Թուային առաջընթացի այս դարում մեր աչքն ամենածանրաբեռնուած է: Համակարգչի առջեւ շատերն են անցկացնում իրենց աշխատանքային ժամը․ յաջորդում է հեռուստացոյցը:
Ինչպէ՞ս է արձագանգում այդ ծանրաբեռնուածութեանը աչքը:
Ակնաբոյժներն «աստենոպիա» են անուանում են աչքերի յոգնածութիւնը, որն առաջանում է անդադար աշխատանքի հետեւանքով. օրինակ` երկարատեւ, առանց ընդմիջման համակարգչային գործիքների օգտագործման կամ առանց ընդմիջման մեքենայի վարման դէպքում, վատ, խիստ պայծառ կամ թրթռացող լուսաւորութեան, «կոնտակտային լինզա»ների (տեսողութիւնը սրբագրող եւ աչքին մէջ դրուող ոսպնեակ) կամ տեսողութիւնը չհամապատասխանող ակնոցների հետեւանքով:
Կենտրոնացած աչքն առաջացնում է աչքերի եւ յարակից մկանների գերլարում եւ կծկում:
Կարճատեսութիւն կամ հեռատեսութիւն ունեցող անձանց մօտ աւելի է խորանում աչքերի յոգնածութիւնը:
Աստենոպիայի առաւել յաճախ պատահող ախտանշաններն են՝ աչքերում տեսադաշտի աղաւաղում, յոգնածութիւն, այրոց, արցունք, հնարաւոր է գլխացաւ, աչքերը բաց պահելու դժուարութիւն, շաղուած տեսողութիւն, գլխապտոյտ:
Ինչպէ՞ս մեղմացնել աչքերի յոգնածութիւնը․
– Մերսում: Կոպերի եւ յօնքերի տակ իրականացուող շրջանակաձեւ շարժումները (40 վայրկեան) արագացնում են արեան շրջանառութիւնը եւ թուլացնում են մկանները:
– Տաք ափ: Շփէք ձեռքի ափերը եւ դրէք դրանք փակ կոպերին (կէս րոպէ):
– Սառը ջուրը հանում է աչքերի այտուցուածութիւնը, լարուածութիւնն ու յոգնածութիւնը, լաւացնում է արեան շրջանառութիւնը:
– Արեւային լոգանք: Էներգետիկ (ուժային) լիցքեր հնարաւոր է ստանալ` դէմքը դէպի արեւի ճառագայթը ուղղելով: Այդ ընթացքում աչքերը պէտք է փակուած լինեն:
– Վարժանքներ աչքի համար: Դէպի հեռուն յառած հայեացքը կամ մօտ դրուած առարկային նայելը մարզում է աչքի մկանները:
– Երիցուկի թէյով, կաթով, վարունգով թրջոցները նոյնպէս հանգստացնում են աչքերը:
– Լուսաւորութիւն: Չափից շատ վառ լոյսը կամ թոյլ լոյսը ստիպում են աչքերին աւելի լարուած աշխատել:
Աստենոպիան, բարեբախտաբար, լուրջ խնդիր չէ եւ չի առաջացնում երկարատեւ տեսողական խնդիրներ: Պարզապէս պէտք է աւելի հետեւողական լինել եւ գիտակցաբար շատ չծանրաբեռնել աչքերը, իսկ եթէ լարումն անխուսափելի է, ապա դա իրականացնէք ընդմիջումներով: