Մայիսի 3ին տեղի ունեցած A-320ի աղէտը այսօր նորից հրապարակային քննարկումների առարկայ է դարձել։
Թէպէտ շատուշատ հարցերի պատասխաններ տրուած են արդէն, բայց կան դեռ չպարզաբանուած խնդիրներ։ Աւելին՝ Միջպետական օդագնացութեան կոմիտէի (ՄՕԿ) նախնական եզրակացութեան հրապարակումից յետոյ ծնուել են նորանոր հարցեր։ Հէնց այս իրավիճակից օգտուելով էլ ոմանք փորձում են վերակենդանացնել A-320 ինքնաթիռի աղէտի սկզբնական շրջանում եղած եւ հետագայում, յատկապէս «սեւ արկղերի» գրառումների վերծանումից յետոյ հերքուած վարկածներից երկուսը։
Խօսքը ինքնաթիռում իբր տեղի ունեցած հաշուեյարդարի, կրակոցների եւ օդում ինքնաթիռի պայթիւնի, մասերի բաժանուելու մասին է։
Նշուած վարկածները վերակենդանացնել փորձողը նախկինում Հայաստանի քաղաքացիական օդանաւորդութիւնում որպէս 2րդ օդաչու աշխատած Վլատիմիր Պօղոսեանն է։
Նա նախ Հոկտեմբերի 19ին Լրագրողների միութիւնում յայտարարել է, որ A-320ի աղէտը տեղի է ունեցել ինքնաթիռում ծաւալուած «ռազբորկայի» պատճառով։ «Մայիսի 3ին աղէտի ենթարկուած A-320 ինքնաթիռի կործանման իրական պատճառը պայթիւնն է եղել, մինչեւ թռիչքը քրէական ուղեւորների երկու խմբերի միջեւ լուրջ «ռազբորկա» է եղել, որը շարունակուել է ինքնաթիռում», ասել է նա։
Նոյն ասուլիսի ընթացքում Վ. Պօղոսեանը յայտնել է նաեւ, թէ ՌԴ չորս քաղաքացիներ ինքնաթիռից զանգահարել եւ տեղեկացրել են, որ «ինքնաթիռում հրաձգութիւն է գնում»։
Նկատի ունենանք, որ նախկին օդաչուն յստակօրէն յայտնել է քրէական յանցագործութեան մասին։ Եթէ իրօք նշուած հեռախօսազանգերը եղել են եւ այդ մասին որոշակի փաստեր են յայտնի Վ. Պօղոսեանին, ապա նա պարտաւոր էր եւ այժմ էլ պարտաւոր է դատախազութեանը յայտնել, թէ ում են զանգահարել նրանք։ Չէ՞ որ եթէ վերջիններիս ինքնութիւնը յայտնի դառնայ, ապա հեռախօսակապի հսկիչի միջոցով հեշտութեամբ հնարաւոր կը լինի պարզել, թէ իրականում նման զանգեր եղե՞լ են ինքնաթիռում գտնուող նրանց մերձաւորներից, հարազատներից կամ ընկերներից։ Ի վերջոյ, հնարաւոր կը լինի քննել այդ զանգերը ստացողներին եւ նրանցից իմանալ՝ իրականում ինչ է իրենց ասուել։
Յիշեալ մամուլի ասուլիսից յետոյ «Արմաւիա» ընկերութեան մամուլի քարտուղար Ժասմէն Վիլեանը յայտարարեց, որ աւիաընկերութիւնը նման փաստեր չունի եւ մտադիր է դիմել դատախազութիւն՝ Վ. Պօղոսեանի ասածն ուսումնասիրելու նպատակով։ Իրօք, ինքնաթիռից հեռախօսազանգեր ստացած (եթէ, ի հարկէ, եղել են նշուած բովանդակութեամբ զանգեր, ինչին չենք կարող հաւատալ) անձանց տուեալները չհրապարակելն արդեօք չի՞ նմանւում վկայի կողմից ցուցմունք տալուց հրաժարուելուն (Քր.օր.ի 339րդ յօդուած)։
Թերեւս զգուշանալով պատասխանատուութեան հեռանկարից՝ Վ. Պօղոսեանը փորձեց դիմել խորամանկ հնարքի։ Հակաոճրային շարժման շրջանակներում Հոկտեմբերի 26ին հրաւիրուած հասարակական լսումներում հանդէս գալով որպէս գլխաւոր զեկուցող, նա այլեւս հաստատակամօրէն չյայտարարեց (ինչպէս ասուլիսում), որ A-320ի աղէտի պատճառն ինքնաթիռում տեղի ունեցած «ռազբորկան» եւ պայթիւնն են եղել։ Վ. Պօղոսեանը վերը նշուածն արդէն ներկայացրեց որպէս վարկած։ Դէ, վարկած էլ կայ, վարկած էլ. երբ ներկայացուող բացատրութիւնն առաւել քան անհեթեթ է, այն այլեւս հնարաւոր չէ վարկած անուանել ու քօղարկուել դրա փրկիչ վարագոյրի հետեւում։
