ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ «ԳԻՏՈՒԺ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ, «ՌՈԲՈՄԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հզօր գիտութիւն՝ ուժեղ պետութիւն», այն կարգախօսով 2021 թուականի Փետրուարին Հայաստանում մեկնարկեց «Գիտուժ» հանրային նախաձեռնութիւնը: Առաջատար տեխնոլոգիական (արհեստագիտութեան) արդիւնաբերութեան մի շարք գործարարների կողմից ստեղծուած այս նախաձեռնութեան առաջնային նպատակներից է երկրի տնտեսական զարգացումն ու անվտանգութիւնը՝ Հայաստանի գիտական էկոհամակարգի (կենսոլորտի համակարգի) արդիականացման ու գիտական հետազօտութիւնների եւ փորձակոնստրուկտորական (փորձառական կառուցուածքի) աշխատանքների (R&D) կարողութիւնների հզօրացման միջոցով: ««Գիտուժ»ի գործունէութիւնն ուղղուած է նրան, որ պետական մօտեցումը փոխուի, եւ սահմանուի, որ գիտութիւնը, մեր բոլոր բնագաւառների զարգացման, մեր կարիքների բաւարարման հիմքում է», նշում է նախաձեռնութեան անդամ Տիգրան Շահվերդեանը: Նա յորդորում է սփիւռքահայ մասնագէտներին աշխուժօրէն մասնակցել Հայաստանի գիտական համակարգի վերականգմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք յայտարարել էիք Հայաստանում գիտութեան ոլորտի ճգնաժամի մասին՝ նշելով, որ 2025 թուականին գիտութիւն գրեթէ չի լինի: Ինչի՞ վրայ է հիմնուած ձեր այս հաշուարկը:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Գիտութեան ոլորտում տիրող իրավիճակն իսկապէս շատ բարդ է՝ կարելի է ասել երեսուն տարուայ հակագիտական քաղաքականութեան հետեւանքով: Մենք հասել ենք այն վիճակին, որ այն ներուժը, որ ունեցել ենք, գրեթէ ամբողջութեամբ ոչնչացել է, ենթակառուցուածքներն արդիական չեն, եւ մնացել են քիչ թուով մարդիկ, ում դեռ յաջողւում է գիտական արդիւնք ապահովել:
Որպէսզի պատկերացնէք անկման ծաւալները, նշեմ, որ Հայաստանում վերջին երեք տասնամեակների ընթացքում, 30 հազար գիտաշխատողից այսօր մնացել է շուրջ չորս հազարը: Ստացւում է, որ այս ընթացքում գրեթէ ութապատիկ կորուստ ենք ունեցել, եւ գերակշիռ մասը արտագաղթի հետեւանքով: Մեր մօտ գիտնականների խտութիւնը բնակչութեան հաշուով երեք անգամից աւելի քիչ է, քան Եւրոպայում:
Նախորդ տարի, գիտութեան ոլորտի իրավիճակն այնպիսին էր, որ գիտնականի բազային (նախնական, հիմնական) աշխատավարձը միջինում կազմում էր 100 հազար դրամ: Ամենախնդրայարոյցը սակայն, գիտական ոլորտում ներգրաւուած մարդկանց տարիքն է: Շուրջ 3600 գիտաշխատողից 2500ն են, որ ունեն գիտական աստիճան, եւ նրանցից 1000ի տարիքը բարձր է 65 տարեկանից, եւ նրանք կա՛մ թոշակի են անցնում, կա՛մ կեանքից հեռանում են: Միաժամանակ, երիտասարդները, ովքեր հետաքրքուած են գիտութեամբ եւ մտնում են համակարգ, շատ արագ դուրս են գալիս, որովհետեւ իրենց գիտելիքների եւ հմտութիւնների պայմաններում աւելի հեշտ ու յարմար է աշխատել մասնաւոր հատուածում, օրինակ՝ տեղեկատուական տեխնոլոգիաների բնագաւառում, եւ ապահովել իրենց կենսունակութիւնը, ինչը գիտութեամբ զբաղուելու դէպքում հնարաւոր չէ:
Ասելով, որ 2025 թ.ին Հայաստանում գիտութիւն գրեթէ չի մնալու, մօտաւոր հաշուարկը հիմնուած էր ցուցանիշների վրայ, որոնց մասին խօսեցի, եւ հիմնականում այն, որ 65 տարեկանից բարձր շուրջ հազար գիտնականներն են, ովքեր ապահովում են մեր գիտական արդիւնքի գերակշիռ մասը: Կարելի է ենթադրել, որ մօտ հինգ տարի անց այս ներուժն այլեւս չենք ունենայ՝ պայմանաւորուած տարիքով: Եւ ցաւալին այն է, որ նման մէկ մարդու կորուստը մեր դէպքում նշանակում է գրեթէ մի ամբողջ գիտական դպրոցի վերացում, որովհետեւ տարիներ շարունակ իրենք չեն կարողացել ապահովել սերնդափոխութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նախորդ տարի, «Գիտուժ»ի պահանջով, աւելացաւ գիտութեանն ուղղուած պետական ֆինանսաւորումը: Ի՞նչ հարցեր յաջողուեց լուծել այդ բարեփոխման արդիւնքում:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- 2021 թ.ին, գիտութեանը պետբիւջէից յատկացումների հարցում որոշ փոփոխութիւններ տեղի ունեցան՝ նախատեսւում էր կրճատում, բայց փոխարէնը շուրջ 2 միլիարդ դրամի չափով աւելացուեց: Սա նաեւ «Գիտուժ»ի գործունէութեան արդիւնքն էր:
Խօսքը պետական մի մարմնին յատկացուող գումարների մասին է՝ ԿԳՍՄ ներքոյ գործող Գիտութեան կոմիտէի, որը պետական քաղաքականութիւն մշակող, իրագործող կառոյցն է, եւ այս կառոյցի միջոցով են ֆինանսներ բաշխւում գիտական տարբեր հաստատութիւններին ու ծրագրերին:
Անցեալ տարի որոշակի զարգացումներ տեղի ունեցան, նոր ծրագրեր գործարկուեցին՝ մասնաւորապէս, Հայաստանում առաջին անգամ յայտարարուեց հինգ տարուայ եւ աւելի երկարաժամկէտ դրամաշնորհների մասին: Որպէսզի պատկերաւոր լինի խօսքս, ասեմ, որ վերջին 30 տարում ամենաերկարաժամկէտ դրամաշնորհը սահմանուած է եղել երկու տարուայ համար, ինչը գիտական ծրագրի դէպքում շատ քիչ ժամկէտ է:
Մէկ այլ կարեւոր երեւոյթ էլ տեղի ունեցաւ՝ բազային աշխատավարձերի աւելացման ծրագիր ընդունուեց, եւ մինչեւ 2025 թուական միջինում երեք անգամ կ՛աւելանայ գիտութեան ոլորտում տրուող աշխատավարձերը:
Այդուհանդերձ կայ մի կարեւոր խնդիր, ինչը մնում է չլուծուած: Գիտութեան կոմիտէին բիւջէից յատկացուող ֆինանսական միջոցները հիմնականում ծախսւում են հիմնարար հետազօտութիւնների վրայ, որովհետեւ, ցաւօք, Հայաստանում միայն այդ համայնքն է մնացել: Կիրառական հետազօտութիւններով եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներով զբաղուող համայնքը գրեթէ ամբողջութեամբ վերացել է: Նոր ծրագրերը, թէեւ որոշ դրական միտումներ նախատեսում են հիմնարար հետազօտութիւնների ուղղութեամբ, բայց խնդիրները չեն լուծում: Այդ պատճառով, «Գիտուժ»ը շարունակում է բարձրաձայնել գիտական հետազօտութիւնների եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) (անգլ.