
Հայաստանի գիտութեան եւ արհեստագիտութիւնների հիմնադրամը (FAST) Մարտի 31ին, Լոս Անջելեսի The Landmark հանդիսութիւնների սրահում յաջողութեամբ կեանքի է կոչել իր անդրանիկ դրամահաւաքը` Advance Armenia Gala-ն, հարիւրաւոր հիւրերի` ականաւոր գիտնականների, նորարարների, ձեռներէցների, ներդրողների, ինչպէս նաեւ առաջատար մտաւորականների մասնակցութեամբ: Հիմնադրամը գերազանցել է դրամահաւաքի իր նշաձողը` հաւաքելով 1 միլիոն 400 հազար դոլար, որը կ՛ուղղուի ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնմանը, որն անփոխարինելի հարթակ է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների եւ հայաստանեան հետազօտողների միջեւ կապերի հաստատման առումով:
Համատեղ ջանքերի արդիւնքում հաւաքագրուած միջոցների շնորհիւ` գիտնականների նոր խմբեր կը ձեւաւորուեն, որոնք կ՛աշխատեն միջազգային մրցունակ հետազօտական նախագծերի վրայ առաջիկայ տարուայ ընթացքում:
Երեկոյի գլխաւոր բանախօս Նուպար Աֆէյեանը միջոցառման ժամանակ ընդգծել է Սփիւռքի կողմից Հայաստանի հրատապ կարիքների հասցէագրման գործում ուղղակի եւ շարունակական ներգրաւուածութեան անհրաժեշտութիւնը: Աֆէյեանն ամերիկեան Moderna դեղագործական ընկերութեան համահիմնադիրն է, ընկերութիւն, որը փոխեց բժշկութեան աշխարհը` ստեղծելով COVID-19ի դէմ պատուաստանիւթ: Նա 2017ին այլ նշանաւոր հայերի հետ հիմնադրել է FAST-ն ու աշխատել միջազգային փորձագէտների հետ` մեծացնելու հիմնադրամի ներկայութիւնը գիտական հանրոյթում: Իր ելոյթում Աֆէյեանը վստահեցրել է, որ Հայաստանի առաջընթացի մէջ ամենաուշագրաւ ներդրումը գիտութեան եւ արհեստագիտութիւնների զարգացմամբ է հնարաւոր, ինչպէս նաեւ կրթութեան մէջ ներդրումների աւելացմամբ: «Ինչպէս քարիւղը առաջ է մղել շատ երկրներ նախորդ հարիւրամեակի ընթացքում, այնպէս էլ Հայաստանի նման երկրի համար առաջընթացի լաւագոյն ուղիներից մէկը կրթութեան միջոցով մարդկային մտքի զարգացումն ու դրա կիրառութիւնն է` նորարարական լուծումներ ստեղծելու նպատակով: Գիտութիւնն ու արհեստագիտութիւնը կարող են ստեղծել նոր աղբիւրներ այս անգամ առանց շրջակայ միջավայրի վրայ ունեցած ազդեցութեան», ասել է Աֆէյեանը:

FAST-ի հիմնադիր տնօրէն Արմէն Օրուջեանն իր երախտագիտութիւնն է յայտնել Advance Armenia Gala ընթրիք-դրամահաւաքի բոլոր մասնակիցներին` նրանց առատաձեռն նուիրատուութեան եւ FAST-ի նպատակներին աջակցելու համար: Նա նշել է, որ Հայաստանի համար բեկումնային այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է միասնական ջանքերի համատեղում: «Մեր առաջին դրամահաւաքն իրականութիւն է, որի նպատակն էր հաւաքագրել անհրաժեշտ միջոցներ ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնման համար, ինչպէս նաեւ համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են նպաստել Հայաստանում գիտութեան ու արհեստագիտութիւնների համակարգի ուժեղացմանը: Այս միջոցառումն ապացուցում է, որ Սփիւռքը ցանկանում է մասնակցութիւն ունենալ նորարար Հայաստանի կերտմանը` հեռանկարային ու առաջադէմ կրթական ու հետազօտական ծրագրերն աջակցելու միջոցով: Մենք անչափ ուրախ էինք տեսնելու հայութեան համախմբումն ու զգալու այդ ուժը, որը, հաւատացած եմ, մեծ կարողութիւն է Հայաստանի ապագան վերափոխելու եւ երկարաժամկէտ ազդեցութիւն թողնելու տեսանկիւնից», յաւելել է Օրուջեանը:
FAST-ն իր գործունէութեամբ նպաստում է Հայաստանի գիտական եւ արհեստագիտութեան առաջընթացին` ձգտելով երկիրը վերածել նորարարական կենտրոնի` փոխելով աշխարհի ընկալումը Հայաստանի վերաբերեալ: Իր գործունէութեան շուրջ հինգ տարիների ընթացքում հիմնադրամն աջակցման տարբեր ծրագրեր է իրականացրել հետազօտողների, նորակազմ ընկերութեանց համար` սահմանելով կրթաթոշակներ, իրականացնելով դրամաշնորհային ծրագրեր, տալով միջազգային լայն կապեր ու հնարաւորութիւններ: FAST-ը երկարաժամկէտ աջակցութիւն է նախատեսում եւ նպատակ ունի կարեւոր դեր խաղալ Հայաստանի` մինչեւ 2041 թուականը համաշխարհային առաջատար նորարարական երկիր դառնալու գործում:
(Թղթակցութիւնը՝ FAST-էն)

“FAST” in Free Armenia could be explosive developer of new projects
very valuable for country progress, provided CLOSELY guided TO NOT
FALL into the control of USUAL SUSPECTS of country SELLERS..
Wishing all the best for progress , Prestige and Profit Generator.