Վերջին երկու շաբաթուայ ընթացքում միջազգային հանրութեան ներկայացուցիչների հնչեցրած արտայայտութիւնները յետխորհրդային տարածքի հակամարտային շրջանների, մասնաւորապէս՝ Ղարաբաղեան խնդրադրութեան մասին իրենց մէջ կրում են մի շարք յստակ հաղորդագրութիւններ։ Դրանց հիմնական միտքը հետեւեալն է՝ ոչ մի պատերազմ, միայն խաղաղ բանակցութիւններ։ Այդ միտքն արտայայտեցին թէ՛ Եւրոմիութեան, թէ՛ ԵԱՀԿի ներկայացուցիչները եւ թէ՛ Մինսքի խմբի համանախագահները։
Վերջիններս տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդիւնքներով արած յայտարարութիւնում ընդգծում են, որ Ղարաբաղեան հակամարտութեան երկարաժամկէտ ու խաղաղ կարգաւորման որոնումը Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների պարտականութիւնն է, եւ կոչ է արւում կողմերին՝ զարգացնել բանակցային գործընթացում ձեռք բերուած առաջընթացն ու սեփական հասարակութիւններին նախապատրաստել անհրաժեշտ փոխզիջումների։
Միաժամանակ, միջնորդները նշում են, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները, վճռականօրէն պաշտպանելով իրենց ազգային շահերը, չեն ստեղծում խաղաղ գործընթացն առաջ տանելու հնարաւորութիւն։
Այդ ձեւակերպումները կարելի է գնահատել որպէս միջնորդների՝ մասնայատուկ արդիւնքների բացակայութեան պատասխանատուութիւնը հակամարտող կողմերի վրայ դնելու փորձ, որոնք շարունակում են իրենցը պնդել. Հայաստանը՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, Ատրպէյճանը՝ տարածքային ամբողջականութիւնը, իսկ բուն ԼՂՀն արդէն 10 տարի է՝ փորձում է բանակցութիւնները վերադարձնել Մինսքի խմբի իրական ձեւաչափ, որի իրաւահաւասար մասնակիցն է նա՝ ըստ ԵԱՀԿի փաստաթղթերի։
Մինչդեռ միջազգային յարաբերութիւններում ստեղծուած բուն իրավիճակը լաւատեսութեան հիմքեր չի տալիս ղարաբաղա-ատրպեճանական հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման առնչութեամբ։
ԽՍՀՄի, միաժամանակ՝ նաեւ միջազգային յարաբերութիւնների նախկին համակարգի փլուզումից յետոյ համաշխարհային տէրութիւնները եւ կառոյցները գտնւում են նոր աշխարհակարգի կառուցման եւ այնտեղ իրենց տեղի որոնումներում։ Համապատասխանաբար շարունակւում է պարանը ձգելու իւրօրինակ գործընթացը, այսինքն՝ նորանկախ պետութիւնների (նրանց հետ միասին՝ նաեւ, այսպէս կոչուած, չճանաչուած պետական կազմաւորումների) ներքաշման փորձերն այս կամ այն աշխարհաքաղաքական ուղեծրի մէջ։
«Հարաւային Կովկասի յետխորհրդային պետութիւնների ընտրախաւերը շատ լաւ հասկանում են պատային իրավիճակը ներկայիս տարածքային վէճերի հարցում։ Չնայած բոլոր այդ յայտարարութիւնների առկայութեանը, «մեթրոփոլ» երկրները ո՛չ տնտեսապէս, ո՛չ քաղաքականապէս, ո՛չ ռազմական առումով պատրաստ չեն լուծելու կորսուած տարածքների վերադարձման խնդիրը, ինչը նրանցից պահանջում է սեփական՝ ազգայնական տրամադրուած բնակչութիւնը։
Սակայն գլխաւոր զսպող գործօնը արտաքին ուժերի դիրքորոշումն է, որոնք շարունակում են կարեւոր դեր խաղալ այստեղ. եւրատլանտեան կառոյցների՝ որպէս խոշորագոյն համաշխարհային ուժի կենտրոնի եւ Ռուսաստանի, որը յաւակնում է տարածաշրջանային գերտերութեան դերին», գրում է Prognosis.Ru-ի գլխաւոր խմբագիր Վասիլի Ժարկովը։
Նա չի բացառում, որ յառաջիկայ ընտրութիւններում հարաւային Կովկասի երկրների ազատական ու արեւմտամէտ քաղաքական գործիչները կը զարգացնեն ՆԱԹՕին եւ ԵՄին համարկուելու գաղափարը՝ դրանում (խոշոր ազգային կառոյցների շրջանակներում) տեսնելով իրենց երկրների տարածքային ամբողջականութեան հիմնախնդրի լուծման միակ արդիւնաւէտ միջոցը։
Ի դէպ, նման յայտարարութիւններ պարբերաբար երեւան են գալիս ԶԼՄներում, մասնաւորապէս՝ ատրպեճանական։ Այսպէս, ռազմական փորձագէտ Ուզէիր Ճաֆարովը համոզուած է, որ միայն մուտքը ՆԱԹՕ կ’օգնի Ատրպէյճանին լուծելու տարածքների վերադարձման հիմնախնդիրը, քանզի այդ կազմակերպութիւնն ի զօրու է գործնական ճնշում ցոյց տալ Ռուսաստանին, ըստ այդմ էլ՝ Հայաստանին։
Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան հիմնարկի հակամարտագիտութեան բաժանմունքի ղեկավար Արիֆ Եունուսովը պայքարում է յանուն Ատրպէյճանը Կապալինի ռատարի կայանի (ՌԼԿ) շուրջ Ռուսաստանի հետ բանակցութիւններից դուրս գալու։
«Այդ ՌԼԿի առկայութիւնը ատրպեճանական տարածքում ոչ մի լաւ բան չի տալիս մեզ։ Ես միշտ հանդէս եմ եկել յօգուտ այն բանի, որ Ատրպէյճանի տարածքում չլինի որեւէ արտասահմանեան ռազմական կէտ՝ ինչպէս էլ որ դրանք կոչուելու լինեն», յայտարարեց Եունուսովը՝ չգիտես ինչու մոռանալով այն երկու ՌԼԿերի մասին, որոնք Ատրպէյճանում կառուցուել են Միացեալ Նահանգների կողմից։
Վերադառնալով, այսպէս կոչուած, չճանաչուած պետութիւնների թեմային՝ նշենք, որ մի ամբողջ շարք արեւմտեան եւ ռուսական քաղաքագէտներ մատնանշում են Մոսկուայի եւ Ուաշինկթընի կողմից ընդհանուր դիրքորոշում մշակելու հնարաւորութիւնը։
Ինչպէս գրում է Վ. Ժարկովը, Ռուսաստանի դիրքորոշումը նրա նկատմամբ սկսում է աստիճանաբար փոփոխութիւններ կրել, եւ գլխաւոր ազդակ կարող է հանդիսանալ Մոսկուայի շեշտի ակնյայտ փոփոխութիւնը քոսովեան հարցում։
Անցած տարուայ ընթացքում Քրեմլը եւ բազմաթիւ փորձագէտներ չդադարեցին խօսել, այսպէս կոչուած, «քոսովեան նախադէպի» եւ նրա՝ Աբխազիայի, Հարաւային Օսէթիայի, Լեռնային Ղարաբաղի ու Մերձտնեսթրի անկախութեան ճանաչման վրայ անխուսափելի ազդեցութեան մասին։ Արեւմուտքն էլ կտրականօրէն խօսում էր Քոսովոյի փորձը նախկին ԽՍՀՄ տարածքում տարածելու անհնարինութեան մասին։ Մինչդեռ, այսօրուայ դրութեամբ,- հաշուի առնելով Սերպիայի վերջին խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները,- խանդավառութիւնը «համընդհանուր ինքնորոշման» հեռանկարների նկատմամբ սկսում է աւելի չէզոք դիրք գրաւել։
«Թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Արեւմուտքի համար չճանաչուած պետութիւնների հիմնախնդրի վերաբերմունքում նկատուեց ակնյայտ փոխզիջում. խնդրի լուծման յետաձգում՝ զինուած հակամարտութիւնների վերսկսումից խուսափելու համար՝ սթաթուս-քոն «մինչեւ լաւագոյն ժամանակներ» պահպանելու միջանկեալ արդիւնքով։
«Այդ կապակցութեամբ հարաւային Կովկասի պետութիւնների քաղաքական գործիչներին հարկ կը լինի հանդէս բերել իսկական արուեստ՝ գտնելու համար ոսկէ միջինը սեփական ազգայնականութեան Սցիլայի եւ աշխարհաքաղաքական իրականութեան Խարիպտայի միջեւ, որում գտնւում են իրենց երկրները», համարում է Վ. Ժարկովը։