Հայոց անկախ պետականութեան հիմնումն ու անցնող տասնհինգ տարիների վրայ երկարող ամրակայման գործընթացը շարունակւում է, համահայկական կարեւորութիւն ներկայացնող հարցերի շուրջ առաւել լայն զանգուածների ընդգրկումով, որը ցուցանիշ է այն բանի, որ հայ ժողովրդի քաղաքականացման մակարդակը աճ է արձանագրում։ Որքան արագ ընթանայ սոյն գործընթացը եւ որքան ընդգրկուն լինի այն, նոյնքան դիւրին պիտի լինեն մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող հարցերի լուծման ի խնդիր տարուող աշխատանքները, նիւթական թէ բարոյական առումով։ Հայ ազգը արթնանում է պատմութեամբ պարտադրուած քաղաքական թմբիրից, հետզհետէ աւելի յստակ պատկերացնելով իր առջեւ դրուած համազգային նպատակներն ու դրանց իրականցման ուղիները։
Յառաջիկայ ընտրութիւնների հետ նոր յոյսեր ենք կապում եւ իրագործումներ ենք ակնկալում։ Այդ ակնկալիքների շարքում է նաեւ հայ կնոջ դերի բարձրացման հարցը։
Դարձեալ պատմութեան հարկադրանքով, տղամարդու կողքին հայ կինը տասնապատիկ ծանրութեամբ է զգացել ստրկութեան ճնշող ազդեցութիւնը եւ զրկուել է իր լրիւ կարողականութիւնը դրսեւորելու հնարաւորութիւնից, շպրտուելով պատմութեան ետնաբեմ։ Անտարակոյս է, որ յառաջադէմ են այն հասարակութիւնները, ուր կինն իր պատշաճ տեղն ունի։
Այսօր, երբ համագումարներ են տեղի ունենում, քննելու համար համահայկական խնդիրներ, երբ յաճախ է խօսւում ազատ ու արդար հիմունքներով հասարակութիւն կառուցելու մասին, արդար կը լինի, եթէ խօսուի նաեւ կնոջ դերի եւ մասնակցութեան բարձրացման մասին։ Որքան գործուն դերակատարութիւն ունի կինը հասարակական կեանքում, նոյնքան յաջողութեամբ կարող է իրականցնել նա սերունդների դաստիարակութեան գործը։
Եթէ անցեալում հայ կինը անտեսուել է, ապա այդ մէկը տեղի է ունեցել օտար տիրապետութիւնների որպէս արդիւնք եւ խորթ է ազգային մեր մտածողութեան, եւ մեզ ծանօթ հայ պատմիչների մօտ կնոջ հանդէպ միայն յարգալիր վերաբերմունքի ենք հանդիպում։
Անկախութեան գործընթացը ենթադրում է նաեւ ազգային արժէքների վերականգնում, որի մէջ մտնում է նաեւ կնոջ դերի ճիշդ ըմբռնումը։ Հայկական «Սասնայ ծռեր» էպոսի մէջ, ուր խտացուած ձեւով արտայայտուած է հայ ժողովրդի կենսափիլիսոփայութիւնն ու աշխարհահայեացքը, կարող ենք գտնել տղամարդուն եւ կնոջը համահաւասար դասելու հայ ժողովրդի ընկալումը։
«Սասնայ ծռեր» էպոսի մէջ կայ մի դրուագ, երբ իր սիրած Դաւթի անպատշաճ վերաբերմունքից վիրաւորուած Խանդութ Խաթունը բռունցքով հարուածում է նրան, ասելով. «Դու քո հօր կտրիճն ես, ես էլ՝ իմ», իսկ զայրացած Դաւթին զսպելով, էպոսի կերպարներից Քեռի Թորոսը արդարացնում է Խանդութ Խաթունի արարքը հետեւեալ խօսքերով. «Առիւծն առիւծ ա, լինի էգ, թէ որձ»։
Ազատ ու արդար քուէարկութեան վրայ խարսխուած յառաջիկայ ընտրութիւնները ուրախալի պիտի լինեն, սակայն կրկնակի ուրախութիւն պիտի պատճառի առաւել թուով կանանց ընդգրկումը երկրի կառավարման մէջ, որը լայն հորիզոններ պիտի բանայ հայ կնոջ առջեւ, որպէսզի, ինչու չէ, գեղեցիկ մի օր հայուհուն վստահենք Հայաստանն առաջնորդելու պատիւն ու պարտականութիւնը։