
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լոս Անջելես գաւառի կառավարիչների խորհուրդը Յունուարի 24ին միաձայն կողմ քուէարկեց բանաձեւի, որ կոչ է անում նախագահ Բայդենին եւ կոնգրեսական Ադամ Շիֆին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու դրա հետեւանքով արցախահայերի կրած տառապանքը:
Կառավարիչներ Քեթրին Բարգերի եւ Լինզի Հորուաթի համահեղինակած բանաձեւում մասնաւորապէս ասւում է. «2022 թուականի Դեկտեմբերի 12ից Ադրբեջանի կառավարութիւնը փակել է Լաչինի միջանցքը՝ արգելափակելով մուտքը դէպի Լեռնային Ղարաբաղ, որ յայտնի է որպէս Արցախ: Այս միջանցքը Հայաստանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղը աշխարհին կապող միակ ճանապարհն է Հայաստանի տարածքով: Շրջափակումը զրկել է 120,000 հայերի, այդ թւում՝ 30,000 երեխայի եւ 20,000 տարեցների, սննդից, դեղորայքից եւ այլ անհրաժեշտ պարագաներից»: Ըստ այդմ, Լոս Անջելես գաւառի կառավարիչների խորհուրդը նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է անում իրականացնել մի շարք գործողութիւններ, այդ թւում՝ պահանջել անյապաղ վերաբացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնութիւն տրամադրել ադրբեջանական շրջափակման հետեւանքով տուժած հայերին, դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆի կողմից յատկացուող ռազմական եւ տնտեսական օգնութիւնն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ադրբեջանական վարչակարգին պատասխանատուութեան ենթարկելու իր յանցագործութիւնների համար:
«Սա հումանիտար (մարդասիրական) ճգնաժամ է, որն իր ազդեցութիւնն ունի մեր գաւառի վրայ, որտեղ կենտրոնացած են Միացեալ Նահանգներում ամենամեծ թուով հայերը: Շատերն ունեն ընտանիքի անդամներ, ովքեր տառապում են սովից, զրկուած են բուժօգնութիւնից, դիմակայում են էլեկտրականութեան եւ գազի անջատումներին եւ ամբողջովին մեկուսացուած են», կառավարիչների խորհրդի նիստում բանաձեւի քննարկման լսումների ժամանակ յայտարարեց Քեթրին Բարգերը: Լինդսի Փ. Հորուաթն էլ նշեց, որ չի կարելի շարունակել հանդուրժել Հայաստանում եւ Արցախում շարունակուող մարդու իրաւունքների խախտումները:
Բանաձեւին աջակցութիւն յայտնելու նպատակով հանրային ելոյթներով հանդէս եկան հայ համայնքի հասարակական-քաղաքական գործիչներ՝ միաժամանակ երախտագիտութիւն յայտնելով կառավարիչների խորհրդին նախաձեռնութեան համար:
«Ադրբեջանի կառավարութեան կողմից հայ ժողովրդին ուղղուած մշտական գոյաբանական սպառնալիքների այս պահին, երբ յատկապէս 120,000 անմեղ հայ խաղաղ բնակիչներ շրջափակուած են առանց արտաքին աշխարհ ելքի՝ Ադրբեջանի կողմից Արցախ ելումուտ ապահովող միակ ճանապարհի դաժան եւ անմարդկային փակման պատճառով, մենք երախտապարտ ենք կառավարիչներ Բարգերին եւ Հորուաթին առաջնորդելու Լոս Անջելես գաւառի կառավարիչների խորհրդին, որ իրենց համերաշխութիւնը յայտնեն մեր համայնքին», իր խօսքում նշեց Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի ատենապետ Նորա Յովսէփեանը:

«Սա օգնութեան կոչ է աշխարհին Արցախի Հանրապետութիւնում ապրող 120,000 հայերի կողմից: Միջազգային հանրութիւնը պէտք է արձագանգի. Ամերիկայի Միացեալ Նահանգները պէտք է օգնէ վերջ դնել այս հումանիտար ճգնաժամին եւ թոյլ չտայ, որ ցեղասպանութիւնն իրականութիւն դառնայ: Պէտք է փրկել Արցախը. Հիմա՛», յայտարարեց Հայկական իրաւունքների ամերիկեան խորհրդի ներկայացուցիչ Ռաֆֆի Պալեանը:
«Դուք՝ որպէս մեր ներկայացուցիչներ, պատրաստւում էք դիրքորոշում ընդունել մի երկրի նողկալի պահուածքի վերաբերեալ, որն ունի Լոս Անջելես գաւառի չափ բնակչութիւն, եւ պաշարել է մէկ այլ երկիր, որի տարածքը Փասադենայի շրջանի չափ է: Այս բանաձեւի օգտին քուէարկութիւնը լսելի կը լինի ամբողջ աշխարհում եւ կը հաւաստիացնի բոլոր նրանց, ովքեր մեր գաւառը կոչում են տուն, որ այստեղ, թէ դրսում, մենք թոյլ չենք տալիս, որ մարդիկ վնասուեն իրենց ինքնութեան համար, չենք հանդուրժում, որ սառչեն ցրտից, կամ երեխաները զրկուեն ապահովութիւնից եւ կրթուելու հնարաւորութիւնից, ինչպէս Ադրբեջանն է այժմ դա իրականացնում», նշեց Դաւիթ Գէորգեանը:
«Ասպարէզ»ի հետ առանձնազրոյցում կառավարիչ Քաթրին Բարգերը նշեց, որ բացառիկ դէպք է, երբ խորհրդի անդամ բոլոր հինգ կառավարիչները միաձայն են հանդէս գալիս: «Հարց չի կարող առաջանալ, որ այն ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում ցեղասպանութեան մի ձեւ է: Ես տեսել եմ տեսանիւթեր, որտեղ մարդիկ պատմում են, որ չունեն սնունդ, բուժօգնութիւնից օգտուելու հնարաւորութիւն, ինչը ճիշդ չէ, եւ մենք պէտք է կանգնենք այն մարդկանց կողքին, ովքեր այս պահին տառապում են, նրանք մեկուսացուած են, եւ մենք նրանց միակ յոյսն ենք: Մենք պէտք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին: Մենք չենք կարող նոյն սխալը թոյլ տալ ինչ անցեալում: Այս տարի, նոյնպէս պատրաստւում ենք նշել Հայոց Ցեղասպանութեան տարելիցը, ի՞նչ է սա, եթէ ոչ Ցեղասպանութեան կատարման երկրորդ ակտ (արար), ինչը չենք կարող թոյլ տալ: Միացեալ Նահանգները պէտք է քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու համար ահաբեկչութեան այս ձեւը, որ Ադրբեջանն իրականացնում է, որ մարդու իրաւունքների խախտում է: Ադրբեջանին պէտք է զգուշացուի, որ եթէ նրանք չդադարեցնեն իրենց այս գործողութիւնները՝ մենք քայլեր կը ձեռնարկենք պատժամիջոցներ կիրառելով, զրկելով նրանց ԱՄՆ կողմից ֆինանսական յատկացումներից», նշեց Բարգերը:
Կառավարիչ Լինդսի Հորուաթն էլ անընդունելի է համարում ստեղծուած իրավիճակը եւ նշում. «Ես վաղուց եմ հայ համայնքի կողքին, նաեւ որպէս Ուեսթ Հոլիվուդի քաղխորհրդի անդամ, եւ առաջիններից եմ, որ ճանաչել եմ Հայոց Ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն: Այժմ Ադրբեջանի այս յանցանքները մեզ յիշեցնում են, թէ ինչ է կատարուել մեր անցեալում, եւ մենք պէտք է մեր ջանքերն ուղղենք՝ համոզուած լինելու, որ չենք կրկնելու անցեալի սխալներն ու այն տեղափոխելու ապագայ: Պէտք է ամուր կանգնենք մեր հայ համայնքի կողքին այստեղ, եւ համոզուած լինենք, որ մեր ձայնը բաւարար բարձր ու յստակ է ներկայացնում, թէ ինչ է կատարւում ովկիանոսից այն կողմ: