Յուլիսի 19ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրութիւններին գնահատական տալիս, Հ.Յ.Դ. Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը յայտարարեց, որ չնայած նախագահական ընտրութիւններին նախորդեցին միջազգային տարբեր կենտրոնների կողմից հնչած անհիմն յայտարարութիւններ՝ դրանք որեւէ ազդեցութիւն չունեցան Ղարաբաղի ժողովրդի տրամադրութեան վրայ։
«Այդ յայտարարութիւնները ոչ մի առնչութիւն չունէին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ այն ուղեգծի հետ, որն ընտրել է Ղարաբաղի ժողովուրդը եւ այսօր էլ իրականացնում է», ասաց Ա. Ռուստամեանը, որն անձամբ ականատես է եղել այն աշխուժութեանը, որ ընտրութիւններում ցուցաբերել է Ղարաբաղի ժողովուրդը։
Պ.- Այդ անհիմն յայտարարութիւններին ամենալաւ պատասխանը տուեց Ղարաբաղի ժողովուրդը՝ կազմակերպելով բարձր մակարդակի ընտրութիւններ եւ աշխուժօրէն մասնակցելով այդ ընտրութիւններին։ Այս ամէնը պերճախօս վկայութիւնն է այն բանի, որ Ղարաբաղի ժողովուրդը իսկապէս տէր է իր ճակատագրին։ Ժողովուրդը ցոյց տուեց, որ այդ ընտրութիւնը նա կատարել է իր համար եւ ոչ թէ այն բանի համար, որ այս կամ այն միջազգային ատեանը ընդունի կամ գնահատի այնպէս, ինչպէս այդ պահին իր քաղաքական շահն է թելադրում։ Սա ամենակարեւոր հաստատումն է։
Հ.- Ինչո՞վ կ’առանձնացնէիք նախագահական այս ընտրութիւնները։
Պ.- Կան մի քանի առանձնայատկութիւններ։ Մասնաւորապէս, այս նախագահական ընտրութիւնները անց էին կացւում նոր ընդունուած սահմանադրութեամբ։
Փաստօրէն, սա սահմանադրութիւն ունեցող երկրի առաջին նախագահական ընտրութիւններն էին, եւ ժողովուրդն ընտրում էր նախագահի, որի լիազօրութիւնները յստակ սահմանուած են, ի տարբերութիւն նախորդների, որոնց լիազօրութիւնները սահմանւում էին օրէնքներով։ Եւ վերջապէս պէտք է փաստել, որ ընտրութիւնների անցկացման բուն ընթացքն իսկապէս բարձր գնահատականի է արժանի։ Մենք եղել ենք Հադրութի շրջանի գրեթէ բոլոր տեղամասերում, որտեղ աշխուժութիւնն ակնյայտ էր, ու սա չէր կարող ձեւական լինել։ Եւ այն թիւը, որ յայտարարւում է մասնակցութեան առումով, լիովին համապատասխանում է իրականութեանը։
Երկրորդ կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ ԼՂՀ Ընտրական օրէնսգրքով սահմանուած մեքանիզմների կիրառումը հնարաւոր է դարձնում ժողովրդի կամարտայայտութեան լիարժէք դրսեւորումը։ Այն բոլոր տեղամասերում, որտեղ մենք ներկայ ենք եղել, որեւէ լուրջ խախտումի մասին խօսք չի եղել։ Ներկայ էին բոլոր թեկնածուների վստահուած անձինք, եւ որեւէ կասկած չկայ, որ այս ընտրութիւնները համապատասխանել են միջազգային չափանիշներին։
Հ.- Պարո՛ն Ռուստամեան, ԼՂում նաեւ միջազգային դիտորդներ կային, որոնք հանդէս եկան զեկոյցներով եւ դրական գնահատական տուեցին կայացած ընտրութիւններին։ Ձեր կարծիքով՝ ինչպէ՞ս կարող են այդ զեկոյցները հասնել այն միջազգային կառոյցներին, որոնք զբաղւում են ԼՂ հիմնախնդրի կարգաւորմամբ։
Պ.- Միջազգային դիտորդները քաղաքականացուած հաստատութիւններ չէին ներկայացնում, այլ աւելի շատ հասարակական կազմակերպութիւններից էին եւ ընտրական գործընթացների մասնագէտներ էին, որոնք նման առաքելութիւնների փորձ ունէին։
Նոյն այդ դիտորդների հետ մեր շփումներից պարզ դարձաւ, որ նրանք նոյնպէս լուրջ տպաւորութիւն էին ստացել գործընթացից։ Այդ միջազգային հասարակական կազմակերպութիւնները բաւականին ճանաչուած են, յայտնի են համապատասխան դիտորդական առաքելութիւնների փորձով, եւ նրանց գնահատումներն էլ չպէտք է անտեսուեն միջազգային քաղաքական կազմակերպութիւնների կողմից, որոնք պարտաւոր են լսել այդ գնահատականները։ Իսկ հաշուի չնստելը նշանակում է աչքերը փակել եւ չտեսնել իրականութիւնը։
Կարծում եմ, այս մարտավարութիւնը երկար ճանապարհ չունի, եւ վաղ թէ ուշ միջազգայնօրէն պէտք է փաստուի ԼՂ Հանրապետութեան կայացումը։ Անգամ այն դէպքում, երբ ճանաչուած պետութիւնների համար կարեւորւում է, թէ որքանով է այդ պետութիւնը ընդունակ կազմակերպելու ժողովրդավարական ընտրութիւններ, իսկ ԼՂ դէպքում, ուզեն թէ չուզեն, պէտք է հասկանան, որ պետութիւնը լիարիւն ապրում է, պետական բոլոր յատկանիշներով կայացած է։ Սա կարող է փաստել իւրաքանչիւր անաչառ դիտորդ, ով եղել է Ղարաբաղում։ Այս ամէնը բերելու է նրան, որ միջազգային հանրութիւնը հաշուի է նստելու փաստերի ու իրականութեան հետ եւ ճանաչելու է ԼՂ Հանրապետութիւնը։
Հ-. ԵԱՀԿ գործող քարտուղար Մորաթինոսը հանդէս է եկել յայտարարութեամբ, թէ «ԼՂում կայացած նախագահական ընտրութիւնները չպէտք է ազդեն հակամարտութեան խաղաղ կարգաւորման վրայ»։ Ի՞նչ տրամաբանութիւն կայ սրա մէջ։
Պ.- Պէտք է նկատել, որ շատ զաւեշտական իրավիճակի մէջ են յայտնւում այն միջազգային կազմակերպութիւնները, որոնք հարցը դնում են ճանաչել-չճանաչելու վրայ, որովհետեւ, ի վերջոյ, դա իւրաքանչիւր երկրի կամ կազմակերպութեան իրաւունքն է, բայց ընտրութիւնների անցկացման դատապարտումը ոչ միայն անհասկանալի է, այլեւ շատ դէպքերում հէնց դատապարտողներն են իրենց իսկ խոցելի դարձնում։
Այդ կառոյցները երկու հիմնական փաստարկ են բերում, որոնք հիմքից զուրկ են։ Առաջին հաստատումն այն է, թէ քանի որ հակամարտութիւնը կարգաւորուած չէ, ուրեմն այսպիսի ընտրութիւնները խանգարում են այդ գործընթացին։ Բացարձակապէս անհիմն յայտարարութիւն է, որովհետեւ ժողովուրդը, որն այդտեղ ապրում է, չի կարող սպասել իր հիմնահարցի քաղաքական կարգաւորմանը։
Ժողովրդի առաջնային իրաւունքն է իր կեանքը կազմակերպել մարդկութեան նուաճումներին համապատասխան։ Իսկ դրանք բերել են նրան, որ ժողովրդին իրաւունք է տրուել ինքնուրոյն, ժողովրդավարութեան շրջանակներում ձեւաւորել իր իշխանութիւնը։ Սխալւում են հէնց այս հարցում. եթէ չեն ընդունում դա, ապա ի՞նչ են առաջարկում. ոչի՛նչ։ Ասում են՝ սպասէք, մինչեւ հարցը կարգաւորուի։ Ի՞նչ է սա նշանակում՝ մարդիկ պէտք է ապրեն եւ չեն կարող սպասել։
Հակամարտութիւնների սառեցուածութիւնը չի բերում կեանքի սառեցման։ Այստեղ է, որ անտրամաբանական իրավիճակ է առաջանում։ Միւս փաստարկն այն է, թէ օրինաւոր չեն այս ընտրութիւնները, որովհետեւ դրանց չեն մասնակցում այդ տարածաշրջանում բնակուած բոլոր քաղաքացիները՝ նկատի ունենալով տեղահանուած մարդկանց կամ փախստականներին։
Եթէ մենք էլ այդպէս մտածենք, ուրեմն ոչ օրինաւոր ընտրութիւններ են տեղի ունենում նաեւ Ատրպէյճանում, որովհետեւ հսկայական թուով քաղաքացիներ, որոնք այսօր փախստականներ են, չեն մասնակցում Ատրպէյճանի նախագահական ընտրութիւններին։ Երկակի չափանիշները չի կարելի անընդհատ պահպանել։
Իսկ յայտարարութիւն անողները դեռ ապագայում պէտք է պատասխանեն, թէ ինչո՞ւ էին կանխում ժողովրդավարական գործընթացները այս տարածաշրջանում։ Հէնց այս յայտարարութիւններով են խանգարում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը տարածաշրջանում։ Մարդու եւ ժողովրդի իրաւունքները պէտք է գերակայ լինեն ցանկացած այլ իրաւունքից, ցանկացած այլ քաղաքական շահից եւ հաշուարկից։ Եւ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում սա տեղ կը բռնի միջազգային կենտրոնների գիտակցութեան մէջ։
Հ.- Պարո՛ն Ռուստամեան, յետընտրական շրջանում շահարկուեց մասնակցութեան մեծ թիւը, եւ նաեւ Բակօ Սահակեանին տուած ձայների բացարձակ մեծամասնութեան փաստը։ Որքանո՞վ են հիմնաւորուած այդ շահարկումները։
Պ.- Շատ յաճախ ասում են, թէ մասնակցութեան այսքան բարձր տոկոսը, նաեւ Բակօ Սահակեանի ստացած ձայները կարծես ստուեր են գցում ժողովրդավարական գործընթացների վրայ։ Բայց պէտք է հաշուի առնենք երկու կարեւոր հանգամանք։ Առաջին՝ խօսքը միասնական թեկնածուի մասին է, Բակօ Սահակեանը Ղարաբաղում գործող հիմնական ազդեցիկ քաղաքական ուժերի կողմից համաձայնեցուած միասնական թեկնածուն էր, իսկ այդ ուժերը իսկապէս այդքան, եթէ ոչ աւելի, հեղինակութիւն ունեն ԼՂում։
Միասնական թեկնածուի առաջադրմանն էլ այդ ուժերը չեն հասել մէկ օրում։ Սա երկարատեւ բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերուած համաձայնութիւն է, որի հիմքում ընկած են այն առաջնային խնդիրները, որոնք բխում են ԼՂ ժողովրդի շահերից։ Եւ նաեւ՝ չճանաչուած երկրի ժողովուրդը լիարժէք ջանք է գործադրում, որ իր պետութիւնը ճանաչուի, նաեւ՝ որ կարողանայ այնպիսի իշխանութիւն ձեւաւորել, որը կը կարողանայ իր անվտանգութիւնը ապահովել։
Այսինքն, Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգ հեռանկար ունենալու խնդիրը շատ աւելի կարեւոր տեղ է գրաւում, քան այլ երկրներում։ Այսօր այդ ժողովուրդը, բացի իր մարտունակութեան, պաշտպանունակութեան մեքանիզմներն ունենալուց, անվտանգութեան այլ՝ լրացուցիչ մեքանիզմներ չունի։ Եւ սրանով է հէնց պայմանաւորուած այդ աշխուժութիւնը, իսկ իր ձայնը տուել է նրան, ով կարող է առաւելագոյնս երաշխաւորել իր անվտանգութիւնը։