
Յունիսի 3ին եւ 4ին Ժնեւում տեղի ունեցաւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան Եւրոպական խորհրդակցական համաժողովը, որին ներկայ էին աշխարհի տարբեր երկրներից աւելի քան 65 մասնակից: Համաժողովը առաջիկայ երկու տարիներին կայանալիք հանդիպումների շարքից թուով երկրորդն էր: Պատուիրակների թւում էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան, Հոգաբարձուների խորհրդի եւ Ռազմավարական խորհրդատուական խորհրդի անդամներ, ՀԲԸՄ մասնաճիւղերի եւ Եւրոպայի Երիտասարդ արհեստավարժների խմբի ղեկավարներ, ինչպէս նաեւ հրաւիրեալ բանախօսներ, ՀԲԸՄի աջակիցներ եւ աշխատակիցներ Արգենտինայի, Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիբանանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Իսպանիայի, Շուէյցարիայի, Միացեալ Թագաւորութեան եւ Միացեալ Նահանգների մասնաճիւղերից:
Ժնեւի լճի ափին գտնուող Beau Rivage հիւրանոցում տեղի ունեցած երկօրեայ համաժողովը բաղկացած էր բազմաթիւ քննարկումներից, պրեզենտացիաներից (ներկայացումներէ) եւ փոքր խմբերով լսումներից, որոնց նպատակն էր մանրամասն ամփոփել աշխարհասփիւռ հայութեանը վերաբերող նոր իրողութիւնները, փոփոխուող թրենդերն ու վերաբերմունքը, ինչպէս նաեւ զարգացող վարքագիծը` վերջնական նպատակ ունենալով ադապտացնել ՀԲԸՄի ապագայի ընդհանուր տեսլականը ներկայ իրողութիւններին:
Համաժողովը սկսուեց Յունիսի 3ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանի բացման խօսքով, ով, անդրադառնալով վերջին տարիների պատմական իրադարձութիւններին եւ ճգնաժամերին, ներկայացրեց համաժողովի նպատակն ու շեշտեց ՀԲԸՄի եւ հայութեան համար նոր առաջնահերթութիւններ սահմանելու յոյժ կարեւորութիւնն ու դրանում Սփիւռքի աշխուժ ներգրաւածութեան անհրաժեշտութիւնը:
Յաջորդիւ քննարկուեցին Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական եւ ինստիտուցիոնալ մարտահրաւէրները: Պանելային քննարկումը, որին մասնակցում էին քաղաքագէտ դոկտ. Թալին Փափազեանը եւ Ժնեւի եւ Վեբստեր համալսարանների պատմութեան եւ միջազգային յարաբերութիւնների դասախօս դոկտ. Վիգէն Չեթերեանը, վարում էր France 24-ի լրագրող Աշրեն Վերդեանը: Քննարկման նպատակն էր վերլուծել Հայաստանում տիրող աշխարհաքաղաքական իրողութիւնները` անդրադառնալով Հայաստանի ղեկավարութեան վերջին 30 տարիների ընթացքում վարած ռազմավարութեանն ու 2020 թուականի Արցախեան երկրորդ պատերազմում Հայաստանի եւ Սփիւռքի հաւաքական պատասխանատուութեանը: Արդիւնքում կարեւորուեց դիւանագիտական յարաբերութիւններն ընդլայնելու եւ բարեփոխումներ իրականացնելու տեսլականով առաջ շարժուելը, որը կնպաստի հզօր ազգային հաստատութիւնների ստեղծմանը` մասնաւորապէս կրթութեան ոլորտում: Քննարկման ընթացքում նաեւ առանձնակի շեշտուեց ներկայիս ներքաղաքական հակամարտութիւնները լուծելու հրատապ անհրաժեշտութիւնը, առանց որի հնարաւոր չէ արդիւնաւէտ առաջընթաց գրանցել:
Կէսօրին տեղի ունեցած ելոյթների թեման Հայկական Սփիւռքի` յատկապէս Եւրոպայի հայ համայնքների փոփոխուող պատկերի եւ դրա ներկայիս մարտահրաւէրների մասին էր: ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան անդամ եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր-նախագահ դր Երուանդ Զօրեանը նկատեց, որ հայերն իրենց 4000 տարուայ պատմութեան ընթացքում լայնամասշտաբ տեղաշարժուել են, մինչդեռ անկախութեան ժամանակաշրջանները շատ կարճ են տեւել: Նա դիտարկեց վերջին 30 տարիների ժողովրդագրութեան ազդեցութիւնը Եւրոպայի հին եւ նոր հայկական համայնքների վրայ:
French Intelligence Researcher Center (CF2R)-ի անկախ լրագրող եւ գիտաշխատող Տիգրան Եգաւեանը ներկայացրեց Հայկական Սփիւռքի ներկայիս մարտահրաւէրներն ու հեռանկարները: Դիտարկելով համայնքները, դրանց մշակութային բազմազանութիւնն ու առանձնայատկութիւնները` նա անդրադարձաւ պետութեան, եկեղեցու եւ հայոց լեզուի դերին եւ առաջարկեց Հայաստանի եւ սփիւռքի միջեւ առկայ բացը լրացնելու հնարաւոր ուղիներ:
Երեկոյեան Ժնեւի ծայրամասում գտնուող Սուրբ Յակոբ եկեղեցի եւ «Թօփալեան» հիմնադրամի կողմից ֆինանսաւորուող Հայկական կենտրոն այցելութիւնից յետոյ մասնակիցներն ընթրեցին Domaine de Plein Vent-ում, որտեղ նախագահ Սեդրակեանը մեծարուեց ՀԲԸՄին մատուցած իր 20 տարուայ անմնացորդ ծառայութեան համար: Նա «Թօփալեան» հիմնադրամի եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան անդամ Վահէ Գաբրաշի կողմից արժանացաւ յատուկ նուէրի:
Յաջորդ օրուայ քննարկումները վարեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան անդամ Անի Մանուկեանը, ով ներկայացրեց տարբեր հայկական համայնքների կարիքները հոգալուն միտուած ՀԲԸՄի վարած գործունէութիւնը: ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրէն Անուշ Ձագոյեանը խօսեց ՀԲԸՄ Եւրոպայի ծրագրերի, գործունէութեան եւ համագործակցութեան եզրերի մասին:
ՀԲԸՄ Հայաստանի նորանշանակ գործադիր տնօրէն Մարինայ Մխիթարեանը խօսեց Միութեան` հայրենիքում ծաւալած գործունէութեան եւ ռազմավարութեան մասին:
Ազգակառուցումը Հայաստանում
ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան անդամ Արդա Յարաթիւնեանը ներկայացրեց ՀԲԸՄի նոր ինստիտուցիոնալ (կառուցային) նախաձեռնութիւնը` Կիրառական քաղաքականութեան հետազօտական ինստիտուտը (ԱՊՐԻ Արմէնիայ), որը պաշտօնապէս կմեկնարկի յունիսի 14ին Երեւանում:
Կէսօրին մասնակիցներին խրախուսեցին արտայայտել աշխարհասփիւռ հայութեան բարեկեցութեանը վերաբերող իրենց մտքերն ու գաղափարները:
Երկօրեայ համաժողովն աւարտուեց հրաժեշտի ընթրիքով Beau Rivage հիւրանոցում, որը կազմակերպել էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան անդամներ Վարդգէս եւ Սիլվիա Քնաջեանները, Վահէ եւ Հիւգեթ Գաբրաշը եւ Կամիլիոյ եւ Դալիայ Ազզուզները:
(Քաղուած ՀԲԸՄի թղթակցութենէն)