
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Սիրելի՛ ընթերցող,
Կը յիշէ՞ք ինչպէս վարորդ Աշոտը Արգամ Մանասեանին յայտնած էր գործը կորսնցնելուն բուն պատճառը: Ըսած էր, որ ծխախոտի գործարանին տնօրէնը «ինչ որ բան» գրած էր, որ հաճոյ չէր թուացած ղեկավարներուն: Մինչ Աշոտ կը շարունակէ քշել՝ ձայներիզի գործիքէն (cassette player) կը շարունակուին լսուիլ Հայաստանէն արտագաղթած երգիչ Աբրահամին կարօտալի եւ լացակումած երգերը… Ա. Քալանթարեան նուրբ եւ անուղղակի ձեւով կը կճէ անոնք, որոնք երկիրը ձգելէ ետք, կը սիրեն զայն երգերու ընդմէջէն: Բայց վերադառնանք Արգամ Մանասեանի մտածումներուն…
***
«Ամէն ինչ ճիշդ է, մտածեց Մանասեանը՝ մինչեւ հոգու խորքը վիրաւորուած: Ամէն ինչ ճիշդ է ու բռնում իրար: Բայց ինչո՞ւ այդ ամէնի մասին ես չգիտեմ, իսկ իմ վարորդն իմանում է: Ի՞նչ կարգ է սա: Ես հո երեխայ չեմ, ինչո՞ւ մի կարգին չէք կանչում ու լրջօրէն խօսում հետս: Բա էլ ո՞ւր մնաց դեմոկրատիան (ժողովրդավարութիւնը): Ո՞վ պիտի պաշտպանի իմ շահերը: Եթէ ես բանուոր լինէի, կը դիմէի արհմիութեանը (արհեստակցական միութեանը), դատարան: Այնքան էլ հեշտ չէ հիմա աշխատողին կամայականօրէն հեռացնելը: Եւ նոյնիսկ չաշխատողին, պորտաբոյծին, հարբեցողին, գողին: Քանի-քանի անգամ է եղել. Ըստ օրէնքի, արհմիութենական կազմակերպութեան թոյլտուութեամբ հեռացրել է աշխատանքից ծոյլ, անբան ու գող մէկին: Բայց դատարանը վերականգնել է: Դատարանը հաստատել է, Գերագոյն դատարանն է վճիռը չեղեալ համարել: Գերագոյն դատարանը հաստատել է, հանրապետութեան դատախազն է բողոքել ու տէր կանգնել հեռացուածին: Գողը, անբանը, դատարկապորտը տէր ունի, իսկ տնօրէնը՝ չունի: Նա իրաւունք չունի դիմելու արհմիութեանը, իրաւունք չունի արդարութիւն փնտռել դատարանում, իրաւունք չունի դատախազութեան աջակցութիւնը խնդրել: Ինչո՞ւ: Որովհետեւ ղեկավար է: Անհեթեթութիւն չէ, ի՞նչ է: Եթէ ղեկավար ես, ուրեմն դեմոկրտիան քեզ վրայ չի՞ տարածւում:
Իսկ Անբախտ Աբրահամը շարունակում էր երգել կերկերուն ձայնով.
«Քաղցր է հանց նռան գինին, ա՜խ իմ հայրենիքի ջուրը»:
– Դրա ձայնը կտրի, զահլա (տրամադրութիւն) չունեմ, – ակամայ պոռթկաց Արգամ Մանասեանը:
Աշոտը ձեռքը դէպի մակնեթոֆոնը (ձայներիզի գործիք) տարաւ, հանեց ժապաւէնի տուփը, բայց ոչ թէ անջատեց, այլ շրջեց ու նորից տուփը մտցրեց անցքի մէջ:
Դարձեալ Անբախտ Աբրահամն էր: Հիմա էլ մղկտալով համոզում էր սիրուհուն.
«Սիրում եմ, եա՜ր, քեզ, դու չես հաւատում…»
– Ասացի՝ անջատի, այ տղայ, – սրտնեղեց Մանասեանը: – Չհասկացա՞ր ինձ:
Աշոտը շարունակում էր անվրդով վարել աւտոմեքենան (ինքնաշարժ):
– Հիմա ձեզ համար գուցէ հետաքրքիր մի խօսակցութիւն լսէք, Արգամ Պետրովիչ:
– Ի՞նչ խօսակցութիւն, – զարմացաւ նախկին տնօրէնը:
– Սրանից յետոյ է…
Երգն անջատուեց միանգամից, ասես կտրեցին դանակով եւ որոշ ժամանակ լռութիւն տիրեց: Լսւում էր միայն սահող ժապաւէնի մեղմ խշշոցը: Յետոյ չխկոց լսուեց, ասես թէ վայր ընկնող աթոռի ձայն ու ինչ-որ մէկը բարկացած ասաց.
– Կամաց, արա՛…
Նորից լռութիւն տիրեց ու թխկոց: Ասես աթոռը դրեցին տեղը, ու նոյն ձայնը հարցրեց.
«- Յետո՞յ, փողերս ե՞րբ ես տալիս, մեր տղայ»:
«- Կը տամ, էլի, Վլէ ջան, – ասաց մի ուրիշ ձայն, – ես իմ պարտքերը ե՞րբ չեմ տուել»:
Ձայնը շատ ծանօթ թուաց: Արգամ Մանասեանը ցնցուեց ու նայեց վարորդին:
«- Համ էլ խաղում ենք, էլի, ո՞վ գիտի: Տղերքն ինչի՞ են ուշանում, – ասես ցանկանալով խօսակցութեան թեման (նիւթը) փոխել, շտապով հարցրեց նոյն ձայնը»:
– Սամսոն Իվանիչն է, – ապշած մրմնջաց Մանասեանը: – Այդ ո՞ւմ հետ է խօսում:
– Կոնդէ Վլէի, – ասաց Աշոտը:
– Կոնդէ Վլէ՞ն ով է:
– Գող է. – ասաց Աշոտը: – Զակոննի (օրէնքով) գող: Լսէք, լսէք…
«- Վաղը քո ժամկէտը լրանում է, – հատ-հատ արտասանեց Վլէն: – Եթէ մինչեւ ժամը ութը եօթանասուն հազարը չբերես, ականջներդ կը պոկեմ, Սամօ…»
«- Չե՞ս ամաչում, – վիրաւորուեց Սամսոն Իվանիչը: – Ընկերներ ենք, չէ՞»:
«- Փողի մէջ ի՞նչ ընկեր, արա՛, – ծիծաղեց Վլէն»:
«- Վլատիմիր Միխայլովիչ, – շողոքորթ ձայնով ասաց Սամսոն Իվանիչը, – խնդրում եմ երկու շաբաթ յետաձգես: Ուղիղ երկու շաբաթ»:
«- Չի լինի»:
«- Երկու շաբաթ, ախպօր պէս»:
«- Էն պիժոնի (pigeon- աղաւնի) հրամանը տուր, ոչ թէ յետաձգեմ, այլ միանգամից քուիթ (quits- հաշիւը կարգադրուած կ՛ըլլայ)»:
«- Դրա համար եմ ասում, էլի: Տեսա՞ր, որ խաթրիցդ դուրս չեկայ, նշանակեցի»:
«- Ժամանակաւոր պաշտօնակատար, – հեգնեց Վլէն: – Հարի՞ֆ (անփորձ) ես գտել: Համ էլ կարծես թէ ձրի արեցիր… Խաթրիս համար…»
Եւ յանկարծ Սամսոն Իվանիչը ջղայնացաւ:
«- Քեզ համար ի՞նչ կայ: Ո՛չ քո հարցը քննում են, ո՛չ էլ հաշուետուութիւն են պահանջում: Օճախի կողքին նստած՝ հանգիստ ուտում ես քո խորովածը, իսկ թէ ով է վառւում կրակի մէջ, վեջդ չի (բարբառ. հոգդ չի)»»:
***
Մարդոց խօսակցութիւններու ձայնագրութիւնը եւ յետոյ, պէտք եղած ատեն անոնց սփռումը մինչեւ այսօր կը գործածուի այսինչ կամ այնինչ անձը քողազերծելու, խայտառակելու եւ կամ՝ ստիպելու, որ դիմացինին պահանջածը կատարէ (blackmail): Այս երեւոյթը աշխարհի բոլոր երկիրներուն մէջ գոյութիւն ունի, բայց «Քննութիւն» հատորի այս բաժնին մէջ անոր բացայայտումը առանցքային դեր կը խաղայ, որովհետեւ առաջին անգամ ըլլալով յոյսի նշոյլ մը կ՛երեւի Ա. Մանասեանի մթագնած առօրեային մէջ: Սամսոն Իվանիչի խաղամոլ ըլլալը եւ օրէնքով գող Վլէնէն անոր կախուածութիւնը կրնա՞յ ձեւով մը օգտակար դառնալ այս գիրքին գլխաւոր հերոսին. չմոռնանք, որ օրէնքով գող Վլէնը կ՛ակնարկէ «աղաւնիի»մը, որ շատ հաւանաբար Մանասեանի տեղը պիտի առնէ…
Յաջորդ շաբաթ կը շարունակենք կարդալ Վլէն-Սամսոն Իվանիչի խօսակցութիւնը, որ այնքան այժմէական կը հնչէ…