՝ R&D, Research and Development) կարեւորութեան մասին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է հնարաւոր կասեցնել գիտութեան ոլորտի անկման ընթացքը՝ այն փոխելով դէպի զարգացում:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Նշածս բնական պատճառներից ելնելով, տարեկան շուրջ 200 գիտնականի կորուստ ունենք եւ այդ բացը պէտք է ինչ-որ ձեւով լրացնել՝ ներհոսք ապահովելով գիտական համայնք: Այստեղ երկու հնարաւոր ուղի կայ՝ մէկը դա ներքին աղբիւրն է, այսինքն, երիտասարդ սերունդը ասպիրանտուրայից (թեկնածուի մակարդակէն) յետոյ սկսում է զբաղուել գիտական գործունէութեամբ: Երկրորդ աղբիւրը՝ գիտնականների Հայաստան ներհոսքի կազմակերպումն է:

Առաջին տարբերակի դէպքում իրավիճակը բարդ է, եւ որքան էլ արագ գործենք՝ մի քանի տարի տեւելու է: Այս պահին, ասպիրանտների համար, պետպատուերով ընդյամենը 200 տեղ է նախատեսուած, սակայն ցաւօք, նոյնիսկ այդքանը չի լրացւում, քանի որ աւարտողների շատ քիչ տոկոսն է, որ շարունակում է գիտական գործունէութիւնը: Այս ուղղութեամբ առաջարկում ենք մի քանի լուծումներ՝ աւելացնել ասպիրանտական տեղերի քանակը, ինչը կը ստեղծի պահանջարկ: Երկրորդ, մեզ հարկաւոր է աւելացնել գիտութեան նկատմամբ հետաքրքութիւնը երիտասարդների շրջանում ե՛ւ դպրոցում, ե՛ւ համալսարանում, ինչը կը բերի քանակի աւելացման: Երրորդ՝ գրաւիչ դարձնել գիտնականի աշխատանքը, որ աւարտելուց յետոյ գիտութեամբ զբաղուելու ցանկութիւն ունեցող մարդկանց տոկոսն աճի: Ամէն դէպքում, նշածներս արագ փոփոխութիւն չեն առաջացնի: Մեր համար այս պահին կենսական՝ կտրուկ, արագ (մէկ երկու տարուայ մասին է խօսքը) փոփոխութիւն անելու միակ ուղին արտաքին աղբիւրն է: Այսինքն, ստեղծել պայմաններ, որ այլ երկրներից գիտնականները ցանկանան գալ Հայաստան: Նաեւ պէտք է սահմանենք, թէ օրինակ դրսից քանի գիտնականի ներգրաւուելու մասին է խօսքը: Այս պահին կան գործարկուած նոր ծրագրեր, որոնք նախատեսում են տարեկան ընդամենը մինչեւ քսան գիտնականի ներգրաւում: Երբ այս թիւը համեմատում ես մեր ներկայ իրականութեան՝ տարեկան 200 մարդու կորստի հետ, մեծ փոփոխութիւն չենք ունենալու եւ շարունակելու ենք մնալ այն ուղու վրայ, ըստ որի, 5 տարուց գիտութիւն չի լինի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչը կարող է գրաւել այլ երկրներում յաջողուած գիտնականներին գործունէութիւն ծաւալելու Հայաստանում: Կա՞յ արդեօք գիտութեան ոլորտի ռազմավարութիւն եւ դրանից բխող ծրագրեր, որոնք կը հետաքրքրեն նրանց:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Գիտութեան ռազմավարութիւն այս պահին չկայ, ինչը մեր ամենամեծ խնդիրներից է: Որպէսզի կարողանանք լուրջ գիտական գործունէութիւն իրականացնող մարդկանց բերել Հայաստան, կամ կապել մեր երկրի հետ, մեզ հարկաւոր են յաւակնոտ ու իրատեսական նպատակներ, ռազմավարական ծրագրեր եւ ներդրումներ:
Վստահութիւն ստեղծելու համար, Հայաստանը պէտք է օրէնքով ամրագրի, որ որդեգրել է գիտական եւ տեխնոլոգիական արդիականացման ճանապարհ: Այս առումով, Գիտուժի պահանջն է, որ երկրի ՀՆԱի առնուազն 1%ն օրէնքով յատկացուի եւ ներդրուի գիտական հետազօտութիւնների եւ գիտակոնստրուկտուրային աշխատանքների մէջ՝ ելնելով պետական կարիքներից: Միաժամանակ, մշակուի գիտութեան զարգացմանն ուղղուած համապատասխան ռազմավարութիւն՝ յստակեցուած ռեսուրսներով (միջոցներով) եւ իրականցման ժամանակացոյցով։
Սա լուրջ ազդակ կը լինի այն մարդկանց համար, ովքեր մտածում են Հայաստանում գործունէութիւն ծաւալելու ուղղութեամբ: Պէտք է այնպէս անել, որ մասնագէտը հասկանայ, որ զարգացած երկրում իր միջավայրը, աշխատանքը թողնելով եւ Հայաստան գալով մեծ ռիսկի (վտանգի) չի դիմում, քանի որ կան շատ ու երկարաժամկէտ ծրագրեր, պետական լուրջ յանձնառութիւն, որ շարունակուելու է անկախ կառավարութեան փոփոխութիւնից:
Գիտական այդ համայնքից ակնկալիքները մի կողմից վերաբերում են նոր գիտելիքի ստեղծմանը, որը կարող է նաեւ կիրառուել, բայց նաեւ շատ կարեւոր է, որ այդ մարդիկ զբաղուեն բարձրագոյն կրթութեան հարցերով, որի որակը Հայաստանում շատ ցածր է, ինչն էլ յանգեցրել է գիտութեան դեգրադացիայի (անկման): Սրա հիմնական պատճառներից է այն, որ կրթողներն ամբողջութեամբ զբաղուած են դասախօսութեամբ, եւ եթէ ուսման առաջին տարիներին դա ընդունելի է, որովհետեւ անցնում են որոշ առարկաներ, որոնք շատ չեն փոփոխւում, մագիստրատուրայի դէպքում արդէն, պէտք են գիտնականներ, ովքեր գործի բերումով տիրապետում են իրենց բնագաւառի ամենավերջին գիտելիքներին, եւ ըստ այդմ՝ կը թարմացնեն ու կը զարգացնեն կրթական նիւթերը: Այդ գիտնականների համար էլ գրաւիչ կարող է լինել այն, որ ինչպէս ընդունուած է աշխարհում, իրենք էլ գործընկեր, թիմակից գտնեն բարձրագոյն բուհական համակարգից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են Հայաստանի պետական կարիքներից բխող առաջնայնութիւնները, սահմանուա՞ծ են դրանք պետութեան կողմից: Այս հարցում ի՞նչ մարտահրաւէրներ էք տեսնում եւ ի՞նչ լուծումներ առաջարկում:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Հայաստանում առաջնայնութիւն ունեցող շատ պետական խնդիրներ կան, որոնց լուծման համար կարեւոր են նորարարական մեթոդները, որ ողջ աշխարհում հիմնւում են Գիտահետազօտական եւ փորձակոնստրուկտորական տարբեր տեսակի աշխատանքների վրայ։ Այդ մասով մեզ մօտ շատ մեծ բաց կայ։
Գիտութեան կոմիտէի հետ մէկտեղ, բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան ներքոյ գործող Ռազմարդիւնաբերութեան կոմիտէն է, որի միջոցով Հայաստանում իրագործւում են ԳՀՓԿ ծրագրեր, այդ թւում՝ պաշտպանական ոլորտի: Այս կառոյցի դէպքում սակայն կան լուրջ խնդիրներ, օրինակ այն, որ երկու տարի է այս կոմիտէն նախագահ չունէր: Միաժամանակ, 2022 թ.ին, այս կառոյցի համար նախատեսուած բիւջէն 5 անգամ աւելի քիչ է, քան Գիտութեան կոմիտէին տրամադրածը: Սա գուցէ այն բանի հետեւանք է նաեւ, որ անցեալ տարի, Ռազմարդիւնաբերութեան կոմիտէին յատկացուած 5 միլիարդ դրամից կէսից քիչն էր ծախսուել, եւ տարուայ վերջում էլ կրճատեցին: Այս տարին էլ դեռ չաւարտուած, մօտ 5.2 միլիարդ բիւջէով նախատեսուած գումարից արդէն երեք հարիւր միլիոն դրամ է կրճատուել:
Ինչպէ՞ս ենք փորձում ունենալ անվտանգային համակարգ, եթէ նորարարական լուծումների վրայ չենք ծախսում նոյնիսկ այն քիչ յատկացուած գումարը։ Անցեալ տարի, այս կոմիտէն ֆինանսական միջոցները չէր կարողացել ծախսել վատ աշխատանքի պատճառով, եւ տարուայ վերջին ստիպուած էին չծախսուած գումարներն ուղղել այլ նպատակների համար: Անհասկանալի է, թէ ինչու է այս տարի նոյն իրավիճակը կրկնւում, այսինքն, փաստացիօրէն ստացւում է, որ պետական մարմինները շարունակում են չգործել:
Սա այն կառոյցն է, որը ոչ միայն պէտք է կարողանար ծախսել յատկացուած գումարը, նաեւ՝ պէտք է պահանջեր, որ այդ գումարը բազմապատկուէր: Չեմ կարծում, որ Հայաստանում պէտք է աւելի քիչ ծախսուի պաշտպանական ԳՀՓԿ ծրագրերի վրայ, քան օրինակ հիմնարար հետազօտութիւնների վրայ: Ցանկացած երկիր, որ ցանկանում է ամրապնդել իր ինքնիշխանութիւնը, անվտանգութիւնը՝ ծախսում է շատ աւելի մեծ գումարներ իր պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքերի համար:
Կան նաեւ այլ բնագաւառներ, որտեղ մենք պետական առաջնայնութիւններ ունենք, օրինակ՝ տնտեսութեան զարգացում, գիւղատնտեսութեան արտադրողականութեան բարձրացում, դիւանագիտական խնդիրներ: Մեր տնտեսութեան մէջ ամենամեծ տեղը յատկացւում է գիւղատնտեսութեանը, բայց չկայ նպատակային ԳՀՓԿ բիւջէ՝ նախատեսուած օրինակ ագրոտեխնոլոգիաների (գիւղատնտեսութեան արհեստագիտութիւններու) զարգացման համար։
Ընդհանրապէս, բոլոր նախարարութիւններում կան նման խնդիրներ, որոնց լուծման գործիք է անհրաժեշտ դիտարկել ԳՀՓԿ աշխատանքների մեխանիզմը (կառուցակազմը)։
