Ապրիլի 9ին, Արեւմտեան թեմի առաջնորդանիստ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ վարժարանում հերթական անակնկալն էր կազմակերպուել:
Դպրոց էր այցելել հայրենիքից հիւրաբար մեր գաղութում գտնուող, ռազմահայրենասիրական երգերի անզուգական կատարող, ազատամարտիկ Մկրտիչ (Մակիչ) Մկրտչեանը:
Կրթօջախն իր ազգապահպանութեան ուխտին հաւատարիմ՝ դպրոցական օրը վերածեց իւրօրինակ դասի, որի ընթացքում աշակերտները մտովի տեղափոխուեցին հայրենիք:
Մկրտիչ Մկրտչեանն աշակերտներին պատմեց Արցախեան հերոսամարտի փառապանծ դրուագների մասին: Դպրոցականներին յատկապէս հիացրեց Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի մասին վկայութիւնները` համեմուած գեղեցիկ երգերով:
Վերջում Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսչութեան եւ գիտակրթական յանձնախմբի անունից հիւրին շնորհակալագիր յանձնեց դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը:
Ուսուցիչների հետ հանդիպմանը, որին ներկայ էր նաեւ յայտնի մանկավարժ, դոկտ․ Էլլի Անդրէասեանը, օրուայ հիւրը ներկայացրեց իր տիկնոջ` Արուսեակ Սիմոնեանի «Ամպի Չափ» վերտառութեամբ մանկական բանաստեղծութիւնների ժողովածուն: Այն աչքի էր ընկնում նրանով, որ իւրաքանչիւր ստեղծագործութիւն, նոյն էջի վրայ ունէր իր արեւմտահայերէն եւ արեւելահայերէն տարբերակը:
Նմանօրինակ գործերը գալիս են լրացնելու այն բացը, որ այսօր գոյութիւն ունի Սփիւռքում, այն է մեր մայրենի լեզուի երկու ճիւղերի համադրութեամբ` պահպանել ու տարածել ոսկեղինիկ հայոց լեզուն: Գրքի առանձնայատկութիւններից մէկն էլ իր հետաքրքրական պատկերազարդումներն էին:
Օրն աւարտուեց առաջնորդ Յովնան արք․ Տէրտէրեանի հետ հանդիպմամբ եւ սրբազան հօր օրհնութեամբ:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