Երեւանի «Թէքէեան կենտրոն»ում տեղի ունեցաւ բանասիրական գիտութիւնների թեկնածու Վարդուհի Դաւթեանի կողմից կազմուած «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատարակութեան առաջին գրքի շնորհանդէսը: Գիրքը տպագրուել է «Թէքէեան կենտրոն» հիմնադրամի աջակցութեամբ՝ առաջին անգամ ներկայացնելով հանճարեղ գրողի 1901-1910ին գրած եւ մամուլի տարբեր էջերում տպագրած յօդուածները:
Բացման խօսքով հանդէս եկաւ «Թէքէեան կենտրոն» հիմնադրամի տնօրէն Արմէն Ծուլիկեանը: Ճիշդ է, ըստ նրա, Վահան Թէքէեանին Հայաստանում նոր-նոր են խորութեամբ սկսում ճանաչել, սակայն Սփիւռքում նա վաղուց է գնահատուած ու սիրուած: Լինելով բանաստեղծ՝ նա միաժամանակ ծաւալել է հասարակական մեծ գործունէութիւն: Ժողովածուում ընդգրկուած յօդուածների շնորհիւ ընթերցողն առաւել մանրամասն կը ծանօթանայ հրապարակագրի ազգային, մշակութային եւ հասարակական գործունէութեանը:
Ապա տպաւորիչ ելոյթով հանդէս եկաւ գրքի հեղինակը՝ ներկայացնելով հանճարեղ գրողի հրապարակագրութեան առանձնայատկութիւնները:
Գրքի վերաբերեալ ծաւալուն եւ ուշագրաւ վերլուծութեամբ հանդէս եկաւ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի աւագ գիտաշխատող, բանասիրական գիտութիւնների թեկնածու Նունէ Մկրտչեանը:
Ուշագրաւ էին Երեւանի Պետական համալսարանի դասախօս, բանասիրական գիտութիւնների թեկնածու Նարինէ Մարկոսեանի եւ Երեւանի Հիւսիսային համալսարանի Բանասիրութեան եւ մանակավարժութեան բաժանմունքի վարիչ Մէրի Այվազեանի ելոյթները։
Շնորհանդէսի գեղարուեստական մասում հնչեցին Կոմիտասի անզուգական մշակումները ջութակահար Գրիգոր Գուլխանջեանի հրաշալի կատարմամբ:
Անկրկնելի ելոյթով հանդէս եկաւ ասմունքող Աիդա Ասատուրեանը, որը ներկայացրեց հատուածներ Վ. Թէքէեանի յօդուածներից:
(Թղթակցութիւնը՝ «Թէքէեան կենտրոն»էն)