրիլ, կամ՝ յիսուն տարուան մէջ մեր շինած բարի անունը մէկ փարանոց եղաւ: Վրդովւո՞ւմ էք: Իրաւունք ունէ՛ք: Ես էլ շատ վրդովուեցի, որովհետեւ հայաստանցի եմ: Ամերիկեան հրաշք բարիքները չեմ վայելում, շաբաթը եօթ օր աշխատում եմ, որ տարրական գոյութեան պայմաններ ապահովեմ: Հալածուած չեմ Հայաստանից եւ ի՛մ ընտրութեամբ եմ այս երկրում ապրում: Տառապում եմ, որովհետեւ հայրենիքիցս՝ այսինքն ծննդավայրիցս եւ հարազատներիցս հեռու եմ ապրում, բացակայ եմ նրանց թէ՛ ուրախութեան եւ թէ՛ տխրութեան պահերին: Տեղին չէ անձնական զեղումներ անելը: Գանք բուն հարցին. ովքե՞ր են այս մարդիկ: Վերեւում դրանց բնորոշեցի իբրեւ խուլիգանների: Ետ եմ վերցնում այս բնորոշումը: Դրանք ազգութիւն չունեցող թափթփուկներ են, այստեղ կամ Հայաստանում մարդկանց դրամը շորթած, իրենց բառերով «սրան նրան գցած» մարդիկ, որոնք այս խառնարանում մակաբոյծներին տաքացնող պարարտ միջավայր են գտել, նոյնիսկ կարող են եթեր «առնել» ու այնտեղից ցեխ շպրտել մեր բոլոր սրբութիւնների վրայ, լպիրշ բառերով համեմել իրենց խօսքը, ու յետոյ էլ ստանալ հայկական մի տան մէջ հայրենիքի կարօտով տառապող, բայց ապօրէն իշխանաւորների դէմ զայրացած մի հայ պապիկի «ցաւդ տանեմ, տղայ ջան, ես քո թիկունքին եմ կանգնած» ջերմ բառերը, հերոսանալ, հալածուած առաքեալի պատմուճանով ծածկել իրենց բորոտ մարմինը ու վարկաբեկել այն ամէնը, ինչ հայկական է: Ո՞վ է յանցաւորը: Մե՛նք: Այս բոլորը չտեսնելու տալու եւ «ինձ ինչ» թուացեալ անվնաս կեցուածքը որդեգրած հայերս: Այո՛, ճիշդ են ասել՝ մի գռոտ այծը ամբողջ հօտի անունն է վարկաբեկում: Հարցն այն է, որ գռոտ այծերը շատացել են մեր մէջ, եւ մենք անտարբեր դիտողի դերում ենք: Այսքանը: Մնացածը թողնում եմ ընթերցողներին: Իսկ այդ հերոսի եւ իր նմանակների կենսագրութեան մանրամասներին չուզեցի ծանօթացնել ընթերցողներին, որովհետեւ խնայում եմ նրանց նեարդերը եւ յարգում մամուլի վարկը: Եւ ի վերջոյ տակաւին մի շատ կարեւոր հարց եւս մնում է անպատասխան՝ ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում այս մարդիկ եւ արդեօք ի՞նչ փոխհատուցումով…
Ձեռնարկին Ներկայ
Մի Հայաստանցի