Հազուադէպ է պատահում, երբ մէկ անձ կարողանում է փոխել պատմութեան ընթացքը, կամ անել աւելին՝ քան պետութիւնները իրենց տասնեակ վարչակազմերով։
Ինչպէ՞ս է լինում, ինչպէ՞ս են դէպքերը խաչաձեււում, որ նրանց կեանքի ողբերգական ընդհատումը՝ նրանց մահը, դառնում է նոր կեանքի կամ յարաբերութեան սկիզբ, դառնում մէկ ամբողջ պետութեան գործընթացի վերաքննման բանալի։
Ճակատագրական ի՞նչ մղումով են գործում այդ անհատները։ Եւ ո՞րն է նրանց թողած անվերաքննելի հմայքի ուժը, նրանց սնող աղբիւրները։
Այս տարուայ Յունուար 19ից առաջ, նոյնիսկ նախորդ օրը, շատ քչերին էր ծանօթ Հրանդ Տինք անունը, մինչեւ իսկ Թուրքիայում կամ Հայաստանում կամ աշխարհի որեւէ անկիւնում ապրող հայերից շատերի համար։ Եւ յանկարծ Յունուար 19ի առաւօտեան այդ անունը դարձաւ հարազատ մինչեւ իսկ աշխարհի համար։ Միեւնոյն ժամանակ Յունուար 19ը դարձաւ ողբերգական մի օր Հրանդ Տինքի ընտանիքի, ողջ հայութեան եւ, զարմանալիօրէն, նաեւ աշխարհի համար։ Իսկ այն երկրում, ուր առաւօտեան տեղի ունեցաւ ոճրագործութիւնը, ծայր առաւ անսովոր զգացական մի շարժում, որը տուեալ երկիրը կանգնեցրեց քաղաքական բաւական լուրջ հարցադրումների առաջ։
Մինչ այդ օրը իր ներքին բռնութիւնները թաքցնող երկիրը յանկարծ բռնուեց այդ բռնութիւնների դէմ խօսող մի հայի լռեցնելու յանցանքում։
Այդ նոյն երկիրը, որն ամէն կերպ մոռանալով իր վայրագ անցեալն ու ներկան, ուզում է միանալ քաղաքակիրթ երկրներին, յանկարծ օր ցերեկով գետին է տապալում իր քաղաքացուն։
Երկիր, որը կտրականապէս հերքում է հայի դէմ գործած Ցեղասպանութիւնը, նրա դէմ ունեցած ատելութիւնն ու խտրականութիւնը, բայց նոյն ատելութեամբ սպաննում է իր օրէնքի դէմ դուրս եկող հային։
Եւ վերջապէս երկիր, որն արգելում է իր քաղաքացիներին թուրքից զատ այլ ազգի պատկանելիութիւն, հաշուեյարդար է տեսնում այդ արգելքը արհամարհողի հետ։
Զարմանալի ոչինչ չկայ, քանի որ արիւնով ձեռք բերուած ողջ երկիրը՝ հաւատարիմ իր սպանելու աւանդութեանը, սրբօրէն շարունակում է հետեւել այդ աւանդութեանը, իր զարգացման հետ փոխելով միայն սպանութեան ձեւերը։ 20րդ դարասկզբին նա հայի գլուխը փշրում էր քարերով, 21րդ դարում՝ ատրճանակով։
Բայց ինչպէ՞ս պատահեց, որ արեան ու սպանութիւնների սովոր թուրք ժողովուրդն ու ողջ երկիրը անմիջապէս ցնցուեց մէկ հայի մահով։ Ինչպէ՞ս եղաւ, որ թուրք երիտասարդութիւնը, որը բոլորովին անտեղեակ էր իր երկրի պատմութեան նախորդ դրուագներին, յանկարծ մէկ անարդար ոճրագործութեամբ արթնացաւ ու, ամաչելով իր նախորդների վայրագ արարքներից, այս անգամ իր բողոքն ու ցասումը յայտնեց մարդկային զգացման խորը արարքով՝ արցունքով, ցաւակցութեամբ հրաժեշտ տալով իրեն անծանօթ հայորդուն՝ Տինքին։
Ինչպէ՞ս եղաւ, որ ոճրագործների մոլի պաշտպան երկրի ղեկավարութիւնը 32 ժամուայ ընթացքում ձերբակալեց հային պատժած յանցագործին՝ 17ամեայ մի ոչնչութեան։
Տաս օրից աւել բոլոր լրատուութիւններում հրատարակուած յուղարկաւորութեան ու զօրակցութեան, մարդկային հոծ բազմութեան, արցունքոտ դէմքերի պատկերները, պաստառների ցնցիչ գրութիւնները՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանդ Տինք ենք», մեզ՝ հայերիս, կանգնեցնում են մի մեծ հարցադրման ու հոգեկան մի նոր տագնապի առաջ։
Դա ոչ թէ 100 հազար մարդկային այդ զանգուածի հանդէպ մեր կասկածն է, նրանց ցուցաբերած զգացման հանդէպ մեր թերահաւատութիւնը, այլ մեր միլիոնաւոր կորուստներին, նոյն հողի վրայ մի նոր, թէկուզ մէկ անմեղ կորուստ աւելացնելու երեւոյթը։ Երեւոյթ, որը Թուրքիան խորամանկօրէն փորձում է քօղարկել պետական մարմինների եւ իր ժողովրդի վշտակցութեան մէջ։
Եթէ թուրք ժողովուրդը, որն այսօր վշտակցում է Տինքին, հաւատում էր նրա ազնուօրէն արտայայտած մտքերին եւ համաձայն էր նրա հետ, ո՞ւր էր նրա դատավարութեան ժամանակ։ Ինչո՞ւ այս նոյն բազմութիւնը, նոյն պաստառներով թիկունք չկանգնեց նրան եւ ինքն էլ Տինքի հետ չպահանջեց ջնջել տալու իր երկրի ամօթալի 301 յօդուածը հէնց իրենց՝ թուրքերի, համար։ Չէ՞ որ Տինքը ոչ թէ հրահրում, այլ հաշտեցնում էր, իր արտայայտութեամբ, երկու թշնամական տրամադրուածութիւն։ Տինքը ուզում էր, որ նոյնիսկ հայերս մեր արիւնից մաքրէինք մեր թշնամական տրամադրուածութիւնը։ Մի՞թէ այդ 100 հազար մարդկային զանգուածի մէջ մէկը չհասկացաւ նրա մտքերը եւ «հասկացան» միայն նրա ցնցիչ սպանութիւնից յետոյ։
Ինչո՞ւ ամէն անգամ մեր դիակների վրայով, մեր զոհերով, թուրքերը պիտի հասնեն իրենց երկրի օրէնքների փոփոխման։
Տինքից առաջ եւ նրա հետ միասին թուրք պատմաբաններից շատերն են աւելի սուր գաղափարներ արտայայտել, աւելի մեծ, աւելի արգելուած հարցերի, իրենց երկրի գործած ոճիրների բացայայտման, Ցեղասպանութեան ընդունման եւ այլնի մասին։ Բայց ոչ մէկի վրայ ձեռք բարձրացնող չեղաւ։ Քանի որ նրանք թուրքեր են, իսկ Տինքը՝ հայ։
Ուրե՞մն… հայի եւ թուրքի հարցը այդ երկրում արմատական խնդիր է։
Ցաւալին այն է, որ թուրքերը մեզ աւելի լաւ են ճանաչում, քան մենք՝ իրենց։ Տինքի ոճրագործութեան հանդէպ նրանց ցուցաբերած այս կեցուածքը դրա փայլուն ապացոյցն է։ Նրանք քաջ գիտենալով հայի զգացմունքայնութիւնը, իրենց ոճրագործութիւնը փորձեցին սքօղել ուռճացուած վշտակցութեամբ, որին ամբողջ աշխարհը ականատես եղաւ։
Նոր չէ, որ թուրքը աշխարհի աչքին փորձում է անմեղ երեւալ։ Թէեւ մեղաւոր աշխարհին քիչ է հետաքրքրում իր «անմեղութիւնը» եւ իրականութեան մէջ գնող էլ չկայ այդ «անմեղութիւնը»։ Միայն դիւրահաւատ հայերս ենք փորձում հաւատալ այդ պետութեան այս անակնկալ փոփոխութեանը։
Այդ դիւրահաւատութիւնը նոյն հողի վրայ, արդէն անգամներ ենք ապրում եւ շարունակում նոյն ոգով։ 1908ին, սահմանադրութեան օրերին, մոռանալով ամէն ինչ, խելացնոր հաւատքով դրան փարուեցինք, յետոյ դրան յաջորդող 7 տարիներին կուրօրէն հաւատացինք թուրքի փոփոխութեան, որը մեր բնաջնջմամբ հատուցեցինք։ 1915ին Գրիգոր Զօհրապ անունով մի լուսաւոր անձ, պետութեան երեսփոխան, զոհ գնաց իր դիւրահաւատութեանը։ 92 տարի յետոյ նոյն քաղաքում, իր դիւրահաւատութեանը զոհ գնաց Հրանդ Տինքը։
Այսքան ցայտուն զուգադիպութիւնների մէջ անկարելի է չյիշել թուրքերին մինչեւ ուղն ու ծուծը ճանաչող մեր մեծագոյն գրողի՝ Յակոբ Օշականի մէջբերումը իբրեւ ականատես մի թուրքի ոճրագործութեան, որը տեղի է ունեցել 1850ական թուին նոյն երկրում։ «Պարտէզին մէջ աղջիկ մը կացինով սպաննեց, բնական ու արագ, ինչպէս կը սպաննէին իր պապերը, երբ հորդա կու տային արեւելք, արեւմուտք, հիւսիս ու հարաւ, ու հանգիստ հեռացաւ» («Համայնապատկեր», հ. 10):
157 տարի առաջ գործուած այս ոճիրը կարծես կրկնապատկերը լինի Յունուար 19ին Պոլսում գործուած ոճրագործութեան, երբ 17ամեայ մի պատահական թուրք ստահակ, հաւատարիմ իր նախնիների արիւնով փոխանցուած աւանդութեանը, նոյն սառնասրտութեամբ իր ոճիրը գործում ու հեռանում է հանգիստ, առանց քօղարկուելու կամ շտապելու, ինչպէս կարդում ենք լրատուութիւններից։
Կարծում եմ, թուրքի հաշուարկը՝ հիմնուած մեր դիւրահաւատութեան վրայ, այս անգամ էլ ճիշդ է դուրս գալու։
Մեզնից առաջ ընկնելով, նա այնպիսի արագութեամբ է գործում՝ հապճեպութեամբ ձերբակալում ոճրագործին, համազգային թաղում կազմակերպում, իր երկրի դռները խոնարհօրէն բացում միջազգային ցաւակցողների առջեւ, որ թւում է մեզ ոչինչ չի մնում անելու, այսինքն որեւէ հարցում իրեն մեղադրելու։ Եւ ազգովին ցնցուած իր այդ արարքից, մենք իրապէս ոչինչ ենք անում, բացի հոգեհանգիստներից, սգոյ քայլարշաւներից, հսկումներից։
Արդէն 11 օր է անցել, բայց մենք դեռ մեր պետութեան ցասումն ու բողոքը չենք լսել՝ ուղղուած Թուրքիային, նրան պատասխանատուութեան կանչելու իր երկրում հայի հանդէպ շարունակուող ատելութեան, խտրականութեան համար։ Չենք լսել նրա ձայնը ուղղուած նաեւ աշխարհին, որ հայի Ցեղասպանութիւնը Թուրքիան հիմա էլ զանգուածայինից դարձրել է անհատական (*)։
Չենք լսել, որ մեր ազգի երդումը, եթէ անշուշտ հաստատ ենք այդ երդումին, փոխանցի թուրքին, որն է՝ այլեւս ոչ մէկ զոհ։
Հրեան իր երկու պատանդ զինուորների համար մի ամբողջ Լիբանան քարուքանդ արեց, լոզունգ դարձրած իր ազգի երդումը՝ երբեք՝ նորից։
Մենք՝ խաբուեցինք, մեր հրաշալի հայի «փառաւոր» թաղումով։ Ահա փոքր ազգ մնալու եւ մեծ դարձողի տարբերութիւնները։
Պատմութեան ընթացքները պատահական դէպքերով են փոխւում եւ այդ դէպքերը իրենց օգտին օգտագործողները շահում են։
Տինքի սպանութեամբ պէտք է, որ նոր ընթացք ստանայ մեր պահանջատիրութեան հարցը, Թուրքիոյ հետ տնտեսական յարաբերութեան, բաց շուկայի մէջ մտնելու, իր երկրում ապրող մեր ժողովրդի ապահովութեան հարցը։
Պատահականութի՞ւն է արդեօք, թէ՞ դիպուած, որ Տինքի սպանութիւնից ընդամէնը 5 օր առաջ Երեւանում տեղի է ունեց հայ-թրքական սահմանների բացման գիտաժողով, անշուշտ ֆինանսաւորուած ԱՄՆի արտաքին օժանդակութեան պետական հաստատութեան կողմից (USAID)։ Գիտաժողովի հիմնական հարցը երկու երկրների տնտեսական փոխյարաբերութեան շուրջ է եղել, սակայն Թուրքիոյ խստագոյն պայմանով, որ բացառուեն Ցեղասպանութեան մասին ոչ միայն արտայայտութիւնները, այլ նոյնիսկ ակնարկութիւնները, մինչեւ իսկ տեղանքային անունների արտաբերման մէջ արգելքներ են դրուել։ Իչնպէս օրինակ՝ «Արեւելեան Անատոլու»ն յանկարծ չանուանել Արեւմտեան Հայաստան։ Անշուշտ, հայաստանեան կողմը անհամբեր սպասելով հայ-թրքական սահմանի բացումին, որը ըստ տնտեսագէտների անհիմն ենթադրութեան, օգնելու է մեր երկրի միայն 12-25% տնտեսական աճին, ամէն նուաստացուցիչ պայման ընդունելով, ուզում է հասնել իր ձգտումին։
Ինչպէս գիտէք, Թուրքիան 3 պայմաններ ունի դրած այդ յարաբերութեան համար, որը մօտաւորապէս հետեւեալն է. Առաջին՝ Արցախեան հարցով երկու կողմերի ընդունելի լուծում։ Երկրորդ՝ Ցեղասպանութեան հարցը պատմաբանների ուսումնասիրութեանը յանձնել եւ երրորդ՝ Հայաստանի ներկայ սահմանների ընդունում։
Եւ Թուրքիան իր յամառ ու հրամայական պահանջներով խաղում է հիմա էլ մեր դիւրահաւատութեան վրայ, յարգելով ու մեծարելով իրենց գործած ոճրի մեր զոհին։
Չեմ ուզում կասկածի տակ դնել որեւէ մէկի կարողութիւնը մեր երկրի եւ ժողովրդի ապագան տեսնելու եւ առաջնորդելու մէջ, բայց Տինքի մահը մեր պետութեան ներկայացուցիչներին խստօրէն թելադրում է վերանայելու իրենց գործընթացը։ Աւելի լուրջ, հեռատես ու անզիջող, հետեւողական լինելու մեր պահանջատիրութեան, մեր երկրի ապագայի հարցում։ Մեր ժողովրդին պարտադրում է չտարուել միայն տնտեսական բարգաւաճումով։ Ժողովուրդները աւելի հիմնական խնդիրներ հարթելով են հասնում տնտեսական վերելքի։
Մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչեւ հասնենք տնտեսական փոխյարաբերութեան մի երկրի հետ, որը չի հանդուրժում նոյնիսկ մեր խաղաղ ներկայութիւնը իր հողում կամ իր հարեւանութեամբ։ Նա հանգիստ ու ձրի նստել է մեր հողերի վրայ, նրա տուած բարիքները դարձրել եկամուտ իր երկրի համար եւ դեռ յաւելեալ ուզում է մեր փոքրիկ հողատարածքի եկամուտից էլ օգտուել։ Այն բոլոր տնտնեսագէտները, ովքեր հաշւում են մեր շահը, թող բարի լինեն հաշուելու նաեւ Թուրքիոյ օգուտը այդ ստրկացուցիչ փոխյարաբերութեան մէջ եւ, տեսնենք, թէ դա իսկապէս շահ է լինելու մե՞ր երկրի համար, թէ՝ թուրքի։
Իսկ մեր ժողովրդի այն տարրը, որը անհամբերութեամբ, ամէն ինչ մոռացած, սպասում է ազատ առեւտուր սկսելու թուրքի հետ, թող սերտի Կիպրոսի օրինակը։
Տինքի կեանքի ողբերգական ընդհատումը մենք պարտադրուած ենք դարձնելու նոր կեանք առնող յարաբերութեան սկիզբ նրա կեանքը ընդհատած պետութեան հետ, ուր զիջում բառը դուրս է մնալու մեր բառապաշարից։
Ոճրագործին անմիջապէս գտնելով, Տինքի ընտանիքին ցաւակցելով, 301 յօդուածը վերանայելով, թուրքական պետութիւնը չի ազատւում հայի դէմ շարունակուող հալածանքի պատասխանատուութիւնից։
Տինքը անվերապահօրէն հաւատում էր, որ այդ երկրում կարելի է հասնել մարդկային իրաւունքների հաւասարութեան։ Սակայն իր մահը եկաւ հաստատելու եւ աշխարհին մէկ անգամ ես ապացուցելու թուրքերի՝ հայի դէմ տարուող Ցեղասպանութեան հետեւողական քաղաքականութիւնը։
Ճիշդ է, Պոլսի փողոցներում, «Ակօս»ի խմբագրատանը, նրա ընտանիքում, նրան ճանաչողների ու սիրելիների շրջապատում չեն լսելու այլեւս նրա արագ քայլերի ձայնը, նրա խօսակցութեան փափուկ ու մեղմ ձայնի ելեւէջները չեն հնչելու ոչ տանը, ոչ ասուլիսներում, ոչ հանդիպումներում ու հարցազրոյցներում, բայց նրա ոգին՝ իր արմատների ուժով ամրացած ոգին, իր ազգային պատկանելիութեան հպարտ գիտակցումով շաղախուած, յաւէտ լուսաւորելու է իր կարճ ապրած կեանքը, դառնալու է հաւատքի հետքերով առաջնորդուողներին սնող անվերապահ աղբիւր։
(*)ԽՄԲ.- Առ ի յիշեցում յայտնենք, որ ոճիրին օրն իսկ պաշտօնական Երեւանը, նախագահին ու արտաքին գործոց նախարարին բերնով խստօրէն դատապարտեց արարքը եւ պահանջեց պատասխանատուութեան կանչել անոր ետին կանգնողները:
Յունուար 30, 2007
Սան Ֆրանսիսքօ