ԷԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԵԱՆ*

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկում ի պահ դրուած ձեռագիր յուշագրութիւններից «99» թուակիր յուշագրութիւնը կարեւոր սկզբնաղբիւրային նիւթ է ցեղասպանագիտութեամբ, առհասարակ՝ հայագիտութեամբ զբաղուող հետազօտողների համար: Թէեւ յուշերն ամփոփուած են ընդամէնը 40 էջանոց տետրակում, սակայն այն լեցուն եւ խիտ է տեղեկատուական ծանրութեամբ, ինչպէս նաեւ յուշագրի կեանքի պատկերաւոր դրուագներով:
Գրի առնող յուշագիր-վերապրողը Արիստակէս Գրիգորեանն է, որը ծնուել է 1900ի Մարտի 10ին Շարուրի շրջանի [1] Խանուխլար/Խանլուխլար գիւղում՝ 5 հոգանոց բազմանդամ ընտանիքում՝ ծնողներ, մէկ դուստր եւ երկու զաւակ, որոնցից մէկն էլ Արիստակէսն էր:
Արիստակէսը 12 տարեկանից օգնում է հօրը գիւղում բամբակ քաղհանելու գործում, ապա՝ արդէն 15 տարեկանից՝ զբաղւում հողագործութեամբ: Թէեւ ծանր մանկութիւն է ունեցել, քանի որ ընդամէնը հինգ տարեկան էր, երբ «1905ին պատերազմ ծագեց հայերի եւ տեղացի թուրքերի մէջ», սակայն նա գրի է առել նաեւ իր կեանքի գեղեցիկ եւ լուսաւոր դրուագները, որոնք կարեւոր են ազգագրութեան տեսանկիւնից:
Նրա հայրը՝ Դաւիթը, վերոնշեալ ժամանակահատուածում աշխատում էր «ուրեադնիկ»ի [2] մօտ: Թէեւ հայրը չքաւոր էր եւ չէր կարող որդուն տալ տեղի ռուսական դպրոց սովորելու, սակայն մօրական կողմի պապը հարուստ եւ ազդեցիկ մարդ էր գիւղում. վերջինիս միջամտութեամբ Արիստակէսը սովորում է ոչ թէ ծխական, այլ տեղի ռուսական դպրոցում, որտեղ սովորում էին միայն ժամանակի հարուստների երեխաները:
Յուշագրութեան մէջ առանցքային տարեթուեր են 1905ին եւ 1918-1919ին Նախիջեւանում տեղի ունեցած ցեղասպանական գործողութիւնները: Յուշագրութիւնում նաեւ անդրադարձ է արւում Առաջին համաշխարհային պատերազմին, ներկայացւում են գաղթականին բնորոշ կեանքի փուլերը, այդ թւում՝ որպէս վերջնական հանգրուանի՝ Հայաստանում հաստատուած կեանքի ուրուագծին:
Առանձնակի շեշտադրմամբ ներկայացւում են կանանց առեւանգման տեսարանները, պաշտպանական հնարամտութիւնների մանրամասները, մատնանշւում են այն հայերի անունները, այդ թւում՝ իր հօր, որոնք աննահանջ շարունակել են իրենց պայքարը:

Առանձնակի անդրադառնում է Անդրանիկից թուրքերի վախի դրսեւորման դրուագներին: Դրուագներից մէկում ներկայացւում է, որ մի օր թուրք զինուորներից մէկը, գիշերը բղաւելով վեր է թռել քնից, հարցին, թէ ինչ է պատահել, պատասխանել է, որ երազում Անդրանիկին է տեսել եւ վախից արթնացել: Նաեւ պատմում է, որ հայերի մէջ տարածուած էր այն կարծիքը, թէ Անդրանիկի մարմնի վրայ մսից խաչ կար, դրա համար նրան գնդակ չէր դիպչում:
Յուշագրութիւնը ներկայացնում է նաեւ գիւղի կոտորածների եւ բռնագաղթի հանգրուանների ուղին: Դժուարութիւններից յետոյ վերջապէս ընտանիքով հասել են Հայաստան, որտեղ Արիստակէսն ընտանիք է կազմել: Ինչ-որ մի ժամանակ մտածում են լքել Հայաստանը, որպէսզի կարողանան ապրել, սակայն հասկանում են, որ օտար ափերում չկայ ապագայ, Սարատովից վերադառնում են Հայաստան՝ վերջնական բնակութիւն հաստատելով Չարբախում: Ինչպէս հեղինակն է ասում, Չարբախի ուսեալն է եղել, զբաղուել է գլխաւոր հաշուապահութեամբ, ինչպէս նաեւ զարկ է տուել հողագործական աշխատանքներին: Արիստակէս Գրիգորեանը մահացել է 1987ին:
* Հայոց Ցեղասպանութեան աղբիւրագիտական ուսումնասիրութիւնների բաժնի գիտաշխատող
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
[1] Նախիջեւանի խորհրդայնացումից եւ 1924ին այն որպէս ինքնավար հանրապետութիւն կազմաւորուելուց յետոյ՝ մինչեւ 1930, պատմական գաւառի տարածքը կոչուել է Շարուրի շրջան, 1930-1966ին՝ Նորաշէնի շրջան, իսկ 1966ին այն վերանուանուել է Իլյիչի շրջան, http://armenianhouse.org/aivazyan-a/nakhichevan/sharur.html:
[2] Գաւառական ոստիկանութեան ստորադաս պաշտօնեայ: