ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ

«Այո, մի փոքրիկ լոյս է սա, բայց գիշերն այնքա՛ն խաւար է»
Քարէն Եփփէ
«Սուգի քոյրեր ենք մենք» գրութեամբ ժապաւէնը ձեռքներին՝ լուսանկարում հայուհիներ են. իսլամական գերութիւնից փրկուած: Հայուհիներ, որ բազում փորձութիւնների միջով անցնելով, ճակատագրի միեւնոյն դառնութիւնը կրելով՝ դարձեալ միասին են, հայկական միջավայրում:
Քարէն Եփփէ՝ հայ կանանց եւ որբերի հաւաքագրման գործում մեծ դեր ունեցող դանիացի գեղեցկադէմ, ոսկեծամ «միսիոներուհին»: Հայ հերոսամարտերի անմիջական վկայ, զոհ դարձած միլիոնաւոր հայերի նահատակութեանն ականատես:
«Մէկ հայ՝ մէկ ոսկի» կարգախօսով նրան յաջողուել է հարեմներից ազատագրել մօտ 400 հայուհու՝ վճարելով նրանց փրկութեան գինը. փրկուած հայուհիները ապաստանել են Սիրիայի մի շարք բնակավայրերում, գիւղերում:
Քարէն Եփփէն՝ Դանիայում ծնուած (1876թ.), կրթութիւն ստացած, համիդեան ջարդերի մասին տեղեկացել էր եւրոպական մամուլից, ապա դանիացի գիտնական, մարդասէր Օ. Մ. Բենեդիքսենի դասախօսութիւնից: Վերջինս, այցելելով Ուրֆայի Գերմանական որբանոցը, համիդեան ջարդերից (1894-1896) փրկուած հայ որբերին տեսնելով՝ գրել էր նրանց մասին: Քարէնը, գրքի տպաւորութիւնից յուզուած եւ ցնցուած, հասկանալով, որ որբանոցը ուսուցչի կարիք ունի, առանց յապաղելու 1903ին մեկնել է Ուրֆա՝ ընտանիքի կամքին հակառակ: Մինչ այդ նա դարձել էր «Հայերի դանիացի բարեկամները» կազմակերպութեան անդամ եւ աշխատակցելու ցանկութեամբ ներկայացել Եոհաննես Լեփսիուսին:

Կամաւոր հեռանալով ծննդավայրից՝ նա փրկել է հայ կանանց եւ որբերին ֆիզիկական ու հոգեւոր բնաջնջումից:
«Սովորելը չի բաւէր, պէտք է նաեւ աշխատել», մէկ տարի անց Քարէնը այսպէս է ասել իր սաներին՝ որբերին: Այո, ընդամէնը մէկ տարուայ ընթացքում նա Ուրֆայում սովորել է հայերէն, արաբերէն, քրդերէն, թուրքերէն: Տիրապետելով լեզուներին, արդէն կարողացել է շփուել մանուկների հետ եւ ծաւալել մանկավարժական գործունէութիւն: Նրա ջանքերի շնորհիւ Ուրֆայում բացուել են մետաքսագործութեան, ասեղնագործութեան արհեստանոցներ՝ որբերին աշխատանքով ապահովելու նպատակով:
1915ին, Մեծ կոտորածի գիշերը, Քարէն Եփփէն Ուրֆայի իր տանն էր. տեղի շէյխերից մէկը փրկում է նրան: Մտահոգ իր սաների ճակատագրով՝ «երեխաները կարող են գազանի երախին կուլ գնալ», նա փախնում է շէյխի տնից, հասնում հայերի քարաւաններին եւ հնարաւորինս փրկում շատ գերիների:

Որդեգրել է փրկուած 2 երեխայ՝ Միսակին եւ Լուսինէին, որոնք յետագայում ամուսնացել եւ ընտանիք են կազմել:
Քարէնը, քրդերի ու արաբների շորեր փոխանցելով բռնագաղթուածներին, քարաւաններով անցնող մարդկանց, նրանց ջուր բաժանելով՝ փրկում է մահուանից, ապա թաքցնում նրանց իր տան մառանում:
Դժոխային պատկերները աչքի առջեւ, տառապած եւ հիւծուած՝ մինչեւ 1918 թուականը Քարէնը հայերի կողքին է եղել, ապա ստիպուած վերադարձել է Դանիա՝ բուժուելու. բժիշկներն ախտորոշել էին ջղային հիւանդութիւն։
«Որքան լաւ կը լինէր չտեսնել մահուան այդ ճանապարհը, որ ձգւում էր Ուրֆայի պարիսպներից դէպի հեռու-հեռու՝ դեղին, արեւից խանձուած, անծայրածիր հարթավայրը: Այն լի էր ոչ թէ թարմ կանաչ, ստուերաշատ ծառերով, այլ մարդկանց դիակներով՝ քայքայման տարբեր աստիճանում: Ոմանք ընկած էին հէնց քաղաքի դարպասների մօտ: Հիւանդներին դուրս էին քշել իրենց մահճից՝ փայտերով ծեծելով, ովքեր կարողացել են մի քանի հարիւր քայլ եւս կատարել», գրել է Եփփէն:
Երեք տարի անց՝ 1921ին, նա արդէն ապաքինուած վերադառնում է Հալէպ: Կառուցում բուժարան, մանկապարտէզ, հագուստի գործարան, ապա հայուհիների ձեռագործ աշխատանքները Դանիա է ուղարկում եւ ստացուած հասոյթով բարելաւում գաղթականների վիճակը: Այդ ընթացքում Քարէնին առաջարկել են Ազգերի Լիգայի հայ կանանց ու որբերի ազատագրութեան յանձնաժողովի անդամ դառնալ:
30,000 բռնագաղթուած հայ կանանց եւ երեխաներին փրկելու առաքելութեամբ՝ Եփփէին յաջողուել է մահմեդական հարեմներից շուրջ 2000 հայուհի ու որբ երեխայ ազատագրել.
«Այո, մի փոքրիկ լոյս է սա, բայց գիշերն այնքա՛ն խաւար է», ասել է նա Ազգերի Լիգայում հնչած իր ամենակարճ ելոյթի ընթացքում:
Ստրկացուած ու հարեմներում գտնուող հայազգի կանանց ու աղջիկներին փրկելու նպատակով, երբ Ազգերի Լիգան գումարներ յատկացնելու որոշում է կայացնում, Քարէնը շտապ գործի անցնելով՝ ստեղծում է որոնման եւ առաջին օգնութեան կայաններ, որպէս ապաստարան հայ կանանց:
Նրանք, որոնք արդէն յղի էին մնացել եւ երեխաներ ունէին, խնդրի առաջ յայտնուելով, ստիպուած էին լինում մնալ իրենց առեւանգածների մօտ: Արդէն ցեղախմբի նշանով դաջուած հայուհիները, ամաչելով՝ չեն ներկայանում արձանագրուելու…

