Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան հանրային գործիչ Ռուբէն Վարդանեանին առաջարկեց Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնը: Ըստ «Արմէնփրէս»ի՝ Արայիկ Յարութիւնեան այս մասին գրած է «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ:
«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբէն Վարդանեանին, ում Արցախ տեղափոխուելու որոշումն առաջիններից մէկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնը` պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու եւ գործելու լայն լիազօրութիւններ: Ռուբէնի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նուիրուածութեանը հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերեալ նրա որոշմանը: Յոյսով եմ` մեր համագործակցութիւնը կը սկսենք առաջիկայ շաբաթներին, որին առնչուող այլ մանրամասների մասին կը յայտնեմ յաջորդիւ: Ի հարկէ, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարեանի աշխատանքն արդիւնաւէտ չեմ գնահատում, բայց հաշուի առնելով առկայ մարտահրաւէրներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միաւորումը», գրած է Յարութիւնեան: