ԵՐԵՒԱՆ, «Առաւօտ».- Արցախի անվտանգութեան խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանեան 8 Օգոստոսին ատրպէյճանցի պաշտօնատարներու հետ շրջեցաւ Բերձորի մէջ եւ ցոյց տուաւ յառաջիկայ օրերուն ատրպէյճանցիներուն յանձնուող բերձորցիներու տուները: Այս մասին «Առաւօտ»ին պատմեց Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրեան:
Ըստ անոր՝ բնակիչները հաւաքուած էին գիւղի կեդրոնը, երբ տեսան Բալասանեանը կու գայ ատրպէյճանցի հրամանատարներունհետ: «Ընդ որում` առաջին անգամ չէ, որ նա թուրքերի հետ հանգիստ շրջում է, մենք Շուշիի պոստերում էլ ենք տեսել, թէ ինչպէս է քաղցր-քաղցր զրուցում դրանց հետ», յայտնեց բնակիչ մը:
«Ադրբեջանցիներն արդէն եկել` մեր տներն էին նայում: Վիտալին ցոյց էր տալիս մեր տները` հաւաստիացնելով, որ մենք չենք քանդում, չենք աւերում, նորմալ է ամէն ինչ: Պատկերացնում ենք` ինչ եղաւ մեր վիճակը, որ նայում էինք այդ ամէնին: Մեր բնակիչներից մի շատ համարձակ կին մօտեցաւ Վիտալիին ու ասաց` մեր հողերը սաղ ծախեցիք, քիչ է, հրահանգել ես ժողովրդին, որ մի չոփ վնաս չտան, ինչի՞ համար: Մարդիկ տարիներով ապրել են, ստեղծել են, դուք ասում էք` բանալիներով կը փակէք, կը բերէք կը տաք, ղեկավարներին: Ի՞նչ է, մեզ էլ Լաչինի հե՞տ էք վաճառել: Վիտալին ապշած մեզ էր նայում, յետոյ նստեցին աւտոն ու թռան: Կարելի՞ է նման բան անել», ըսաւ բնակիչ Սաթիկ Ասատրեան:
Այս տեղեկութիւնը «Առաւօտ»ը փորձեց ճշդել Բալասանեանէն, սակայն ան չպատասխանեց հեռաձայններուն եւ գրաւոր հարցումներուն։
Հ․ Գ․ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ գրել է․ «Ի գիտություն ՀՀ լրատվամիջոցների, Բալասանյանը չի շրջել Բերձորով, այլ եռակողմ հանդիպում է եղել ռուսական խաղաղապահի կայանատեղիում, որից հետո գեներալը զրուցել է բերձորցիների հետ, պատասխանել բազում հարցերի, հընթացս սաստելով ադրբեջանցի պաշտոնյային, որը խաղաղապահի հրամանատարության հետ այդ պահին այդտեղ է եղել»։
https://www.aravot.am/2022/08/09/1284541/