Յայտնի է, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու հարցը որպէս Եւրոմիութիւն Թուրքիայի մուտք գործելու նախապայման դիտարկելու՝ Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի Սեպտեմբերի 4ի պահանջը սուիններով է ընդունուել Անգարայում։ Վարչապետ Ռ. Էրտողանը «դատարկ երազանք» անուանեց այս հարցում իր երկրի դիրքորոշումները փոփոխուած տեսնելու՝ միջազգային հանրութեան սպասելիքները։ Բայց ահա անցաւ ընդամէնը մի քանի օր եւ տնտեսութեան նախարար, Եւրոմիութեան հետ բանակցութիւններում յատուկ ներկայացուցիչ Ալի Պապաչանը հոլանտական թերթերից մէկին տեղեկացրեց, թէ իբր չի բացառւում Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, եթէ գիտական քննարկումների արդիւնքում նման եզրակացութիւն անի պատմաբաններից բաղկացած հայ-թուրքական յանձնախումբը։
Յիշեցնենք, որ տարիներ շարունակ Թուրքիան յամառ, բայց անյաջող փորձեր է ձեռնարկում Հայոց Ցեղասպանութեան հարցը պատմաբաններին ու նրանց միջոցով պատմութեանը յանձնելու համար։ Այդ նպատակով բազմաթիւ հրաւէրներ են ուղարկուել Հայաստանի պատմաբաններին եւ անգամ փորձ է արուել այս խնդիրը տեղից շարժել՝ նախագահ Ռ. Քոչարեանին ուղարկուած նամակի միջոցով։ Սակայն դա որեւէ արդիւնք չի տուել, քանի որ կասկած չի յարուցում, թէ ի՞նչ է նշանակում քաղաքական յստակ հարցը յանձնել տրամագծօրէն հակառակ տեսակէտներն ունեցող պատմաբանների երկու խմբերի քննարկմանը։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը «գիտական հարթութիւն» տեղափոխելու Թուրքիայի շարունակական փորձերի հերթական դրսեւորումը եւս պէտք է, որ իր անմիջական, բայց նրբօրէն քօղարկուած շարժառիթն ունենայ։ Ինչպէ՞ս կարող էր նոյն կառավարութեանը մաս կազմող տնտեսութեան նախարար Ալի Պապաչանը խոստանալ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը՝ տուեալ փաստը երկու երկրների պատմաբանների կողմից հաստատուելուց յետոյ, երբ նրա խոստումից ընդամէնը մի քանի օր առաջ վարչապետ Ռ. Էրտողանը յայտարարել է. «Թող ոչ ոք յոյս չունենայ, որ մեր դիրքորոշումը կը փոխուի»։ Աւելին՝ ինչպէս յայտնի է, Թուրքիայի քրէական օրէնսգիրքը պատիժ է սահմանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին հրապարակաւ յայտարարութիւն անողների համար, իսկ Ալի Պապաչանի հանդէպ դեռեւս որեւէ մէկը մեղադրանք չի յարուցել եւ, համոզուած ենք, չի էլ յարուցելու։ Ուրեմն, ինչո՞ւ նորից Թուրքիայում յիշեցին պատմաբանների յանձնախումբ ստեղծելու բազմիցս մերժուած առաջարկութիւնը։ Թւում է, թէ այն պատճառով, որ Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախումբը Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը համարել է Եւրամիութիւն Թուրքիային ընդունելու նախապայման։ Չպէտք է մոռանալ, սակայն, որ մինչ այս նախապայմանի կատարումը Թուրքիան աւելի անմիջական ու հրատապ խոչընդոտներ ունի հարթելու։ Պատահական չէ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիքոլա Սարքոզիի վերջին յայտարարութիւնը, համաձայն որի անհրաժեշտ է յառաջիկայ աշնանը սառեցնել Եւրոմիութիւն-Թուրքիա բանակցութիւնները, եթէ մինչ այդ չդադարեցուի Կիպրոսի հանդէպ թուրքական ամպարկոն։ Կարծում ենք, Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու խնդիրն ամենեւին էլ այն «առաջին փորձաքարը» չէ, որը չյաղթահարելու դէպքում կը սառեցուեն Եւրոմիութիւն-Թուրքիա բանակցութիւնները։ Բայց եթէ հերթական անգամ թուրքական կողմը փորձում է ապակողմնորոշել Եւրոպայի հանրային կարծիքը՝ հայ եւ թուրք պատմաբանների կողմից ստեղծուելիք յանձնաժողովի եզրակացութիւնը ճանաչելու մասին ոչնչով չպարտաւորեցնող խոստումով, ապա նա արդէն այս պահին ինչ-որ բանից անհանգստացած է։
Յիշեցնենք, որ համատեղ յանձնախումբ ստեղծելու մասին թուրքական կողմի առաջարկները ամէն անգամ միջազգային ասպարէզ են նետուել այն պահերին, երբ որեւէ երկրի խորհրդարանում քննարկման է դրուել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը։ Նման հնարքի «տրամաբանութիւնը» պարզունակութեան աստիճանի յստակ է. ինչո՞ւ էք ցանկանում ճանաչել մի հարց, որի շուրջ գիտնականները դեռեւս շարունակում են վիճել։ Յատկանշական է, որ այս պահին նոյնպէս Ալի Պապախանի՝ հոլանտական թերթի միջոցով հնչեցրած առաջարկը ժամանակային առումով համընկնում է Սպանիայի խորհրդարանում քաթալոնացի երկու պատգամաւորների կողմից բարձրացուած՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի հետ։ Թուրքական դիւանագիտութիւնը կրկին գործի է անցել եւ ինչպէս ժամանակին՝ Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային, Լեհաստանին եւ բազմաթիւ այլ երկրների էր սպառնում տնտեսական պատժամիջոցներով, այսօր նոյնը փորձում է ձեռնարկել Սպանիայի հանդէպ։ Շանթաժի հետ միասին Թուրքիային այժմ հարկաւոր է կրկին գործի դնել նաեւ աւանդական դարձած սուտ խոստումները եւ նորից ասպարէզ բերել պատմաբաններից համատեղ յանձնախումբ ստեղծելու առաջարկը։ Մի գուցէ սպանացինե՞րը սպասեն «գիտնականների կարծիքին» եւ յետաձգեն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը…
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Սեպտեմբեր 14, 2006