
Ի՞նչ մթերքներ օգտագործել սննդում մարմնի դիմադրողականութիւնը ամրացնելու եւ տարաբնոյթ հիւանդութիւնները կանխելու համար: Բժիշկ Պաւել Ստոցկին թուում է այդ վիտամինները (կենսանիւթ), որոնցից նա առանձնացնում է «հակաօքսիդանտ»ները: Դրանք են օգնում դիմադրել ազատ «ռադիկալ»ներին, մոլեկուլներին (բջիջ), որոնք ձեւաւորւում են միջավայրի աղտոտուածութեան, ուլտրամանիշակագոյն (գերմանիշակագոյն), ճառագայթների ազդեցութեան եւ քիմիական վնասակար նիւթերի ազդեցութեան հետեւանքով:
Վիտամին A (ռետինոլ)
Հզօր հակաօքսիդանտ է, անհրաժեշտ է երիտասարդութեան, լաւ տեսողութեան եւ նեարդային (ջղային) ամուր համակարգի համար: Ամենակարեւորը բարձրացնում է լորձաթաղանթների դիմադրողականութիւնը` խոչընդոտելով օդակաթիլային ճանապարհով վարակների ներթափանցումը: Ռետինոլի լաւագոյն աղբիւրներն են` ձկան իւղը, սերուցքային կարագը, ձուի դեղնուցը, սերուցքը եւ անարատ կաթը:
B խմբի վիտամիններ
Այդ վիտամինները հակաօքսիդանտներ չեն, բայց անուղղակիօրէն ազդում են դիմադրողականութեան համակարգի վրայ: B2 եւ B5 վիտամինները մասնակցում են վարակները եւ քաղցկեղային բջիջները ոչնչացնող հակամարմինների ձեւաւորմանը, ինչպէս նաեւ բորբոքումներից յետոյ արիւնը մաքրող բջիջների արտադրմանը: B9 վիտամինը ապահովում է ողնուղեղի աշխատանքը, որը կարեւոր է դիմադրողական համակարգի բոլոր բջիջների համար: Վիտամին B-ի կարեւոր աղբիւր են՝ կանաչեղէնը, բրոկոլին (բրքուկ), լեարդը, ձուկը եւ ընկուզեղէնը:
Վիտամին C
Ասկորբինաթթուն ամենայայտնի հակաօքսիդանտն է, հակաբորբոքային ազդեցութիւնն ապացուցուած է: Այն արագացնում է մարմնի վերականգնողական գործընթացները, մեծացնում վարակների նկատմամբ կայունութիւնը: Քչերը գիտեն, որ մեր մարմինը ընդունակ չէ պաշարել վիտամին C-ին, այդ պատճառով էլ այս վիտամինը պարունակող մթերքները (ցիտրուսային մրգեր, մասուր, բրոկոլի, եւ այլն) ցանկալի է ուտել ամէն օր:
Վիտամին E
Բացի հակաօքսիդային ազդեցութիւնից, վիտամին E-ին լաւացնում է արեան շրջանառութիւնը, արագացնում է հիւսուածքների վերականգնումն եւ դանդաղեցնում ծերացման գործընթացը: Այս է պատճառով դիմայարդարման հակատարիքային քսուկներում օգտագործւում է այս վիտամինը: Վիտամին C-ի աղբիւր են առաջին հերթին բուսական իւղերը: Ուստի ցանկալի է աղցանների վրայ ձիթապտղի կամ արեւածաղկի ձէթ աւելացնել:
Վիտամին D-ն շատ աւելի բազմակողմանի ազդեցութիւն ունի, որի մասին կը խօսենք յաջորդ ակնարկում: