
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Ապրիլի 20ին, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում հիւրընկալուեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում արդէն 25 տարի անընդմէջ գործող Միութիւն ընդդէմ Ցեղասպանութեան կազմակերպութեան անդամները:
Գրեթէ ամէն տարի Ապրիլի 24ի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցելող սոյն կազմակերպութիւնն այս անգամ Երեւան է ժամանել 7 հոգանոց պատուիրակութեամբ:
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի կազմակերպութեամբ տեղի ունեցած միջոցառմանը ելոյթով հանդէս եկան Միութիւն ընդդէմ Ցեղասպանութեան կազմակերպութեան անդամներ Սելա Էրթեմը, Էրան Գիւնդիւզը, Գիւլսեն Այթանը, ինչպէս նաեւ` համշէնահայ հոգեբան եւ ընկերաբան Ալիյէ Ալթը (Ալիս Կոստանեան):
Էրթեմը ներկաներին ողջունելուց յետոյ մանրամասներ ներկայացրեց իրենց կազմակերպութեան գործունէութեան վերաբերեալ: Նա մասնաւորապէս նշեց, որ վերջին 3 տարում շատ բացասական զարգացումներ են գրանցուել մեր տարածաշրջանում, եւ որ իրենց կազմակերպութեան անդամները խիստ ազդուել են յատկապէս արցախեան վերջին պատերազմից եւ ցաւում են 5000 հայ զոհերի համար: Նա յաւելեց, թէ այս ընթացքում Թուրքիան վերստին ցոյց է տուել իր իրական դէմքը` թուրք հասարակութեանը սխալ պատկերացում եւ տեղեկութիւններ տալով այդ պատերազմի վերաբերեալ: Նա նշեց․ «Մեզ նաեւ շատ է վշտացնում Լաչինի (Բերձոր) միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից: Կարծում ենք, որ Թուրքիայում իրենց ժողովրդավար համարող շրջանակներից չի լսւում այն բողոքի ձայնը, որ նրանք պարտաւոր էին բարձրացնել այդ շրջափակման դէմ»:
Էրթեմը յիշեցրեց, որ իր լուսահոգի ամուսինը` Միութիւն ընդդէմ Ցեղասպանութեան կազմակերպութեան հիմնադիր եւ նախագահ Ալի Էրթեմը, 44օրեայ պատերազմի ժամանակ փորձել է այդ հասարակական կարծիքը ձեւաւորել` թուրքախօս հանրութեանը ներկայացնելով, թէ իրականում ինչ է կատարւում Արցախում․ «Նրա մահից յետոյ մենք հասկացանք, որ պէտք է շարունակենք նրա գործը, սակայն նկատեցինք նաեւ, որ դժուարանում ենք այդչափ ուժ գտնել մեր մէջ, որչափ որ նա էր ցուցաբերում»: Նա նաեւ շեշտեց, որ Թուրքիայի պատմութեան ընթացքում գործուած ոճրագործութիւնների հետ թուրք հասարակութեան առերեսումը շատ կարեւոր է, եւ որ հէնց այդ հարցի անտեսումն է խոչընդոտում թուրք հասարակութեան զարգացումը: Նա նաեւ ասաց․ «Քանի որ այդ առերեսումը շատ կարեւոր է, մենք չենք հրաժարուելու մեր պայքարից եւ շարունակելու ենք այդ ուղղութեամբ մեր աշխատանքները»:
Ապա Գիւնդիւզ եւս ընդգծեց իրենց կազմակերպութեան գործունէութեան շարունակման անհրաժեշտութիւնը, յատկապէս այն ժողովուրդների վերաբերեալ կատարուող աշխատանքները, որոնք ենթարկուել են ցեղասպանութեան` հայեր, յոյներ եւ ասորիներ:

Այնուհետեւ իրեն ներկայացրեց Այթանը: Նա մասնաւորապէս յայտնեց, որ սովորում է Գերմանիայի Բժշկական համալսարանում: Ծագումով Տրապիզոնից է, սակայն ծնուել եւ մեծացել է Բեռլինում: Նա յաւելեց, որ 2018ից ի վեր ընդգրկուած է գերմանացի ցեղասպանագէտ Թեսսա Հոֆմանի «Թող Ցեղասպանութիւնը ճանաչուի» հասարակական կազմակերպութեան մէջ: Սոյն կազմակերպութիւնը աշխատանքներ է ծաւալում ցեղասպանութիւնների, այդ թւում` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ: Նրա կարծիքով` թուրք հասարակութեան կողմից ցեղասպանութիւնների ուրացումն առաւելապէս հոգեբանական է: Իրենց կազմակերպութիւնը տարբեր միջոցառումներ է կազմակերպում Թուրքիայի իրականացրած ոճրագործութիւնների թեմաներով:
Ապա ելոյթ ունեցաւ Կոստանեանը: Նա նշեց, որ իր կարծիքով` թուրք հասարակութիւնը շատ է ուշացել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու հարցում։ Նա ասաց, որ ծնուել է Թուրքիայում, ապա 1973ին տեղափոխուել Գերմանիա: Մինչեւ 42 տարեկան իրեն թուրք մուսուլման էր համարում, մինչեւ իսկ թուրք ազգայնամոլ էր, սակայն արդէն 42-43 տարեկանում համալսարանում ծանօթացել է հայ ընկերների հետ եւ հասկացել, որ համշէնցիներն իրականում հայկական ծագում ունեն: Այդ գործընթացն իր համար անցնցում չի անցել․ հոգին խռովայոյզ է եղել: Հոգեբանական առումով բարդ շրջան է անցկացրել: Առաջին անգամ Հայաստան է եկել 1999ին, Ալի Էրթեմի շնորհիւ, նրա հետ միասին:
Կոստանեանն անդրադառնալով առաջին անգամ Հայաստան այցի ժամանակ իր ունեցած տպաւորութիւններին` նշեց․ «Երբ ինքնաթիռից իջանք, անձնագիրս ստուգող պաշտօնեան ինձ հարցրեց այցիս նպատակի մասին, եւ ես ակամայ պատասխանեցի․ «Ես եկել եմ իմ հայրենիք»: Մինչ այդ նման բան չէի մտածել, ինձ համար էլ էր անակնկալ այդ խօսքս: Այդ տարեթուից սկսած` ես ինքս ինձ հետ կռիւ եմ մղում` համշէնական ինքնութեանս առնչութեամբ: Որոշ ժամանակով, գիտակցաբար յետաձգեցի այդ թեմայով ուսումնասիրութիւնս եւ սկսեցի այլ թեմաների մէջ խորանալ: Սակայն այս տարիների ընթացքում իմ կատարած դիտարկումները ցոյց են տալիս, որ հիմնական հոգեբանական խնդիրը համշէնցիների շրջանում՝ վախն է: Այսպէս, օրինակ, դեռեւս 15 օր առաջ եմ վերադարձել Թուրքիայից: Աւագ եղբայրս էր վախճանուել: Բնականաբար ցանկանում էի գնալ` վերջին հրաժեշտս տալու: Սակայն նկատեցի, որ զարմիկս, ով աշխատում է Թուրքիայի խորհրդարանում, առանձնապէս ոգեւորուած չէր իմ այցելութեան գաղափարից: Մինչեւ իսկ փորձում էր ինձ համոզել, որ չգնայի: Ես նրան ուղղակիօրէն հարցրեցի, թէ արդեօք իմ այցը կարող է իրեն վնասել: Երբ նա բացասական պատասխան տուեց, ես մասնակցեցի եղբօրս թաղմանը»:
Կոստանեանը հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով համշէնցիների ինքնութեան եւ ազգային ինքնագիտակցութեան թեմայով հարցին` ընդգծեց, որ իր կարծիքով` հայկական ինքնութեան գիտակցումն արդէն ծնուել է Ռիզէում` բուն Համշէնում:
Վերջում հիւրերը պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին կազմակերպութեան ծրագրերին եւ անելիքներին: