2022 թուականի Ապրիլի 8ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացաւ Սուրբ Մովսէս Խորէնացի նախակրթարանի` գարնանը նուիրուած գեղեցիկ միջոցառում: Սաները ներկայացրին գարունն իր ողջ գեղեցկութեամբ ու հմայքով: Երփներանգ ծաղիկներով զարդարուած դահլիճում այնպիսի տպաւորութիւն էր ստեղծուել, ասես գարունն իր ողջ գեղեցկութիւնը փորձել էր հանդիսատեսին փոխանցել մանուկների անկեղծ ժպիտի եւ դահլիճի գունագեղ զարդարանքի, գարնանային ծաղիկների գեղեցիկ հանդերձանքով հանդէս եկող երեխաների միջոցով: Գարունը տօն է ոչ միայն ծաղիկներով ու ջերմացնող արեւով, այլեւ սիրասուն մայրերի տօնը, որը նշւում է յատկապէս գարնան հրաշալի օրերին:
Միջոցառման բովանդակութեան յենքում այն բարի ու անկեղծ ցանկութիւնն էր, որ գարունները յաւերժ խաղաղ լինեն եւ մանուկները միշտ ժպտան:
Միջոցառումը, որին իր ներկայութիւնն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վրդ. Դաւթեանը, մեկնարկեց երեխաների շուրթերով ասուած Տէրունական աղօթքով եւ հայր սուրբի օրհնութեամբ:
Ողջունելով ներկաներին, կենտրոնի ղեկավար Եւգենեա Մարկոսեանը շնորհաւորեց անցած մայրութեան եւ գեղեցկութեան տօնի կապակցութեամբ, մաղթեց գարնանային տրամադրութիւն եւ զարթօնքի բերկրանք: Ղեկավար Մարկոսեանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր ծնողներին նախակրթարանի աշխատանքներին սատարելու համար:

Փոքրահասակները, որ գոյնզգոյն հագուստով իսկական ծաղիկներ էին դարձել, իրենց արտասանութեամբ, երգով, պարով եւ գեղեցիկ շարժումներով գարնանային շունչ եւ տրամադրութիւն բերեցին ներկաներին: Կարեւորուեց փոքրիկների ուրախ ելոյթներում ներառուած դաստիարակչական նրբերանգը. միասին լինելու, հոգատարութեամբ գործելու անհրաժեշտութիւնը, որն արտայայտուեց փոքրիկների կողմից ծաղիկների եւ արեւի տեսքով:
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահն իր օրհնութեան խօսքում գնահատանքի խօսքեր ուղղեց նախակրթարանի մանկավարժներ Սիւզաննա Բրուտեանին, Աիդա Բազոյեանին, Երինազ Բաղդասարեանին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար անձնակազմին եւ աշխատակիցներին, ում նուիրական ու ժրաջան աշխատանքի շնորհիւ նախակրթարանում եւ ընդհանուր առմամբ կենտրոնում իրականացւում է հայ երեխային հայկական շնչով մեծացնելու, հայ մշակոյթով դաստիարակելու ազգանուէր աշխատանքը: Հայր սուրբը բարձր գնահատեց նախակրթարանում կազմակերպուող հանդէսներում նկատուող ճաշակն ու ստեղծագործական մօտեցումները:
Վերջում Սուրբ Մովսէս Խորէնացի նախակրթարանի սաները ստացան իրենց դիմանկարով հայերէն օրացոյցներ:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