Ցանկանում եմ ընդգծել, որ խնդիրը միայն Գիտութիւն, տեխնոլոգիա, ճարտարագիտութիւն եւ մաթեմատիկա (ԳՏՃՄ) (անգլ.՝STEM, Science, technology, engineering, and mathematics) ուղղութիւնների մասին չէ: Հաւասարապէս կարեւոր են հասարակական եւ հումանիտար (մարդասիրական) գիտութիւններն ու դրանցից բխող կիրառելի գիտելիքները, որոնք կարող ենք օգտագործել մեր խնդիրների լուծման համար: Եւ այս հարցերում, մենք ընդհանրապէս չունենք բնականոն գործող կառոյցներ: Օրինակ անհասկանալի է, թէ որ կառոյցն է պատասխանատու հայագիտական առաւել կիրառական ծրագրերի համար: Ինչո՞ւ օրինակ արտգործնախարարութիւնը չունի բիւջէ, որպէսզի յատկացնի գիտական համայնքին՝ կոնկրետ խնդիրների արդիւնաւէտ լուծման համար:
Այստեղ է մեր ամենամեծ խնդիրը, որ մենք չունենք պետական կարիքներից բխող ԳՀՓԿ ռազմավարութիւններ, որոնց միջոցով կարողանանք մեր խնդիրներին համապարփակ լուծում ապահովել, եւ միաժամանակ հասկանանք, թէ ինչի հիման վրայ կարող ենք հիմնարար հետազօտութիւնները զարգացնել՝ ելնելով մեր համար առաջնահերթ հարցերից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այսօր Հայաստանում կա՞ն գիտութեան մրցունակ ոլորտներ:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Սկսեմ այնտեղից, որ այսօր գիտական համայնքում ներգրաւուած աշխատակիցների մօտ կէսը ԳՏՃՄում է, միւս կէսը՝ հասարակական, հումանիտար ոլորտում, որտեղ, ցաւօք, մեր գիտական արդիւնքը 5 տոկոսից քիչ է (գրախօսուող, միջազգային շտեմարանում յօդուածների քանակով): Սա ունի նաեւ պատմական պատճառ. մեր այսօրուայ գիտական համայնքը խորհրդային համայնքի շարունակողն է, եւ բնական է նման իրավիճակը, որովհետեւ Խորհրդային Միութիւնում հասարակական, հումանիտար գիտութիւնները դժուար էր գիտութիւն անուանել, քանի որ գաղափարական ճնշում կար: Մի գաղափարախօսութիւն էր ընդունւում, եւ բոլոր գիտական աշխատանքները պէտք է ինչ-որ ձեւով դրան ծառայէին, մինչդեռ գիտնականը պէտք է ազատ լինի ստեղծագործելու համար: ԳՏՃՄ ուղղութիւններն աւելի զարգացած էին, եւ ինչ որ չափով այս միտումը պահպանուել է: Հայաստանում ամենազարգացած ուղղութիւնն այսօր ֆիզիկան է: Մաթեմատիկան, համակարգչային գիտութիւնները շատ վատ վիճակում են, ինչը հետեւանքն է նրա, որ այս ոլորտի համայնքին հեշտ է եղել արտագաղթել, եւ անցնել մասնաւոր ոլորտ, քանի որ տեղեկատուական տեխնոլոգիաներն ակտիւ զարգանում էին:
Ներկայի մեր խնդիրը նրանում է, որ որքան էլ ուրախանում ենք մասնաւոր հատուածում զարգացումներով, գործընթացը կանգնում է, որովհետեւ չկան մարդիկ, ովքեր կրթելու են երիտասարդներին: Եւ այդ պատճառով, մեր համար շատ կարեւոր է շտապ վերականգնել եւ զարգացնել մեր գիտական կարողութիւնները: Եւ միւս կողմից էլ շատ կարեւոր է, որ մեր ազգի, մշակոյթի, պետականութեան ամրապնդման համար ներդրում արուեն հասարակական, հումանիտար գիտութիւնների մէջ, եւ դրանք հասցնել մրցունակ մակարդակի: Այստեղ վերականգնման մասին չէ խօսքը, այլ գրեթէ չեղածից ստեղծման: Մասնաւորապէս խօսքը հայագիտութեան մասին է, որը բացի մեզնից որեւէ մէկը չի անի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող է Սփիւռքը մասնակցել գիտական համակարգի վերականգնմանը՝ հաշուի առնելով, որ Հայաստանի համար գիտութիւնն այսօր գոյութենական նշանակութիւն ունի՝ երկրի անվտանգութեան ու զարգացման առումով:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Հայաստանի ռեսուրսները շատ չեն, եւ խնդիրը նրանում է, որ մենք եղածի ճիշդ չափաբաժինը չենք ներդնում մեր զարգացման մէջ: Այս պահին ՀՆԱի մօտ 0.35% է ներդրուած գիտութեան ոլորտում, եւ փաստարկն այն է, որ խնդիրը գումարը չէ, այլ այն, որ ներկայի համակարգը ֆինանսական միջոցները չի կարողանում արդիւնաւէտ ծախսել: Սա իրականում հարցի պատասխան չէ: Քանի որ մենք խօսում ենք 2-3 տարուայ ընթացքում աստիճանական աճի մասին՝ նպատակով, որ ներկայի կարողութիւններն արագ զարգացնենք, որպէսզի մի քանի տարի անց կարողանանք արդիւնաւէտ ծախսել այդ ՀՆԱի մեր առաջարկած 1%ը: Այսինքն, եթէ մեր մօտ չկայ լաւ զարգացած գիտական համակարգ, գործող ենթակառուցուածքներ՝ ներդրումը մօտակայ տարիներին պէտք է լինի ենթակառուցուածքների մէջ, ծրագրերում, որոնք գիտնականերրի մեծ հոսք կ՛ապահովեն: Այս հարցում անհրաժեշտ է պետական մօտեցում: Կարող է ինչ-որ բարերար խոշոր ներդրում անել, բայդ դա նշանակում է, որ ապագան դնում ենք ցածր հաւանականութեան գործընթացների վրայ:
Սփիւռքը կարող է նպաստել գիտական համակարգի վերականգնմանը տարբեր ուղղութիւններով, եթէ լինի պետական պատուէր, այսինքն, պետութիւնը հասկանայ ինչ նպատակներ ունի: Հայաստանում խնդիր կայ ռազմավարութիւնների մշակման եւ իրականացման: Եթէ կան մարդիկ, ովքեր լուրջ փորձ ունեն տարատեսակ կիրառական, ԳՀՓԿ կազմակերպման, մշակման, իրագործման մէջ, օրինակ ՆԱՍԱի, եւ այլ մեծ կազմակերպութիւններից, շատ օգտակար կը լինի եթէ դիմեն նաեւ «Գիտուժ»ին, կապեր հաստատենք եւ միասին իրականացնենք: Անհրաժեշտ է նաեւ մեր սփիւռքահայ մասնագէտների ներգրաւումը Հայաստանի բարձրագոյն կրթական համակարգում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Գիտուժ» նախաձեռնութիւնը ստեղծուել է Հայաստանում գիտութեան ոլորտը վերակառուցելու եւ զարգացմանը աջակցելու նպատակով: Դուք նաեւ վստահելի հարթակ էք, որ համախմբում է գիտական համայնքը: Ոլորտով հետաքրքրուած եւ ներդրման ցանկութիւն ունեցողները կարո՞ղ են դիմել ձեր նախաձեռնութեանը տեղեկութիւններ եւ տարբեր հարցերով աջակցութիւն ստանալու:
ՏԻԳՐԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- «Գիտուժ»ի, որպէս հանրային նախաձեռնութեան, գործունէութիւնն ուղղուած է նրան, որ պետական մօտեցումը փոխուի, եւ սահմանուի, որ գիտութիւնը, մեր բոլոր բնագաւառների զարգացման, մեր կարիքների բաւարարման հիմքում է, այդ թւում՝ կրթութեան: Կրթութիւնն էլ պէտք է զարգացնել գիտութեան հետ զուգահեռ: Եւ միաժամանակ, ձեւակերպել պատուէր՝ ԳՀՓԿ-ի համար:
Մենք հասկացանք, որ ունենք ցաւալի իրողութիւն, այն է՝ մասնագէտների պակաս, եւ ականատես եղանք, թէ ինչ ազդեցութիւն է այս հանգամանքն ունենում պետութեան վրայ: Յատկապէս պատերազմից յետոյ հասկացանք, որ գիտական համակարգը վերականգնելու համար անհրաժեշտ է համախմբում եւ խնդիրների բարձրաձայնում այնպէս, որ հնարաւոր լինի դրանք լուծել: Մենք հանդէս ենք գալիս որպէս հասարակութեան մի շերտի ձայն, ով գիտակցում է խնդիրները, եւ շատ ուղիղ տեսնում է դրա ազդեցութիւնը երկրի անվտանգութեան, զարգացման վրայ, եւ առաջարկում է լուծումներ:
«Գիտուժ»ի շուրջ աննախադէպ խոշոր համախմբում ստացուեց: Այս պահին ունենք շուրջ 175 ընկերութիւնների հիմնադիրներ, եւ ղեկավարներ, եւ աւելի քան 19 մեծ կազմակերպութիւն՝ այդ թւում ԱՄՆից, որ միացել են «Գիտուժ»ին, աջակցութիւն յայտնել մեր օրակարգին:
Մեր նպատակը նաեւ գիտութեան հանրայնացումն է, որովհետեւ վերջիվերջոյ, հանրային պահանջն է, որ դրսեւորւում է ինչ-որ ձեւով արդէն կառավարութեան, Ազգային ժողովի գործողութիւններում: Այս առումով, այսօր կարող ենք տեսնել փոփոխութիւն հանրային պատկերացման մէջ: Դեռ անցեալ տարի, մինչեւ «Գիտուժ»ի ստեղծուելը, շատ հազուադէպ էր գիտութեան մասին խօսւում հանրութեան շրջանում, եւ բացի այդ, յաճախ կարող էիք լսել պետական պաշտօնեաների կողմից զարմանալիօրէն ցաւալի արտայայտութիւններ գիտութեան մասին: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ գիտութեան մասին խօսւում է ամէն օր եւ ամէնուր: Եթէ նախկինում կարիք կար տարբեր հարթակներում հանդիպել, ներկայացնել պաշտօնեաներին, լրագրողական համայնքին, հասարակութեան այլ հատուածների, թէ ինչու է գիտութիւնը կարեւոր, այսօր մարդիկ արդէն ինքնուրոյն են զբաղւում գիտութեանը վերաբերող հարցերով:
Գիտուժը նաեւ տեղեկատուութեան աղբիւր է: Եթէ կան անհատներ կամ կազմակերպութիւններ, ովքեր ցանկանում են Հայաստանում գիտութեան զարգացման ուղղութեամբ ներդրում կատարել, մենք կարող ենք նրանց ծանօթացնել գիտական համայնքին եւ ծրագրերին, նաեւ՝ կ՛աջակցենք ստեղծել իրենց սեփականը: Տեղեկութեան կարգով ասեմ, որ Հայաստանում ներկայում գործում է երեք մասնաւոր լաբորոտորիա (տարրալուծարան)՝ «Բազումք»ը, (Bazoomk) որը զբաղւում է տիեզերական հետազօտութիւններով, «ԵրեւաՆՆ»ը՝ (YerevaNN) մեքենայական եւ Հայկական բիոիֆորմատիկա (կենսաբանական տուեալներու ուսումնասիրութիւն) ինստիտուտը (հիմնարկութիւնը) (Armenian Bioinformatics Institute) բիոիֆորմատիկայի ոլորտում են հետազօտութիւններ իրականացնում:
Գիտութիւնն ու նորարարութիւնը գնահատող ձեռներէցներն ու կազմակերպութիւնները հնարաւորութիւն ունեն Հայաստանի հզօրացման գործում իրենց խօսքն ասելու՝ տարատեսակ ներդրումներ կատարելով գիտութեան մէջ: