Այսօր ճանապարհորդելու ամենաարագ, անվտանգ եւ յարմարաւէտ միջոցը ինքնաթիռն է: Երկարաժամկէտ հեռաւոր թռիչքները, սակայն կարող են որոշ անյարմարութիւնների առիթ տալ: Ինչպէ՞ս հնարաւորինս հաճելի եւ յարմարաւէտ դարձնել ուղեւորութիւնը:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռի խցիկի օդային խոնաւութիւնը կրճատւում է մինչեւ 20 տոկոս եւ ցածր, ինչը հաւասար է անապատի խոնաւութեանը: Այն առողջութեանը վնաս չի կարող տալ, բայց կարող է մաշկի, աչքերի եւ լորձաթաղանթի չորութեան պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար թռիչքի ընթացքում անհրաժեշտ է բաւականաչափ ջուր խմել:
Աչքի «կոնտակտային» ոսպնեակի փոխարէն ակնոցներ կրէք: Թռիչքի ընթացքում հրաժարուէք դիմայարդարումից, ցանկալի է միայն խոնաւեցնող քսուկ կամ սփրէյ (սրսկիչ) օգտագործել:
Խմէք ջուր կամ հիւթ եւ լիովին հրաժարուէք սուրճից եւ ալկոհոլից (ոգելից ըմպելի):
Թռիչքային ժամանակահատուածը ստիպում է ձեզ չփոխել դիրքը, ինչը արեան շրջանառութեան դանդաղացման պատճառ կարող է դառնալ: Փորձէք փոխել դիրքերը, շարժուել միջանցքի երկարութեամբ:
Ընտրէք ընդարձակ եւ բնական հագուստ եւ կօշիկներ:
Թռիչքից առաջ խորհրդակցէք ձեր բժշկի հետ` արդեօ՞ք յարմար է ասպիրինի փոքր դեղաչափ օգտագործել:
Ժամանակային գօտիների փոփոխութիւնը կարող է լրջօրէն ազդել ձեր առողջութեան վրայ: Կենսաբանական ժամացոյցը խախտւում է, եւ կարող է դրսեւորուել ախտանիշներ, ինչպիսիք են՝ անհանգիստ քունը կամ մարսողական խնդիրները: Հնարաւորութեան դէպքում ընտրէք ոչ թէ գիշերային թռիչք, այլ մէկօրեայ ուղեւորութիւն: Թռիչքի ժամանակ, ուտել թեթեւ սնունդ եւ խմել շատ ջուր:
Նշենք, որ համապատասխան օրէնքների համաձայն, օդային ընկերութիւնները փոխադրում են 30 շաբաթը չգերազանցող յղիներին: Չուերթին գրանցուելու ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել բուժհաստատութեան կողմից տրամադրուած բժշկական եզրակացութիւնը:
Եւ վերջապէս, երկարատեւ թռիչքների ընթացքում դուք չպէտք է մոռանաք ընդունել ձեր դեղամիջոցները` յատկապէս եթէ դրանք վերաբերում են սրտանօթային հիւանդութիւններին եւ շաքարախտին:
Եթէ թռիչքի ընթացքում ունենում էք վատ ինքնազգացողութիւն, ապա սեղմէք ուղեկցորդի զանգի կոճակը․ անձնակազմը ունի անհրաժեշտ դեղորայքը եւ մասնագէտների կողմից վերապատրաստուել են առաջին օգնութիւն ցուցաբերելու համար, մինչեւ անգամ ծննդաբերութիւն ընդունելուն:
Հաճելի ուղեւորութիւն բոլորին: