ԵՐԵՒԱՆ. – Սեպտեմբերի 2ին Starmus VI փառատօնի շրջանակում կազմակերպուած մամուլի ասուլիսի սեղանի շուրջ հաւաքուել էին աշխարհահռչակ երաժիշտներ` իրենց արուեստի միջոցով գիտութեան հանրայանցմանը նպաստելու նպատակով:
Ասուլիսի ընթացքում փառատօնի համահիմնադիր Գարիկ Իսրայէլեանին միացել էին Սերժ Թանգեանը, Ռիք Վէյքմանը, Դերիք Շերինեանը, երաժիշտ` Ռոն Թալ Բամբլֆութը եւ Տիգրան Համասեանը (առցանց):
Երաժիշտներին միաւորել էր մարդկութեան ապագայի համար գիտութեան կարեւորութիւնը հանրութեանը հասցնելու «Սթարմուս»ի տեսլականը: Փառատօնն իր մէջ ներառում է գիտութիւն, արուեստ եւ արհեստագիտութիւններ, ընդ որում` արուեստի միջոցով մարդկանց առաւել գրաւիչ է դարձնում գիտութիւնը: Սա է միջազգային Starmus փառատօնի հիմնաքարը, ինչը իւրօրինակ եւ ողջ աշխարհում որեւէ փառատօնի ժամանակ չկրկնուող ձեւաչափ է:
«Starmus-ը իւրայատուկ ձեւաչափ է, որը որեւէ փառատօն չի կարողացել կրկնօրինակել: Մեզ յաջողուել է երաժշտութեան ու գիտութեան այնպիսի համադրութիւն ստանալ, այնպէս բացայայտել թէ՛ երաժիշտների, եւ թէ գիտնականների ներաշխարհները, որ անհնար է դառնում իւրաքանչիւր մարդու չգտնել մի մասնիկ, որն իրենն է այս փառատօնում, որն իրեն կ՛ոգեշնչի ու հետաքրքրի: Այս ձեւաչափի կիրառութեանը մենք բոլորս ականատես կը լինենք մի քանի օրից, երբ թէ՛ Երեւանում, եւ թէ մարզերում բազմաթիւ միջոցառումներ կ՛անցկացուեն`աշխարհահռչակ գիտնականների, նոբէլեան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների եւ արուեստագէտների մասնակցութեամբ: Ես ինքս` մարդ, ով 30է աւելի տարի զբաղւում է գիտութեամբ, մշտապէս ոգեշնչուել եմ երաժշտութեամբ, ինքս նուագել եմ ու շարունակում եմ տարուել երաժշտութեամբ: Փառատօնի խօսնակ գիտնականներն իրենք նոյնպէս բազմակողմանի եւ իւրայատուկ մարդիկ են, ովքեր իրենց փորձով ու դասախօսութիւններով, ես ուղղակի համոզուած եմ, գերելու են ներկաներին: Մենք դրա ականատեսն ենք եղել նախորդ 5 փառատօնների ընթացքում եւ Հայաստանում նոյնն է սպասւում», նշեց Իսրայէլեանը:
Ասուլիսի ընթացքում ներկաները փաստեցին, որ իրենք մինչեւ Իսրայէլեանի հետ ծանօթանալը երբեւէ չեն մտածել, որ հնարաւոր է իրենց կեանքի գործը`երաժշտութիւնն ու երգարուեստը, օգտագործել գիտութեան հանրայնացման համար եւ դրանով իսկ նպաստել տուեալ երկրում, որտեղ անցկացւում է փառատօնը, գիտութեան առաւել մատչելի դարձնելուն հասարակութեան ամենատարբեր տարիքի անդամների համար:

Մասնակիցներից Սերժ Թանգեանը, ով ծագումով հայ է, մատնանշեց նմանօրինակ նախագծի մասնակցութեան կարեւորութիւնն իր համար, քանի որ հնարաւորութիւն է ունենում ոչ միայն միաւորելու հանրութեանը երաժշտութեան ու իր կատարումների շուրջ, այլ երիտասարդութեան շրջանում սերմանելու սէր դէպի գիտութիւն ու դրա կարեւորութիւնը հասցնելու հայ եւ միջազգային հանրութեանը:
«Փոքր ազգերը, շրջափակուած ազգերը եւ պետութիւնները, որոնք հարուստ չեն բնական պաշարներով, կրթութեան, գիտութեան եւ արհեստագիտութիւնների միջոցով կը կարողանան յաջողութիւնների հասնել», նշեց նա:
Հարցին, թէ արդեօք արհեստական բանականութիւնը կը դրուի իրենց երաժշտութեան, հիմքում Սայմն Ֆիլիպսը պատասխանեց. «Մենք չենք ծրագրում արհեստական բանականութիւնը դնել մեր երաժշտութեան հիմքում: Մենք ուղղակի մեր բանականութիւնը կը դնենք: Ի հարկէ, գիտական տեսանկիւնից արհեստական բանականութեան կիրառութիւնը կարող է հետաքրքիր փորձառութիւն լինել, բայց մենք երաժշտութեամբ գրում ենք մարդկանց զգացմունքները: Իսկ դրանք դեռեւս պէտք է սովորեցնել արհեստական բանականութեանը»:
Իսկ Ռիք Վէյքմանը յաւելեց, որ «արհեստական բանականութեան միջոցով ստեղծուած երաժշտութիւնը քո նախկին փորձառութեան վրայ է հիմնուած: Ի հարկէ, այդպէս կարող ես երաժշտութիւն ստեղծել: Բայց ոգեշնչումը…»:
Երաժշտութեան եւ գիտութեան կապի մասին թեման շարունակեց Տիգրան Համասեանը` մասնաւորապէս նշելով. «Կարծում եմ` գիտութիւնը եւ երաժշտութիւնը միշտ միասին են եղել: Երաժշտութիւնը բարդ կառուցուածք ունի, եւ դրանում քիչ տոկոս չի կազմում գիտութիւնը»:
Այս տարուայ «Սթարմուս»ը լի է երաժշտութեամբ` հրաշալի երաժիշտների մասնակցութեամբ: Փառատօնը կը բացի Տիգրան Համասեանը, Դերիկ Շերինեանը, Սայմոն Ֆիլիպսը եւ Ռոնը Բամբլֆուտ Թալը կը միանան նրան:
Սթիւեն Հոքինգի անուան շքանշանի յանձնման արարողութեան համերգը՝ Sons of Apollo-ն, տարբեր ոճերի համադրութիւն է`, Սերժ Թանգեանի, Ռիք Վէյքմանի, Տիգրան Համասեանի մասնակցութեամբ:
«Չորեքշաբթի օրը Բրայան Մէյի առաջնորդութեամբ եւս մէկ համերգ կ՛ունենանք, որը
Կը բացի Հայաստանի առաջատար խմբերից մէկը` Nemra-ն, Գոռ Սուջեանի եւ կրտսեր
Ջիւան Գասպարեանի մասնակցութեամբ: Մեզ բոլորիս հրաշալի փառատօն է
սպասւում` շատ հարուստ ծրագրով», եզրափակեց իր խօսքը Իսրայէլեանը:
STARMUS VI փառատօնի մասին Հայաստանում Starmus VI գիտութեան եւ արուեստի փառատօնը անց է կացուելու
« Starmus VI. 50 տարի Հրատի վրայ» խորագրով եւ նուիրուած է լինելու Հրատի վրայ
«Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50ամյակին (https://starmus.com/Armenia): Յատկանշական է, որ «Մարս 3»ը տեղափոխել է դէպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն գիտնական Ալեքսանդր Քեմուրջեանի Prop-M մարդամեքենան։