Առանձնայատուկ խնամք, սնունդ, հագուստ, ինչպէս նաեւ անհրաժեշտ բժշկական օգնութիւն էին ստանում իսլամական գերութիւնից ազատագրուածները, ստուգում էին նրանց ինքնութիւնը, ապա անուանացանկերը՝ կից լուսանկարներով, ուղարկում էին եկեղեցիներին, հայկական միութիւններին ու թերթերին՝ հարազատներին գտնելու յոյսով:
Քարէն Եփփէն, տարիներով այլազգիների հետ ապրած հայերի մէջ անցեալի յիշատակն արթնացնելու, ինքնութեանը վերադարձնելու գործում, ազատագրեալ երեխաների դաստիարակութեան մէջ կարեւորել է Հայ եկեղեցու դերը՝ իր ծէսերով, արարողութիւններով:
Ժամանակ առ ժամանակ մեկնելով Ժընեւ՝ նա դրամահաւաք է կազմակերպում, ապա իր բարեկամ շէյխի կալուածքներից վարձակալում է տարածք եւ հիմնում հայկական գաղութ: Տեղեկութիւնների համաձայն, Հալէպից դուրս եւս 6 փոքրիկ գիւղ է հիմնած եղել նա, վարժարան, արհեստագործական դպրոցներ, արհեստանոցներ, բնակելի տներ է կառուցել, խաղողի այգիներ տնկել՝ կեանքի վերադարձնելով մեծ աղէտից փրկուածներին:
Հանդէս է եկել դասախօսութիւններով՝ այցելելով Սիրիայի հայաշատ բնակավայրերը, յօդուածներ է տպագրել եւրոպական մամուլում, հայերի կոտորածների մասին իր վկայութիւններով փորձել է աշխարհին տեղեկացնել կատարուող ոճրի մասին:
ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ
1935 թուականի Յուլիսի 7ին, Քարէն Եփփէն Հալէպում կնքել է իր մահկանացուն. վարակուել էր մալարիայով՝ անբուժելի մի հիւանդութեամբ: Նրան յուղարկաւորել են Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով, Հալէպի Հայոց ազգային գերեզմանատանը՝ իր ցանկութեամբ: Դեռեւս 1927 թուականին, Քարէն Եփփէին պարգեւատրել են ոսկէ մեդալով՝ մարդկութեանը մատուցած ծառայութիւնների համար, սակայն հրաժարուել է…

Քարէնը արժանացել է նաեւ Դանիայի «Պատուոյ լեգէոնի ասպետ» առաջին կարգի շքանշանի, պարգեւատրուել է ֆրանսիական իշխանութիւնների կողմից՝ Սիրիայում ֆրանսիական մանդատի շրջանում իր կատարած ծառայութիւնների համար:
1947 թուականին, Քարէն Եփփէի անուան Ազգային ճեմարան է բացուել իր հիմնադրած որբանոցի տեղում. այն գործում է մինչ օրս:
«Հայերի պահապան հրեշտակը», այսպէս է մակագրուած յուշաքարի վրայ, որ Հալէպում կառուցուել է ի յիշատակ Քարէնի:
Հայոց Մեծ Եղեռնի 100րդ տարելիցի առիթով, 2015 թուականին, Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլեանների անուան գրադարանի մուտքի մօտ՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներին հայանպաստ գործունէութիւն ծաւալած Հայ Դատի պաշտպաններին ի յիշատակ, բացուեց «Երախտիքի ծառուղի»՝ բաղկացած յայտնի անձանց 12 կիսանդրիներից, որոնց շարքում է նաեւ Քարէն Եփփէն:
Նա իր կեանքն անձնուրաց կերպով նուիրաբերեց հայ ժողովրդի զաւակներին՝ կիսելով նրանց վշտերն ու տառապանքները, միաժամանակ հիանալով նրանց անկոտրում կամքով, ոգու արիութեամբ, լաւատեսութեամբ:
Հայերի մեծագոյն բարեկամը՝ Քարէն Եփփէ:
«ԱԶԱՏ ՕՐ»