Պահպանէք ձեր մարմնի զանգուածը առողջ սահմաններում եւ խուսափէք չափահաս տարիքում յաւելեալ զանգուած կուտակելուց:
Մարմնի ճարպերը ոչ միայն գեղեցիկ չեն, այլ գործում են որպէս «հորմոնային խթան»` ուժեղացնելով ինսուլինի, էստրոգենի եւ այլ հորմոնների արտադրութիւնը եւ մուտքը դէպի արեան հոսք, ինչը կարող է խթանել քաղցկեղային աճը:
Ֆիզիկական աշխուժութիւնը դարձրէք ձեր ամենօրեայ կեանքի մի մասը. քայլէք շատ եւ նստէք քիչ: Առողջական առաւելագոյն արդիւնք ստանալու համար գիտնականները խորհուրդ են տալիս շաբաթուայ ընթացքում 150 րոպէ լինել չափաւոր կամ 75 րոպէ` աւելի մեծ ծանրաբեռնուածութեամբ ֆիզիկական աշխուժ վիճակում: Եթէ երկարատեւ նստած աշխատանք էք կատարում, ապա արժի ժամը մէկ վեր կենալ եւ մի քանի րոպէ զբօսնել:
Հացահատիկները, բանջարեղէնները, մրգերը եւ ոլոռազգիները (լոբազգիները), օրինակ` լոբին եւ ոսպը, դարձրէք ձեր առօրեայ սննդակարգի հիմնական մասը: Բուսական ծագման սննդամթերքները պարունակում են օգտակար բջջանք եւ այլ սննդանիւթեր, որոնք կարող են նուազեցնել քաղցկեղի վտանգը:
Կան հետազօտութիւններ այն մասին, «կարմիր» միսը (տաւարի, խոզի եւ ոչխարի բնական` չմշակուած միս) կարող է հանդիսանալ աղիքային քաղցկեղի պատճառ: Վերամշակուած մսամթերքներին (մշակուած մսեղէն`խոզապուխտ, բեկոն, երշիկներ, հոթ-դոգեր, նրբերշիկներ եւ այլն) վերաբերող տուեալները վկայում են, որ քաղցկեղի հնարաւորութիւնը սկսում է բարձրանալ նմանատիպ սննդատեսակների նոյնիսկ շատ քիչ քանակների կանոնաւոր օգտագործումից:
Մայրերին խորհուրդ է տրւում հնարաւորութեան դէպքում կրծքով կերակրել երեխային: Այն օգտակար է մօր եւ նորածնի առողջութեան համար: Կրծքով կերակրումը նուազեցնում է մօր օրգանիզմում քաղցկեղի հետ կապուած որոշ հորմոնների մակարդակը: Նաեւ մայրական կաթի արտադրման ընթացքում կրծքագեղձերը «մաքրւում են» ձեւափոխուած ԴՆԹ (DNA) պարունակող բջիջներից:
Յիշենք նաեւ, որ չծխելը, արեւի աւելցուկային ճառագայթների ազդեցութիւնից հեռու մնալը, վերամշակուած սննդից եւ ալկոհոլից (ոգելից ըմպելի) խուսափելը, մեր խորհուրդների հետ մէկտեղ, կարող են զգալիօրէն կրճատել քաղցկեղի հնարաւորութիւնները եւ օգնել ձեզ առողջ մնալ: