
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

Անցեալ շաբաթ ծանօթացանք Արգամ Մանասեանի եւ իր տեղակալ Վռամ Մաշուրեանի հեռաձայնային խօսակցութեան պարունակութեան եւ անդրադարձանք, որ Մաշուրեան՝ փոխելով իր նախկին դիրքորոշումը Ա. Մանասեանի ներկայացուցած զեկուցագրին հանդէպ, պատրաստ է գետնառիւծի նման նոր գոյն ընդունելու, ի խնդիր նոր պաշտօնի:
Ծանօթացանք նաեւ զեկուցագրին մասին նախարար Սամսոն Իվանիչի ունեցած ժխտական կարծիքին:
Ա. Քալանթարեան կարծես շարժապատկերի նկարահան ըլլայ. ան իր նկարող մեքենան կ՛ուղղէ դէպի անցեալ, ընթերցող-դիտողին ներկայացնելով քուլիսներուն ետին պատահած դէպքերը:
Ոսպնեակը այսօր կեդրոնացած է տնօրէն Արգամ Մանասեանի գործէն հեռացուելուն մէջ գլխաւոր դերակատարութիւն ունեցած երեք անձերու վրայ: Անոնք կը կոչուին ընկեր Ալթունեան, ընկեր Գուլանեան եւ… Սամսոն Իվանիչ:
* * *
«Ամէն ինչ սկսւում է նրանից, որ հանրապետութեան չափազանց ազդեցիկ ղեկավարներից մէկը ժողովրդական տնտեսութեան արմատական վերափոխմանն ուղղուած նիւթերին ծանօթանալիս կարդում է նաեւ Արգամ Մանասեանի զեկուցագիրը: Կարդում է ու մտքերի մէջ ընկնում: Նորից է կարդում, զարմացած ու մտահոգ տարուբերում է գլուխը, պահանջում է բերել Արգամ Մանասեանի անձնական գործը, կարդում է նաեւ գործը, նշումներ է կատարում ծոցատետրում եւ իր մօտ կանչում արդիւնաբերութեան բաժնի վարիչին:
– Ընկեր Գուլանեան, – հարցնում է նա, – Ի՞նչ կարծիք ունէք ծխախոտի «Արգիշտի» գործարանի տնօրէն Արգամ Մանասեանի մասին:
Բաժնի վարիչը այն մարդն էր, որ մինչեւ չիմանար ղեկավարի կարծիքը, իր կարծիքը չէր յայտնի: Դրա համար էլ բաւականին անորոշ ձայներ է հանում, որոնցից ղեկավարի ականջին է հասնում միայն մի նախադասութիւն…
– Կարծես թէ իր տեղում է, ընկեր Ալթունեան, թէեւ ասում են…
– Ի՞նչ են ասում:
– Մի երկու ահազանգ կայ… կը յանձնարարեմ ճշդել… Սամսոն Իվանիչը…
– Քո կարծիքն ասա, ընկեր Գուլանեան: Սամսոն Իվանիչին հանգիստ թող:
– Ընկեր Ալթունեան… միանգամից ինչպէ՞ս ասեմ… իմ կարծիքով… կարծում եմ, որ առայժմ իր տեղում է… մինչեւ տեսնենք:
Ալթունեանը բարձրանում է տեղից:
– Իսկ ես ասում եմ, որ նա իր տեղում չէ: Ե՞րբ պիտի սկսէք ճանաչել մարդկանց: Դա ի՞նչ նրա տեղն է, ընկեր Գուլանեան:
Նայում է բաժնի վարիչի շփոթահար, կծկուած կերպարանքին, ուզում է ինչ-որ բան ասել, բայց թափ է տալիս ձեռքը.
– Լաւ, ես հիմա ժամանակ չունեմ: Թռչում եմ Մոսկուա, ժողովի, այնտեղից էլ պատուիրակութիւն եմ տանելու Եթովպիա…
– Գիտենք, ընկեր Ալթունեան, բարի, բարի ճանապարհ ենք ցանկանում… ի՞նչ անենք, մեզ էլ չէք թողնում ճանապարհ գցենք…
– Ուրեմն կը վերադառնամ մի ամիս յետոյ: Ուղիղ մէկ ամիս յետոյ պէտք է իմ սեղանին լինեն Արգամ Մանասեանի վերաբերեալ բոլոր նիւթերը: Հասկացա՞ք:
– Հասկացայ, ընկեր Ալթունեան, կը լինեն, – դէպի դուռն է նետւում բաժնի վարիչը:
Ղեկավարը յանկարծ կնճռոտում է ճակատը, ուզում է էլի ինչ-որ բան ասել, նոյնիսկ ձեռքը զանգի կոճակին է տանում, բայց հենց նոյն պահին հնչում է Մոսկուայի հետ ուղիղ կապի հեռախօսի զանգը…
Իսկ դարձեալ մի քանի րոպէ անց բաժնի վարիչը զանգահարում է մինիստրին (նախարարին)։
– Սամսոն Իվանիչ, Ծխախոտի գործարանի տնօրէնի վիճակը լաւ չի՞:
– Ի՞նչ իմաստով, Ծատուր Եկորիչ:
– Նոր մօտն էի… (ընկեր Ալթունեանին մօտ – խմբ.)- նշանակալի ընդգծեց Գուլանեանը, – շատ բարկացած էր, ասաց, որ իր կարծիքով Արգամ Մանասեանը իր տեղում չէ: Երկու անգամ էլ կրկնեց: Դա նրա տեղը չէ, ասաց: Յետոյ էլ՝ թէ մի ամիս յետոյ նրա վերաբերեալ բոլոր նիւթերը կը դնես իմ սեղանին:
Հեռախօսալարի միւս ծայրում լռութիւն տիրեց:
– Լսո՞ւմ ես, – զարմացած հարցրեց բաժնի վարիչը:
– Լսում եմ, լսում, – արձագանգեց մինիստրը, – սեղանին թղթեր չկայի՞ն:
– Աչքովս ընկաւ, որ ինչ-որ զեկուցագիր էր:
– Այդ է որ կայ, – գլխով արեց մինիստրը: – Այդ է, որ կայ: Ես նրան զգուշացրի, գիտե՞ս , այ տղայ, ասացի, ի՞նչ գործ ունես, որ անցաւ գլուխդ ցաւի տակ ես դնում:
– Իսկ դու այս զեկուցագրին ծանօ՞թ ես, Սամսոն Իվանիչ:
– Չէ, – ասաց Սամսոն Իվանիչը, – այսպէս ասած՝ ընդհանուր գծերով. որքան հասկացայ՝ ցնդաբանութիւն է:
– Ուրեմն դա է պատճառը… շատ բարկացած էր… Հիմա ի՞նչ անենք, Սամսոն Իվանիչ:
Սամսոն Իվանիչը մտածեց մի պահ:
– Ինչ ասէք՝ կ’անենք… – յետոյ մի քիչ էլ մտածեց ու ասաց,- բայց լաւ տղայ է, գիտէ՞ք:
Բաժնի վարիչը բաւականին կեղծ հոգոց հանեց.
– Մենք բոլորս լաւ տղաներ ենք, Սամսոն Իվանիչ: Իսկ դու գիտե՞ս, որ այդ լաւ տղայի մասին ինձ մօտ մի նամակ կայ: Մէջտեղ չէի հանում, որովհետեւ մեր գիւղատնտեսութեան բաժնի վարիչի անունն էլ էր շօշափւում այնտեղ: Բայց հիմա ուրիշ ելք չունեմ:
– Այդ ի՞նչ նամակ է,- հարցրեց մինիստրը, տենդօրէն մտածելով, թէ արդեօք նոյն նամակի պատճէ՞նն է, որ գտնւում է իր գրասեղանի դարակում, թէ սա էլ նոր բան է:
– Անստորագիր է:
– Կոնկրետ (շօշափելի) փաստեր կա՞ն:
– Բոլորը կոնկրետ փաստեր են,- ասաց բաժնի վարիչը: – Եւ այդ կոնկրետներից մէկն էլ այն է, թէ իբր երբ Եւրոպայի շուրջը ճամբորդութեան էք գնացել միասին, ինքն է վճարել նաեւ քո եւ քո տիկնոջ ուղեգրերի արժէքը:
«Նոյն նամակն է, նոյնը», – սրտում յանկարծ սուր ծակոց զգաց Սամսոն Իվանիչը:
– Չի կարող պատահել, – որքան կարող էր անհոգ ասաց նա: – Բացարձակ զրպարտութիւն է: Մի՞թէ ես թոյլ կը տայի… Խնդրեմ, ի՞նչ ձեւով ուզէք, կարող էք ստուգել այս փաստը:
Բաժնի վարիչը մտահոգ քորեց ծոծրակը:
– Պիտի քննենք, բա ի՞նչ պիտի անենք:
(…)
– Սամսոն Իվանիչ, երեւի ճիշդն այն կը լինի, որ մեկուսացնես նրան:
– Ո՞նց:
– Շատ պարզ: Ալթունեանը յստակ ու որոշակի ասաց, որ գործարանը նրա տեղը չէ…
(…)
– Հա, բայց անունն ի՞նչ դնենք: Ձեռքներս տակ հիմա կոնկրետ ոչ մի հիմք չկայ:
Բաժնի վարիչը ծիծաղեց.
– Կասկած չունենաս, շուտով այնքան հիմքեր կը լինեն, որ չես իմանայ ինչ անես…
(…)
– Հա, բայց հիմա…
– Իսկ հիմա ասա, որ քեզ կարգադրել են նրան թողնել մինիստրութեան տրամադրութեան տակ, մինչեւ ժողովը կ՛ամփոփի արդիւնքները:
– Ծատուր Եկորիչ, բայց դուք գիտէք, որ նա Վազգէն Միհրանիչի ընկերն է: Նա ի՞նչ կ՛ասի:
Գուլանեանը հազաց.
– Ի՞նչ պիտի ասի, քեզ ասացի, չէ՞, որ նամակի մէջ նրա անունն էլ է շօշափւում»:
* * *
Ընթերցողը արդէն գիտէ թէ ինչ պատահած է այս հանդիպումէն ետք։
Գալ անգամ յետադաս այս ակնարկը պիտի մնայ մեր ետեւ, ու մենք պիտի տեսնենք, թէ ինչպէս Արգամ Մանասեանի վարորդ Աշոտը տարբեր ինքնաշարժով պիտի գայ զինք տանելու գործարան. Չմոռնանք, որ Աշոտը հաւատարիմ եւ երախտագէտ անձ է: