Անցած շաբաթ վերջնականապէս պարզուեց, որ Ռուսաստանը գնել է, աւելի ճիշդ՝ մինչեւ Յունուարի մէկը կը գնի (գործընթացի մէջ է) Հայաստանի համար ռազամավարական նշանակութիւն ունեցող ուժանիւթի վերջին աղբիւրը եւս՝ կառուցման ընթացքի մէջ գտնուող Իրան-Հայաստան կազատարի 40 քիլոմեթրանոց հայկական հատուածը: Դեռ գարնանը, երբ ռուսական կողմին փոխանցուեց Հրազդանի ջերմաելեքտրակայանի հինգերորդ պլոքը, յամառ լուրեր տարածուեցին, որ Ռուսատանը, աւելի որոշակի՝ «Հայռուսկազարդ» ընկերութիւնը (բաժնետոմսերի 45 տոկոսը պատկանում է հայկական կողմին, 55ը՝ ռուսական կողմին) գնել է նաեւ Իրան-Հայաստան խողովակաշարի հայկական հատուածը:
Ապրիլի 6ին համաշխարհային հսկաներից «Կազփրոմ» ընկերութեան կայքէջում տեղադրուեց եւ մէկ օր անց հանուեց տեղեկութիւն, համաձայն որի, «Կազփրոմը» եւ Հայաստանի կառավարութիւնը ստորագրել են 25 տարով համաձայնագիր՝ Իրան-Հայաստան կազատարի հայկական հատուածը գնելու մասին: Քանի որ Հայաստանում Հրազդանի ջերմաելեքտրակայանի հինգերորդ պլոքի վաճառքը որոշակիօրէն ընդվզում առաջացրեց, մեր երկրի պաշտօնեաները մէկը միւսի հետեւից սկսեցին յայտարարել, թէ կազատարը չի վաճառուել: Այսօր արդէն պարզւում է, որ ե՛ւ վարչապետ Անդրանիկ Մարգարեանը, ե՛ւ պաշտպանութեան ու ուժանիւթի նախարարներ Սերժ Սարգսեանն ու Արմէն Մովսիսեանը պարզապէս մոլորեցրել են հայ հասարակութեանը:
Միակ պաշտօնեան արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանն էր, ով չխուսափեց ճշմարտութիւնն ասելուց: Ապրիլի 20ի մամուլի ասուլիսում իմ հարցին ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշել էր. «Ես դրա պատասխանը, անկեղծ ասած, չունեմ, գիտեմ, որ դրա շուրջ քննարկումներ, բանակցութիւններ են գնում: Այդ կազամուղը նոյնիսկ դեռ չկայ, այստեղ խօսքը չեղածը վաճառելու մասին է: Բայց խօսքն այսօր պէտք է գնայ, թէ ո՛վ կը կառուցի, դրա փողն ո՛վ կը տայ: Կարծում եմ՝ այսօր բանակցութիւնները դրա շուրջ են: Բնականաբար հարց կը տաք՝ եթէ փողը տուեցին եւ կառուցեցին, երեւի թէ նաեւ տէրը կը լինեն: Միգուցէ, բանակցութիւններն ինքս չեմ վարում, մանրամասներին էլ այս պահին չեմ տիրապետում, որովհետեւ բաւական յեղյեղուկ վիճակում է, բայց եթէ որոշակի հարց էք տալիս՝ բացառու՞մ եմ, թէ՞ ոչ «Կազփրոմին» Իրան-Հայաստան կազատարը վաճառելը, ի հարկէ ոչինչ չի կարելի բացառել»:
Անցած շաբաթ Երեւանում անց էր կացւում Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի խորհրդարանի համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի 11րդ նիստը: Երեւանեան օրաթերթերից «Հայկական ժամանակ»ը ռուսական պատուիրակութեան անդամների փաստաթղթերի մէջ յայտնաբերել էր եւ տպագրել մէկը, որում պարզ գրուած է. «2006 թուականի Մարտի 31ին «Կազփրոմը» եւ Հայաստանի կառավարութիւնը ստորագրել են 25 տարուայ ժամկէտով համաձայնագիր, որը որոշակիացնում է Հայաստանի տարածքում կազաուժանիւթային ծրագրերում համագործակցութիւնը: Համաձայնագիրն արձանագրում է Հայաստանի համար ռուսական բնական կազի գինը՝ 110 տոլար հազար խորանարդ մեթրի դիմաց 2006 թուական Ապրիլի 1ից մինչեւ 2009 թուականի Յունուարի 1ը: Այս փաստաթղթով նախատեսուած է նաեւ , որ «Հայռուսկազարդ»ը Հայաստանի կառավարութիւնից կը գնի Իրան-Հայաստան կառուցուող կազատարի 40 քմ. հատուածը եւ Հրազդանի ջերմաելեքտրակայանի կիսակառոյց հինգերորդ պլոքը: Նշուած կառոյցների նկատմամբ սեփականութեան փոխանցումը պէտք է իրականացուի մինչեւ 2007 թուականի Յունուարի 1ը»:
Հայաստանում քաղաքական եւ տնտեսական որոշ շրջանակներ պնդում են, որ մեր երկրի ուժանիւթային անվտանգութեանը լրջագոյն վտանգ է սպառնում: Պատճառն այն չէ, որ հէնց Ռուսաստանն է Հայաստանի ուժանիւթային կառոյցների գնորդը, այլ այն, որ ուժանիւթային համակարգի մօտ 90 տոկոսը պատկանում է մէկ երկրի, տուեալ դէպքում՝ Ռուսաստանին, որն ընդգրկում է ե՛ւ ուժանիւթի ստեղծման, ե՛ւ բաշխման, մատակարարման համակարգերը: Այսինքն Հայաստանը կախուած է մէկ կենտրոնից, եւ այլընտրանքային ուժանիւթի աղբիւրների մասին խօսելն այլեւս անիմաստ է դառնում: Ըստ էութեան, որոշակիօրէն արժեզրկւում է նաեւ Իրան-Հայաստան կազատարի գաղափարը, որովհետեւ այդ կազատարը, ելնելով իր ռազմավարական նշանակութիւնից, պէտք է ապահովէր ոչ միայն Հայաստանի ուժանիւթային անկախութիւնը, անվտանգութիւնը եւ այլընտրանքային աղբիւր լինելու հանգամանքը, այլեւ կատարէր տարանցման դեր, որից մենք զրկւում ենք:
Այս պահին Հայաստանի իրօք բարեկամ եւ լաւ հարեւան Իրանը լարուած յարաբերութիւններ ունի Արեւմուտքի, մասնաւորապէս Միացեալ նահանգների հետ՝ կապուած հիւլէական խնդիրների հետ, հետեւաբար Իրան-Հայաստան կազատարին լուրջ ուշադրութիւն դարձնելու ժամանակ չունի: Իրանը չի կարող բացասաբար արձագանգել կազատարի մէկ հատուածը Ռուսաստանին փոխանցելու իրողութեանը, նաեւ պարտադրուած է ինչ-որ կերպ համակերպուել, քանի որ հիւլէական հարցերով մեծապէս կախման մէջ է Ռուսաստանից եւ զգում է վերջինիս աջակցութիւնը ՄԱԿում քուէարկութիւնների ժամանակ:
Հարկ է յիշեցնել, որ այս տարուան Փետրուարի 14ին անակնկալ այցով Երեւան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մանուշեհր Մոթթաքին: Օսկանեանի եւ Մոթթաքիի համատեղ մամլոյ ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կոշտ ոճով յայտարարել էր, որ՝ «ոչ ոք իրաւունք չունի միջամտելու Իրան-Հայաստան կազատարի կառուցմանը»:
Այդ ժամանակ մենք Օսկանեանին յիշեցրինք հայկական եւ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումները, համաձայն որոնց, Մոսկուան ճնշումներ է բանեցրել Երեւանի եւ Թեհրանի վրայ Իրան-Հայաստան կազատարի տրամագիծը 1200 մմ.ից 711ի իջեցնելու հարցում, որպէսզի խողովակաշարը չդառնայ տարանցիկ եւ չհարուածի Ռուսաստանի կազային, տնտեսական շահերին: Արտաքին գործերի նախարարն ընդգծել էր, որ կազատարի շինարարութիւնն իրականացւում է հայ-իրանական երկկողմ համաձայնագրի հիման վրայ, եւ «երրորդ երկրները չեն կարող ազդել կամ ճնշում գործադրել մեզ վրայ»: Մոթթաքին իր հերթին նշել էր, որ լիովին կիսում է իր հայ պաշտօնակցի կարծիքը եւ յաւելել, որ Իրան-Հայաստան կազատարն «ուղղուած չէ որեւէ մէկի դէմ»:
Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաներից միայն Վարդան Օսկանեանն է խոստովանում, որ Երեւանը ուժանիւթի քաղաքականութեան հարցերում խուսանաւելու լուրջ հնարաւորութիւններ չունի: Արտաքին գործերի նախարարը Ապրիլի 20ին, մամուլի ասուլիսում խորհուրդ էր տուել հայկական ուժանիւթային կառոյցների վաճառքի հարցերը դիտարկել «ցանկալիի եւ հնարաւորի խառնուրդի մէջ»:
«Ի հարկէ, ցանկալի է, որ ուժանիւթային կառոյցների մի մասը հայերի ձեռքը լինէր, հայ գործարարներ դրանք գնած լինէին, միւս մասը՝ մի գուցէ եւրոպական երկիր: Բայց երեւի թէ դրա հնարաւորութիւնը չի եղել կամ հետաքրքրութիւն չի եղել, եւ այնպէս է ստացուել, որ մի քիչ աւելի ռուսական թեքման է գնում», ասել էր Օսկանեանը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այլեւս Մոսկուայի ձեռքում է Հայաստանի ուժանիւթային անվտանգութիւնը, քանի որ այս կամ այն կերպ Ռուսաստանին է պատկանում մեր երկրի գրեթէ ողջ ուժանիւթային համակարգը: Միակ կառոյցը, որն ապահովում է Հայաստանի ուժանիւթի աղբիւրի մօտ 10 տոկոսը՝ Որոտանի ջրաելեքտրակայանը, դեռեւս Հայաստանի սեփականութիւնն է, աշխատում է մեծ օգուտներով, սակայն չի բացառւում, որ ռուսները դա էլ գնեն:
Անցնող շաբաթ, սակայն, հայկական մամուլը եւ քաղաքական շրջանակները առաւել մտահոգուած էին եւ բաւականին բուռն արձագանգեցին Ռուսաստանի խորհրդարանի պատգամաւոր Կոնստանդին Զաթուլինի Երեւանում արած յայտարարութիւններին: Զատուլինը համարւում է Քրեմլինի մօտ կանգնած քաղաքագէտներից, հետեւաբար նրա տեսակէտն ինչ-որ տեղ ընկալւում է նաեւ պաշտօնական Մոսկուայի դիրքորոշումը։ Պատգամաւորը նախ Հայաստանը համեմատեց «Լէոփոլտ կատուի» հետ, ապա կոշտ թոնով յայտարարեց, որ Հայաստանի համար հասունացել է ռուս-վրացական յարաբերութիւններում ընտրութիւն կատարելու ճակատագրական պահը։ Աւելի պարզ՝ ռուսները ցանկանում են, որ մենք ռուս-վրացական դիւանագիտական պատերազմում կանգնենք Ռուսաստանի կողքին՝ ընդդէմ մեր հարեւան Վրաստանի:
Ռուս–վրացական արդէն տարիներ շարունակուող լարուած յարաբերութիւններից տուժում է նաեւ եւ առաջին հերթին Հայաստանը։ Քիչ է ասել տուժում է. երբ Մոսկուան ինչ–ինչ վերանորոգման աշխատանքներ կատարելու պատրուակով փակում է Վերին Լարսի անցակէտը, որը փաստօրէն Վրաստանի տարածքով Ռուսաստանին Հայաստանը կապող միակ օրինական ցամաքային ճանապարհն է, մեր երկրի շրջափակումը դառնում է առաւել ամբողջական։ Այսինքն, Վրաստանին շրջափակելով, Ռուսաստանը շրջափակում է նաեւ իր ռազմավարական գործընկերը համարուող Հայաստանին։
Հայաստանն առանց այն էլ ընտրութիւն կատարելու քիչ հնարաւորութիւն ունի՝ հաշուի առնելով իրողութիւնը, որ յարաբերութիւններ չունի երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ, որոնք շարունակում են Հայաստանին «խեղդամահ անելու» եւ շրջափակման մէջ պահելու քաղաքականութիւնը։ Ու սա քիչ է, ռուսները, ըստ էութեան, մեզ խորհուրդ են տալիս ընտրութիւն կատարել վրաց–ռուսական յարաբերութիւններում։
Պարտաւորուա՞ծ է արդեօք Հայաստանը իր դիրքորոշումն արտայայտել ռուս-վրացական լարուած յարաբերութիւնների առնչութեամբ: Երեւանաբնակ քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանտարեանը պնդում է, որ Հայաստանը չունի իրաւական որեւէ պարտաւորուածութիւն, որպէսզի արտայայտի իր դիրքորոշումը Մ. Նահանգների, Քորէայի, Զիմպապուէի, Ռուսաստանի կամ Վրաստանի միջեւ յարաբերութիւնների հանդէպ։
«Ռուսաստանն ու Վրաստանն անկախ երկրներ են, Հայաստանը Վրաստանի հետ հարեւան է, ես կÿասէի՝ Երեւանը բաւականին լաւ յարաբերութիւններ ունի Թիֆլիսի հետ, ինչպէս նաեւ՝ Ռուսաստանի հետ։ Հայաստանն իրաւական պարտաւորութիւնի չունի իր տեսակէտը յայտնել ռուս–վրացական յարաբերութիւնների առնչութեամբ, քանի որ Հայաստանն այդ հակամարտութեանը չի մասնակցում: Հնարաւոր է՝ ինչ–որ պահի Հայաստանն առաջարկի իր միջնորդութիւնը (ռուս-վրացական ճգնաժամը կարգաւորելու հարցում), բայց ոչ այս իրավիճակում, քանի որ իրականում միջնորդութիւն չկայ, եւ եթէ դա անգամ ի յայտ գայ, ապա առանց Հայաստանի էլ եոլա կը գնան», ասում է Իսկանտարեանը։
Մոսկուաբնակ քաղաքագէտ Անդրանիկ Միհրանեանը կարծում է, որ հարցադրումը սխալ կտրուածքով է դրւում: «Հայաստանը պէտք է հայամէտ դիրք գրաւի՝ ելնելով իր շահերից, բայց ինչքանով ես եմ հասկանում Հայաստանը չի ձեւակերպում իր շահը, որպէսզի դա շատ յստակ ուղերձ լինի թէ՛ դէպի Թիֆլիս, թէ դէպի Մոսկուա, քանի որ վրաց-ռուսական հակամարտութիւնից Հայաստանն է տուժում: Որոշ կրաւորականութիւն կայ հայկական քաղաքականութեան ձեւակերպման մէջ: Ես կարծում եմ, որ հայկական քաղաքական ուժերը եւ արտաքին գործերի նախարարութիւնը մտածում են, որ կրաւորական պահելով գուցէ այս փոթորիկն անցնի-գնայ, եւ հարցերն իրենք իրենց կը լուծուեն: Այդպէս չի լինում, երբ ճգնաժամային իրավիճակներ են ստեղծւում», ասում է Միհրանեանը:
Չի թւում, թէ մօտ ապագայում ռուս-վրացական յարաբերութիւններում ճեղքում կ՚արձանագրուի: Երեւանում կայացած միջխորհրդարանական յանձնաժողովի 11րդ նիստում հայ խորհրդարանականները հնչեցրին իրենց մտահոգութիւնը Ռուսաստանի կողմից Վրաստանի հաղորդակցման միջոցների շրջափակման կապակցութեամբ, որից նախ եւ առաջ տուժում է մեր երկիրը:
«Եթէ փակում էք Վերին Լարսը, մեզ պէտք է նախապէս ասէք, որպէսզի մեր արտահանողները կարողանան այլ շուկաներ որոնել: Ի հարկէ, մեզ շատ լաւ հասկանում են: Միւս կողմից, մեր պաշտօնակիցները ասում են հետեւեալը՝ դանակը հասել է ոսկրին, եւ այլեւս մենք չենք կարող Սահակաշւիլիի վարչակազմի նկատմամբ մնալ զուսպ, չարձագանգել ամբողջ ուժով», ասաց Հայաստանի խորհրդարանի փոխ նախագահ Վահան Յովհաննիսեանը Նիքոլայ Ռիժքովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Յիշեցնենք, որ Վերին Լարսի անցակէտը, որը հայ գործարարների եւ ցամաքային ճանապարհով Ռուսաստան տեղափոխուող հայ ուղեւորների հիմնական ճանապարհն էր, ռուս սահմանապահների կողմից փակուել էր դեռեւս Յունիսի 7ի լոյս 8ի գիշերը՝ այնտեղ ընթացող վերանորոգման աշխատանքներ կատարելու պատրուակով: Իսկ վերջին ամիսներին առաւել յաճախակի են դարձել Ռուսաստանի տարածքից ազգութեամբ հայ քաղաքացիներին արտաքսելու դէպքերը: Դրան անշուշտ, չի խանգարում շրջափակումը, որովհետեւ Ռուսաստանում մի կտոր հաց վաստակող հայերին վտարում են՝ օգտագործելով օդային ուղին: