
Միլիոնաւոր մարդիկ տառապում են արեան բարձր ճնշումից, այն ամենատարածուած հիւանդութիւններից մէկն է, սակայն միեւնոյն է, շատերը սխալ պատկերացում ունեն այս հիւանդութեան մասին: Նշենք դրանցից ամենատարածուածները:
Սխալ 1. Գերճնշումը տարեցների հիւանդութիւն է: Գերճնշումը վաղուց դադարել է լինել տարեցների հիւանդութիւն: Հիւանդութիւնը կարող է զարգանալ առանց ախտանշանների, արդիւնքում մարդը կարող է կաթուած ստանալ, իսկ աւելի բարձր տարիքում տառապել սրտի անբաւարարութիւնից:
Սխալ 2. Գերճնշումը աւելի յաճախ հանդիպում է տղամարդկանց մօտ: Գերճնշումը հաւասարապէս կարող է զարգանալ ինչպէս տղամարդկանց, այնպէս էլ կանանց մօտ: Պարզապէս կանանց մօտ այս հիւանդութիւնը յաճախ զարգանում է դաշտանադադարից յետոյ, իսկ տղամարդկանց մօտ` մինչեւ 45 տարեկան:
Սխալ 3. Միայն վերին (սիստոլային, systolic) կամ ստորին (դիաստոլային, diastolic) ցուցանիշների աճը վտանգաւոր չէ: Վերին արեան ճնշման ընդհատուող բարձրացումները կարող են կայուն լինել առողջ սրտի դէպքում: Այնուամենայնիւ, 50ն անց մարդկանց համար նման տատանումները պէտք է մտահոգիչ լինեն: Ցածր ցուցանիշների անընդհատ աճը միշտ վկայում է առողջական խնդիրների առկայութեան մասին եւ պէտք է պատճառ հանդիսանայ բժշկի դիմելու համար:
Սխալ 4. Գերճնշումի զարգացումը հնարաւոր չէ կանխել, եթէ այն ժառանգական նախատրամադրուածութիւն ունի: Արեան ճնշումը ժառանգական չէ, ժառանգական է միայն դրա նկատմամբ նախատրամադրուածութիւնը: Արեան բարձր ճնշման առաջացման վտանգը մեծանում է գիրութեան, թերսնման, աղի չարաշահման, նստակեաց ապրելակերպի եւ վատ սովորութիւնների դէպքում: Եթէ այս գործօնները վերացուեն, կարելի է կանխել զարկերակային գերճնշումը:
Սխալ 5. Դեղորայք պէտք է ընդունել միայն արեան բարձր ճնշման ժամանակ: Գերճնշումի բուժման համար նշանակւում է համալիր բուժում, այնպէս որ, դեղերը պէտք է պարբերաբար ընդունել` անկախ ձեր ճնշումը բարձր է, թէ ոչ:
Սխալ 6. Գերճնշումը կարող է ամբողջութեամբ բուժուել դեղորայքով: Արեան բարձր ճնշումը քրոնիկ (մնայուն) է եւ ուղեկցում է հիւանդին ողջ կեանքի ընթացքում: Բժիշկը կարող է յարմարեցնել դեղորայքային բուժման ծրագիրը, սակայն անհնար է ամբողջութեամբ դադարեցնել արեան ճնշումը հսկողութեան տակ պահող դեղամիջոցները:
Սխալ 7. Գերճնշումի դէպքում ֆիզիկական աշխուժութիւնը խստիւ հակացուցուած է: Պակաս վտանգաւոր չէ արեան բարձր ճնշման ժամանակ աւելորդ կամ անբաւարար ֆիզիկական գործունէութիւնը: Նստակեաց ապրելակերպը յանգեցնում է աւելորդ կիլոգրամների եւ բացասաբար է անդրադառնում արեան անօթների եւ սրտի մկանների վրայ: Ֆիզիկական մարզումները ամենակարեւոր դերն են խաղում մարդու առողջութեանն` ընդհանրապէս:
Նշենք որ` զարկերակային ճնշման նորման (բնականոն չափանիշը) 40-60 տարեկանների դէպքում. սիստոլային ճնշումը` մինչեւ 140 մմ. ս.ս., դիաստոլային ճնշումը` մինչեւ 90 մմ. ս.ս.: