Վերջին ամիսներում հայկական փողի՝ դրամի, շարունակական արժեւորումը տոլարի եւ այլ տարադրամների նկատմամբ, ազգային հպարտութեան հետ մէկտեղ, տեղիք է տալիս որոշ երկմտանքի, որի մասին կ’ուզէինք անդրադառնալ ստորեւ:
Հայաստանի Հանրապետութեան Կեդրոնական դրամատան, Հայաստանի նախագահի յատուկ խորհրդականի եւ այլ տնտեսական մասնագէտների կողմից տրուած բազմաթիւ լուսաբանութիւնների, զեկուցումների ու հարցազրոյցների մէջ ասւում է այն մասին, որ դրամի արժեւորմանը հիմք են ծառայում Հայաստանի ներկայ համախառն ներքին (GDP) կամ համախառն ազգային (GNP) արդիւնքները, այն է՝ տնտեսական աճն ու ելեւմտական կայուն իրավիճակը: Այնինչ՝ քիչ տուեալներ են հաղորդւում տնտեսական աճի ներկայ տոկոսային բարձր ցուցանիշի հաշուարկմանը ծառայող բաղադրիչների գումարային արժէքի վերաբերեալ: Ինչեւէ, նկատի առնելով Հայաստանի դրամի շրջանառութեան, արտադրանքի ու նիւթական ծառայութիւնների, ներածումների ու արտածումների համեմատաբար սահմանափակ ծաւալները, տարակոյս չկայ, որ յայտարարուած արդիւնքները ճշգրիտ են:
Այնուամենայնիւ, յանդգնում ենք ասելու, որ այնքան էլ իրատեսական չի թւում Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը հաշուարկել արդիւնաբերական երկրներում ընդունուած բանաձեւերի օգնութեամբ, որովհետեւ Հայաստանի տնտեսութիւնը, ըստ ամենայնի, տարբերւում է այլ երկրներից՝ իր միանգամայն բացառիկ ու պատմական որոշ առանձնայատկութիւններով:
Օրինակ՝ քիչ պետութիւններ կան, կամ պարզապէս չկան, որ Հայաստանի համեմատութեամբ դրսում ունենան բուն երկրի ազգաբնակչութիւնից թուով առաւել համերկրացիներ, ասել է Սփիւռք, որի դերը Հայաստանի տնտեսութեան մէջ հնարաւոր չէ անտեսել: Նպատակը միայն հիմնադրամները կամ բարեգործական նպատակով տրուող նիւթական օժանդակութիւնները չեն, թէեւ դրանք էլ ունեն իրենց ոչ սակաւ ազդեցութիւնը: Աւելի շատ՝ խօսքը գնում է ընտանիքներին դրսից ուղարկուող անհատական օգնութիւնների մասին, որի տարեկան ընդհանուր ծաւալը կազմում է զգալի գումար: Այսպիսով՝ ստեղծւում է հարկային դաշտից դուրս դրամի հոսք՝ երկրից ներս, որի հետեւանքով՝ առաջ է գալիս ստուերային դրամաշրջանառութիւն՝ առաջ բերելով գնողունակ պահանջարկի տատանում ու գնաճ, թէեւ ներկայ պայմաններում մասնաւորապէս շահոյթի ձգտող արտադրութեան ընդլայնման միտումի եւ ընդհանրապէս ազգային հարստութեան (wealth) ու եկամուտների անհաւասար բաժանման հետեւանքով՝ համեմատաբար սահմանափակ է ազգաբնակչութեան գնողունակ պահանջարկը:
Այլ խօսքով՝ պետութեան կողմից վերահսկուող տնտեսութեան զուգահեռ՝ Հայաստանում առկայ է նաեւ ժողովրդական ծանրակշիռ տնտեսութիւն, որը չգիտենք ինչպէս է ներառւում՝ համախառն ազգային արտադրանքի գումարային արժէքը հաշուարկելիս: Կան նաեւ այլ թեր եւ դէմ օրինակներ, որոնց մասին մէկ առ մէկ անդրադառնալը մեզ կը հեռացնի բուն նիւթից: Գուցէ նշենք միայն ղարաբաղեան հակամարտութեան ու Հայաստանի տնտեսութեան վրայ դրա ունեցած ազդեցութեան օրինակը՝ իր ռազմաքաղաքական եւ այլ կողմերով:
Թւում է, գների շարունակական զգալի աճն ու միւս կողմից՝ դրամի արժեւորումը պատճառ կը դառնան, որ Հայաստանը ուշ թէ շուտ՝ դասուի «թանկ» երկրների շարքում: Դա ոչ միայն կը դժուարացնի Հայաստանի արտադրանքի արտածումը, այլեւ բացասական ազդեցութիւն կ’ունենայ Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող զբօսաշրջութեան զարգացման ու օտար ներդրումների ծաւալի վրայ: Գուցէ մեր պետական այրերը յոյս են կապում սփիւռքահայութեան հայրենասիրական ձգտումների հետ. թերեւս այո, բայց դա էլ հաւանաբար իր սահմաններն ունի… Պէտք է լինել իրատես. արտասահմանեան շուկաներում հայկական ապրանքների մրցունակութեան գլխաւոր տուեալներից մէկը դրանց մատչելի գինն է: Աշխատուժի արժէքի բնական աճին զուգընթաց՝ դրամի արժեւորումը, անշուշտ, կը նպաստի արտադրութեան գների բարձրացմանը, որի հետեւանքով՝ ոչ միայն կը տուժի արտածումը, այլեւ կը խամրի նոր շուկաներ ձեռք բերելու հեռանկարը: Դժուար չէ կռահել, թէ ինչպիսի աւերիչ հետեւանքներ կ’ունենայ նման իրավիճակը, եթէ դրան միանայ նաեւ գործազրկութեան ներկայ անմխիթար թնճուկը:
Արդիւնաբերական շատ հզօր երկրներ աւելի «մտահոգ են» իրենց դրամական միաւորի արժէքազրկմամբ՝ քան արժեւորմամբ: Շուէտիան ամէն գնով ցած կամ յարատեւօրէն կայուն է պահում քրոնի արժէքը: Եուրոյի բարձրացումը, որի հետեւանքով՝ բեկանւում են շատ գործարքներ, չի ուրախացնում անդամակցող պետութիւններին: ԱՄՆը վաղուց վարում է ցածր տոլարի քաղաքականութիւն՝ ծածկելու համար ամավարկի բացը: Անհամեմատ բարձր տնտեսական աճ ունեցող Չինաստանը եւս հակամարտութեան մէջ է ԱՄՆի հետ՝ եուանի («Ա.».- Չինաստանի ազգային դրամանիշը) արժէքը ցածր պահելու պատճառով:
Հայաստանի տնտեսական ներքին կեանքին հայեացք ձգելիս՝ այնքան էլ չեն զգացւում տնտեսական զարգացման բարձր կշռոյթները: Ճիշդ է, մեծ թափ է առել շինարարութիւնը, սակայն պետական ֆինանսաւորման կարօտ են բազմաթիւ հասարակական, գիւղատնտեսական, կրթա-մշակութային եւ այլ նախագծեր ու ծրագրեր: Դեռ չի վերացել աղքատութիւնը. երկիրն ամբողջապէս պէտք ունի հիմնական վերանորոգումների կամ վերակառուցման:
Համոզուած ենք, որ Հայաստանի կառավարութիւնը ամավարկային ու ելեւմտական ծրագրաւորումների ժամանակ լիովին իրազեկ լինելով՝ հաշուի է նստում վերոնշուած հանգամանքների հետ: Այնուամենայնիւ, գործազրկութեան, գնաճի, արտածումների ու զբօսաշրջութեան գլխին կախուած սպառնալիքի, թափուր մնացած գործարանային համալիրների գոյութեան, ինչպէս նաեւ դրամի ոչ կայուն սակի հետեւանքով՝ օտար ներդրումների հաւանական «փախուստ»ի ու մի քանի օր առաջ յայտարարուած ամավարկի բացի պայմաններում, երկմտանքի տեղքի է տալիս դրամի արժեւորման ներկայ քաղաքականութիւնը: Դրանով ի՞նչ ենք ձգտում ապացուցել կամ համոզել եւ ում: Արդեօք դա հայ ժողովրդին կը տանի տնտեսական զարգացման ու բարօրութեա՞ն, թէ Աստուած մի արասցէ՝ հակառակը՝ տնտեսական անկման կամ… ինքնասպանութեան: