Անգարան բաց է թողել եզակի պահը։ Թուրքահայ յայտնի լրագրող Հրանդ Տինքի սպանութիւնից երեք շաբաթ անց Թուրքիայի իշխանութիւնները, կարծես թէ, չեն ըմբռնել ո՛չ Տինքի կեանքի ուղերձը, ո՛չ էլ նրա մահուան խորհուրդը:
Թուրք մոլագար ազգայնականի ձեռքերով իրականացուած Հրանդ Տինքի ցնցող մահուանն անմիջապէս յաջորդած օրերին, եւ մենք՝ Հայաստանում, եւ այլոք՝ ամբողջ աշխարհում, ուզում էին հաւատալ, որ հասարակական վշտի պոռթկումը ճեղք կ’առաջացնի հերքման եւ մերժման թուրքական պարիսպում, եւ որ ջանքեր կը գործադրուեն՝ աստիճանաբար վերացնելու այն պայմանները, որոնք հնարաւոր դարձրեցին այդ սպանութիւնը: Մենք բոլորս յոյս ունէինք, որ այս ոճրի ծանրութիւնը եւ արձագանգի խորութիւնը կը ստիպեն Թուրքիայի առաջնորդներին առիթն օգտագործելու եւ արմատապէս փոխելու այն քաղաքականութիւնը, որն օգնում է պահպանել այսօրուայ փակուղային իրավիճակը:
Այդուհանդերձ, համերաշխութեան այդ նախնական ակնարկներից յետոյ, Անգարայից հնչող ուղերձն արդէն փոխուել է: Անցած շաբաթ, ըստ թուրքական մամուլի, Թուրքիայի վարչապետ Ռեճէփ Թայիփ Էրտողանն ասել է, որ հայերի հետ մերձեցում չի կարող լինել, որովհետեւ հայերը պնդում են Ցեղասպանութեան մասին խօսելու անհրաժեշտութիւն վրայ:
Վարչապետն իրաւացի է: Հայերն իրօ՛ք պնդում են Ցեղասպանութեան մասին խօսելու անհրաժեշտութեան վրայ: Դա պատմութեան շրջադարձային իրադարձութիւն է, որը չպէտք է եւ, իրականում, չի կարող մոռացուել: Այնուհանդերձ մենք նաեւ հանդէս ենք գալիս մերձեցման օգտին: Եւ մէկը միւսի համար նախապայման չէ:
Տինքը շատ բան էր քարոզում: Դրանցից գլխաւորն այն էր, որ նա հաւատում էր, որ անհատներն իրաւունք ունեն մտածելու, խօսելու, ուսումնասիրելու եւ բանավիճելու։ Տինքը գիտէր, որ եթէ իշխանութիւնները միայն թոյլատրեն մարդկանց արծարծել հարցերը եւ բարձրաձայն քննարկել, հարցադրումներ անել եւ պատասխաններ փնտռել, ապա ամէն ինչ իր տեղը կ’ընկնի։ Ի վերջոյ, մասնաւոր ու հանրային քննարկումներով թուրքերն իրենք կը հասնեն Ցեղասպանութեան ճանաչմանը։
Նա հաւասարապէս հաւատում էր, որ պէտք է երկխօսութիւն լինի ժողովուրդների միջեւ, ազգերի միջեւ, յատկապէս իր երկու ժողովուրդների՝ հայերի եւ թուրքերի միջեւ։ Նա ինքը մէկ մարդու կողմից տարուող երկխօսութիւն էր, որը խօսակցութեան երկու կողմն էլ տանում էր՝ փորձելով մի կողմի պահանջներն ու մտավախութիւները լսելի դարձնել միւսին։
Ցաւօք, հայ-թուրքական սահմանը փակ պահելու Թուրքիայի քաղաքականութեան արդիւնքում թշնամանքն է աճել։ Տինքը մէկն էր այն հայ եւ թուրք մտաւորականներից, որ հասկացել էին, որ, երկու հարեւանների միջեւ հաշտութեան հասնելու համար, պէտք է ժողովուրդների եւ գաղափարների ազատ տեղաշարժ լինի։ Սակայն Թուրքիան պնդում է Եւրոպայի վերջին փակ սահմանը փակ պահելու վրայ՝ օգտագործելով այն որպէս գործիք Հայաստանի վրայ ճնշում գործադրելու, վերջինիս արտաքին քաղաքականութիւնն առաւել ենթարկուող դարձնելու համար, եւ պատժելու հայերին իրենց իրաւունքների պաշտպանութեան եւ իրենց անցեալից չհրաժարուելու համար։ Իսկ Հայաստանն, իր կողմից, յարաբերութիւնները բարելաւելու որեւէ նախապայման չի դնում:
Այս հերմետիկօրէն փակուած սահմանը՝ զուգակցուած օրէնքով, որն արգելում է Թուրքիային ուսումնասիրել իր սեփական պատմութիւնը եւ յիշողութիւնը (քրէօրէն պատժելի դարձնելով ճշմարտութիւնը պրպտողներին, ինչպիսին Տինքն էր), ստեղծել է մի աշխարհ, որտեղ թուրքերը չեն կարող ճանաչել իրենց անցեալը եւ չեն կարող կերտել իրենց ապագան։ Նրանք ո՛չ կարող են ուսումնասիրել անցեալի դրուագները, եւ ո՛չ էլ փոխարինել դրանք նորերով։
Երեք շաբաթ առաջ, մեր վիշտը միախառնուած էր յոյսի հետ։ Այսօր թուրքական իշխանութիւնները շարունակում են պաշտպանել 301րդ յօդուածը՝ տխրահռչակ «թուրքականութեան նսեմացման» օրէնքը, որը օգտագործւում է անգամ մեղադրելու այն գրողներին, որոնք պատկերում են Ցեղասպանութեան վերաբերեալ Անգարայի պաշտօնական դիրքորոշումը կասկածի ենթարկող կերպարներ։ Եւ յիշատակում անգամ չկայ փակ սահմանի պատճառած շարունակական վնասի մասին։
Եթէ Թուրքիան չի կարող օգտուել պահից, ապա չպէտք է զարմանայ, երբ միւսներն են դա անում: Անցեալ շաբաթ ԱՄՆ Քոնկրէսում բանաձեւ է ներկայացուել՝ Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ ԱՄՆ նախկին մօտեցումը հաստատելու նպատակով:
Թուրքերը կ’ասեն, որ նման բանաձեւի ընդունման կարիք չկայ: Նրանք կ’ասեն, որ Ցեղասպանութիւնը քննարկելու նպատակով կոչ են արել ստեղծել պատմաբանների հայ-թուրքական համատեղ յանձնաժողով. եւ երրորդ կողմ ընդգրկելու կարիք չկայ: Բայց Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը այլեւս պատմական հարց չէ Թուրքիայում, այն քաղաքական է: Տինքը կը տարակուսէր, թէ ինչպէս «մի կողմից նրանք Հայաստանի եւ հայերի հետ երկխօսութեան կոչ են անում, իսկ միւս կողմից՝ ցանկանում են դատապարտել կամ չէզոքացնել իրենց իսկ քաղաքացուն, որն աշխատում է յանուն այդ երկխօսութեան»:
Տինքը խիզախ էր, բայց՝ ոչ միամիտ: Այդուհանդերձ, նա չէր կարող կանխատեսել նման «չէզոքացում»: Այս վայրագ սպանութիւնը մի քանի քաղաքական նպատակների է ծառայում: Առաջինը՝ Թուրքիային պակաս հետաքրքիր դարձնել Եւրոպայի համար, ինչը հէնց այն է, որին ձգտում են թուրքական հասարակութեան որոշ շերտեր: Երկրորդը՝ վախեցնել Թուրքիայի հայերին եւ այլ փոքրամասնութիւններին, որպէսզի նրանք հետամուտ չլինեն իրենց քաղաքացիական ու մարդու իրաւունքների պաշտպանութեանը: Երրորդը՝ վախեցնելով լռեցնել այն խիզախ թուրքերին, ովքեր սկսել են լրջութեամբ ուսումնասիրել այս խրթին ու զգայուն խնդիրները:
Ես նախընտրում եմ մտածել, որ նրա մահն աւելի ազնիւ քաղաքական իտէալների կը ծառայի: Հրանդ Տինքը կը մնայ որպէս ոգեշնչող կերպար այն հայերի համար, ովքեր ունեն ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու ներդաշնակութեան նոյն տեսլականը, եւ այն թուրքերի համար, որոնք ունեն նրա՝ հարեւանների հետ խաղաղ եւ պատմութեան հետ հաշտ ապրելու երազանքը:
«LOS ANGELES TIMES»
Փետրուար 7, 2007