Խոհանոցը տան այն վայրն է, որտեղ ոչ միայն սնունդն է պատրաստւում, այլ նաեւ եփուած սննդից, ճարպերից, մնացորդներից առաջ եկած ոչ հաճելի հոտերի ենք հանդիպում: Ի վերջոյ, այնպիսի մթերքները, ինչպիսիք են կաղամբը, հատիկաընդեղէնը, ձուկը ոչ այնքան հաճելի հոտ են տարածում, որից ազատուելու համար առաջարկում ենք բնական եւ հեշտ անուշահոտներ` մատչելի բաղադրիչներով:
Վաճառքում եղած միջոցները հնարաւոր է շատ աւելի արդիւնաւէտ են, սակայն մեր առաջարկած հնարանքները անվտանգ են շրջակայ միջավայրի համար եւ չեն պարունակում քիմիական նիւթեր:
Նարնջի, լիմոնի կամ մանդարինի կեղեւը եռացնել երկու բաժակ ջրով: Կաթսան կափարիչով պէտք չէ ծածկել: Եռալուց յետոյ կրակը իջեցնել եւ թողնել եռայ: Սենեակը անմիջապէս կը լցուի հաճելի բոյրով: Կարելի է լուծոյթի մէջ խնձորի կեղեւ եւ մեխակ համեմունք լցնել: Թուրմը կարող էք պահել սառնարանում եւ անհրաժեշտութեան դէպքում նորից եռացնել, ասենք` հիւրերի գալուց առաջ:
Դէպի գիւղ յիշողութիւն կ՛առաջացնի խնկունու (rosemary) եւ ուրցի եփուկը: Դրանց մանրացրած տերեւների վրայ բաւարար չափով ջուր լցրէք եւ եռացրէք: Մի ծածկէք կափարիչով, որպէսզի անուշահոտ գոլորշին վերացնի բոլոր անցանկալի հոտերը: Ստացուած հեղուկը կարող էք լցնել շշի մէջ եւ օգտագործել օդը թարմացնելու համար:
Շատ հաճելի է բոված սուրճի հոտը: Պարզապէս բոված սուրճը բաց ամանի մէջ տեղադրէք սենեակի մի անկիւնում:
Սովորական քացախը ոչ միայն կը վերացնի խոհանոցի տհաճ հոտը` այլ նաեւ կ՛ախտահանի եւ կը մաքրի ճարպի հետքերը: Կէս բաժակ սովորական քացախին աւելացրէք կէս բաժակ ջուր, մի քանի հատիկ մեխակի համեմունք, խառնէք, դրէք կրակին, բայց մի եռացրէք: Լցրէք շշի մէջ եւ օգտագործէք խոհանոցի մակերեսները մաքրելու եւ անուշ բոյր տարածելու համար: