ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ) խմբակցութիւնը որոշեց ընդդիմադիր պատգամաւորները իրենց պաշտօններէն զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:
Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Ռուբէն Ռուբինեան լրագրողներու հետ ունեցած զրոյցէն ետք ըսաւ, որ այս քայլը ունի քանի մը պատճառներ։ «Նախ՝ արձանագրենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամաւորների՝ ԱԺում զբաղեցրած պաշտօններից հեռացնելով՝ ԱԺ որոշ յանձնաժողովների եւ ընդհանրապէս ԱԺ աշխատանքների կազմակերպման առաջացած խնդիրը կարելի է համարել լուծուած: Երկրորդը՝ մեր քաղաքական հաւատամքի մէջ է մտնում նաեւ յարգանքը՝ առ ժողովրդի տուած քուէն: Մենք յարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տուած քուէն եւ կարծում ենք, որ ընդդիմութեան այս պահելաձեւը, վարուելակերպը առաջին հերթին հէնց ընտրողների համար պէտք է խնդիր լինի եւ կարծում եմ, մեր ժողովրդի այն հատուածը, որը քուէ է տուել իրենց, համապատասխան հետեւութիւններ կ՛անի յաջորդ ընտրութիւնների ընթացքում», նշեց Ռուբինեան: