Մայիսի 31ին, Գարեգին Բ. կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտութեան ամբիոնի մի խումբ ուսանողների` ուղեկցութեամբ ամբիոնի վարիչ դոկտոր Պարլօ սարկաւագ Տէր Մկրտիչեանի:
Կաթողիկոսը, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքը փոխանցելով ուսանողներին, իր գնահատանքը յայտնեց Տէր Մկրտիչեանին՝ հայ երիտասարդներին հայրենիքի հետ մշտապէս կապելու եւ նրանց հայկական ոգով կրթելու համար, ապա նա ուսանողներին ծանօթացրեց հայրենիքում ու Արցախում ստեղծուած դժուարին իրավիճակին եւ յորդորեց, որ երիտասարդ ուսանողներն էլ իրենց հերթին ամէն հնարաւորութիւն օգտագործեն արցախահայութեան ազատ ու անկախ ապրելու իրաւունքի արդար պահանջը բարձրաձայնել բոլոր ատեաններում, կանխելու Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութիւնը:
Իր հերթին, Տէր Մկրտիչեան սարկաւագը տեղեկացրեց համալսարանի Հայագիտութեան ամբիոնին մասին եւ կարեւորեց ուսանողների այցելութիւնը Հայաստան, որով նրանց համար լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռնւում ճանաչելու եւ հաղորդակցուելու հայ հոգեւոր ու մշակութային ժառանգութեանը:
ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ
