ԱՆԱՀԻՏ ԱՄԻՐԵԱՆ
«Աշուն է, անձրեւ…
Ստուերներն անձեւ
Դողում են դանդաղ…
Պաղ, միապաղաղ
Անձրեւ՜ ու անձրեւ …»:
Վահան Տէրեան



Այս տխուր եւ մելամաղձոտ տրամադրութիւնը ստեղծում է աշունը՝ տարուայ աներեւակայելի գեղեցիկ եղանակը: Աշնանային գունեղ պատկերներն ու բազմազանութիւնը տեսնելու համար պարզապէս պէտք է միայն շուրջը նայել եւ զմայլուել բնութեան կախարդանքով: Բնութիւնը կարծես հրճւում ու խաղում է՝ փոխելով իր հանդերձանքը դեղին, կանաչ, կարմիր եւ շագանակագոյն երանգների: Աշնանային այդ երանգներն ու գոյներն էին դրսեւորուել «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի 3րդ դասարանի աշակերտների աշխատանքներում:
Հարկ է նշել, որ դպրոցը գործում է Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի հայրական օրհնութեան ներքոյ, իսկ դպրոցի տնօրէնն է՝ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը:
Դասի թեման տարուայ խայտաբղետ այս եղանակն էր: Դպրոցականներից իւրաքանչիւրն իր աշունը պատկերել էր իւրովի, սակայն գերիշխողը վառ գոյներն էին եւ դասարանում տիրող ջերմ ու տաք տրամադրութիւնը:
Սփիւռքի տաք աշնանը սովոր աշակերտներն այնքան իրական էին պատկերել աշունն իրենց աշխատանքներում, որ կարծես մի կտոր նախշուն աշուն մտել էր դասասենեակ:
Ոսկեղենիկ աշնան հեքիաթը կարծես շարունակւում է աշակերտների պաստառներում. ձայնի, գոյների համադրութիւնը մի տեսակ թափանցիկ պար է բռնում անձրեւի, քամու ու տերեւների մեղմ պտոյտի հետ ու ստեղծում ամբողջական անձեռակերտ պատկեր: Երեխաների նկարազարդուած աշունը չկրկնուող ու պայծառ է, ուր ծորում է բազմազան գոյների խաղը, կաթկթում անձրեւի զուլալ արցունքը, լսւում հեռաւոր հայրենիքից կանչող քամու սուլոցը:
Ուր որ է կը ցրտի, ուր որ է կը հանգչի պատուհանների լոյսը, կը մարի աշնան վերջին արեւը, բայց պաստառներից ճառագող լոյսն ու տաքութիւնը երկա՜ր կը ջերմացնի մեզ ու մեր հոգու անկիւնը…