Ինքնաթիռում իբր կատարուած փոխհրաձգութեան եւ A-320ի պայթիւնի մասին խօսողը պարզապէս անտեսում է անժխտելի իրեղէն ապացոյցների գոյութիւնը։ Ինչպէս արդէն նշել ենք, թռիչքի ողջ ընթացքում ինքնաթիռի «սեւ արկղերի» կատարած ձայնագրութիւններում, որոնք անընդհատ են, ամբողջական, անգամ մէկ կրակոցի ձայն չկայ։ Պայթիւնի ձայն նոյնպէս չկայ։ Ըստ մասնագէտների, հնարաւոր չէ, որ դրանք լինէին ու չձայնագրուէին։
Այս ամէնից յետոյ կրակոցների եւ պայթիւնների մասին խօսակցութիւնները շարունակելը նշանակում է ոչ միայն կասկածի տակ դնել ձայնագրութիւնների վերծանմանը մասնակցած հայ, ռուս եւ ֆրանսիացի մասնագէտների, համապատասխան յանձնաժողովի եւ ՄԱԿի յայտարարութիւնները եւ եզրակացութիւնները։ Դա նշանակում է նաեւ նրանց մեղադրել պաշտօնական կեղծիք թոյլ տալու, կրակոցների եւ պայթիւնի ձայնի մասին չյայտնելու եւ յանցագործութիւնը պարտակելու մէջ։ Ընդսմին՝ հաշուի չառնելով, որ խօսքը մէկ երկրի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասին չէ, որոնք իրենց վերադասի պահանջով մի գուցէ կարող էին դիմել այդպիսի քայլի։
Խնդիրն այն է, որ աղէտի պատճառների հետաքննութիւն իրականացրած կողմերը տարբեր են ու տարբեր շահեր, ցանկութիւններ ունեն։ Ըստ «Արմաւիա» ընկերութեան թռիչքների անվտանգութեան տեսչութեան պետ Արշակ Նալբանդեանի, ֆրանսիական կողմը շատ կ’ուզենար, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթիւնը եղած լինէր, սակայն երբ եկել, բեկորները տեսել, ուսումնասիրել են, միանշանակ համոզուել եւ ընդունել են, որ պայթիւն չի եղել։
Չմոռանանք նաեւ, որ դեռ մինչեւ «սեւ արկղերը» յայտնաբերելը, կատարուել է ինքնաթիռի բեկորների մանրազնին ուսումնասիրութիւն, նաեւ տարրալուածարանի պայմաններում։ Թերեւս արդէն աւելորդ է ասել, որ դրանց վրայ պայթիւնին բնորոշ որեւէ հետք (ջերմութեան ազդեցութիւն, քիմիական նիւթի մնացորդ եւ այլն) չի յայտնաբերուել։ Այս ամէնից յետոյ դարձեալ պայթիւնի մասին խօսելը նշանակում է նաեւ այդ մասնագէտներին մեղադրել կեղծիք թոյլ տալու մէջ։
Ի վերջոյ, եթէ ՌԴ քաղաքացի 4 ուղեւոր զանգահարել եւ տեղեկացրել են կրակոցների մասին, ապա կատարուած յանցագործութեանը տեղեակ առնուազն չորս տարբեր անձանցից որեւէ մէկն ինչո՞ւ պէտք է առ այսօր լռէր, ասպարէզ չգար ու ՌԴ կամ ՀՀ գլխաւոր դատախազութեանը չտեղեկացնէր այդ մասին։ Չէ՞ որ նման դէպքերում սովորաբար մերձաւոր անձանց են զանգահարում, եւ այդ զանգերը ստացողները, որպէս տուժողներ, մօտ մարդիկ կորցրածներ, պէտք է շահագրգռուած լինէին ճշմարտութիւնը բացայայտելու գործում։
Ըստ Վ. Պօղոսեանի, ինքն իր ասածը հիմնաւորող փաստեր ունի, բայց դրանք կը ներկայացնի միայն անկախ յանձնաժողովին, եթէ ստեղծուի այդպիսին։ Այս ամէնից յետոյ արժէ՞ հաւատալ նրան։