Միջազգային իրաւունքում, սահման տերմինը բնորոշում է այն գիծը, որը որոշում է պետութեան կամ մէկ այլ միջազգային կարգավիճակ ունեցող միաւորի իրաւասութեան տարածքային ոլորտի վերջնագիծը: (In International law, the term ”boundary” means a line which determines the limit of the territorial sphere of jurisdiction of States or other entities having an international status.) (1):
Աւելի պարզ ասած, սահմանում է այն գիծը մինչեւ ուր գործում են տուեալ պետութեան օրէնքները, իսկ դրանից անդին գործում են, անպայմանօրէն միջազգային իրաւունքի ենթակայ հանդիսացող, մէկ այլ պետական միաւորի օրէնքները: Այստեղից ակնյայտ է, որ սահմանն ածանցւում է պետականութիւնից՝ այսինքն որպէս միջազգային իրաւունքի ենթակայ ճանաչուած լինելուց: Անվիճելի է, որ այսօր գործող Մինսքի խմբի եռանախագահութեան երկրներից եւ ոչ մէկը՝ ներառեալ՝ ԱՄՆը եւ Ֆրանսան, Սովետական Միութեան մէջ ընդգրկուած եւ ոչ մի վարչական միաւոր երբեք չեն ճանաչել որպէս միջազգային իրաւունքի ենթակայ (2):
Հետեւաբար, այդ միաւորների վարչական բաժանարար գծերը միջազգային իրաւուքի առումով երբեք չեն ունեցել սահմանի կարգավիճակ՝ որպէսզի այսօր հիմք լինէր խօսելու սահմանների անձեռնմխելիութեան մասին: Առաւել եւս սա վերաբերում է բոլոր այն վարչական միաւորների (ինքնավար հանարպետութիւններ, մարզեր եւ օկրուգներ) եւ սովետական սոցիալիստական հանարպետութիւնների բաժանարար գծերին, որոնց վարչական ենթակայութեան տակ էին գտնւում տուեալ միաւորները: Միմիայն վարչական ենթակայութեան: Անհրաժեշտ է ընդգծել, որ Սովետական Միութեան ինքնավար միաւորները մաս էին կազմում միասնական եւ մէկ միջազգային ինքնութիւն (international personality) ունեցող Սովետական Միութեանը եւ բնաւ ոչ այն հանրապետութիւններին, որոնց միջոցով նրանց ենթակայութիւնը միջնորդաւորուած էր պետութեանը: Պետութիւնը մէկն էր՝ Սովետական Միութիւնը: Ինչպէս, օրինակ, Հայաստանի Հանրապետութեան ցանկացած բնակավայր այսօր մաս է կազմում Հայաստանի Հանրապետութեանը, թէեւ նրա ենթակայութիւնը միջնորդաւորուած է մարզային ենթակայութեամբ:
Այսու, միջազգային իրաւունքի տեսանկիւնից անհեթեթ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սահմանափակել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, այսպէս կոչուած, սահմանով: Սա նշանակում է ստալինեան սահմանադրութեանը գերակայութիւն տալ միջազգային իրաւունքի անբեկանելի սկզբունքների, տուեալ դէպքում jus cogens-ի կարգավիճակ ունեցող ազգային ինքնորոշման իրաւունքի նկատմամբ (3):
Ընդհանրապէս, եռանախագահներից ոմանց յայտարարութիւններն այն մասին, որ ճանաչում են Ատրպէյճանի, այսպէս կոչուած, տարածքային ամբողջականութիւնը, կամ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի Լեռնային Ղարաբաղի մարզի տարածքով սահմանափակելու փորձը, միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է: Դա նրանց չվերաբերող հարց է եւ նրանք գործում են ultra vires, այսինքն ակնյայտօրէն գերազանցում են իրենց վերապահուած լիազօրութիւնները: Նրանց լիազօրութիւնը միայն միջնորդութիւնն է, ոչ թէ սեփական երկրների քաղաքական տեսակէտների արտայայտումը: Այսինքն, նրանք պէտք է միջնորդեն, որպէսզի գտնուի փոխադարձաբար ընդունելի լուծում երկու հարցում՝
Ա.- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացնի իր ինքնորոշման իրաւունքը, եւ
Բ.- Երկու նորանկախ պետութիւնների՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ որոշուի փոխադարձաբար ընդունելի սահման: Եթէ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրաւունքն իրականացնի Հայաստանի Հանրապետութեանը միանալու տարբերակով, ընդ որում ինքնորոշման դրսեւորման ձեւը բացառապէս նրանց որոշելիքն է, ապա վերոնշեալ երկու հարցերը կը միանանան: Սահմանի փաստացի ուղեգծի հարցը երկու յարակից պետութիւնների որոշելիք խնդիր է, երկու պետութիւնների բացառիկ իրաւասութեան ներքոյ գտնուող հարց: Այլ պետութիւնները չեն կարող անել այլ բան, քան ընդունել այդ երկու պետութիւնների որոշածը: (The actual course of a boundary is a matter to be determined by the two adjacent States, a question subject to the exclusive competence of the two States. Other States cannot but accept what these two States decide.) (4)
Այստեղ անհրաժեշտ է յիշեցնել, որ միջազգային հանրութեան հայ-ատրպեճանական, ինչպէս նաեւ հայ-վրացական սահմանների վերաբերեալ քաղաքական կամքի վերջին օրինական դրսեւորումը եղել է Փարիզի վեհաժողովում (1919-1920թթ.): Դրանից յետոյ ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում, ըստ միջազգային իրաւունքի, անօրինական է (unlawful) եւ չի կարող ստեղծել իրաւական հետեւանքներ, քանի որ հարաւային Կովկասի երեք անկախ երկրներն էլ նախ բռնագրաւուել են (occupied), ապա եւ բռնակցուել են (annexed) Սովետական Միութիւն անունով հանդէս եկող Ռուսաստանին (5):
Այսպէս, Փարիզի վեհաժողովն իր «Հայաստանի սահմանները որոշող յանձանաժողովի առաջարկների եւ զեկոյցի» մէջ (24 Փետրուարի, 1920թ., Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia /24th February, 1924) (6), որը ստորագրել են Բրիտանական կայսրութեան, Ֆրանսայի, Իտալիայի եւ Ճափոնի ներկայացուցիչները, յայտարարում է.
«Ինչ վերաբերում Հայաստանի պետութեան եւ Վրաստանի, ինչպէս նաեւ Ատրպէյճանի սահմանին, ապա յանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշեալ սահմանների յստակեցման վերաբերեալ այնպիսի համաձայնութեան արդիւնքներին, որոնց երեք հանրապետութիւններն իրենք կը յանգեն պայմանագրերի մէջ:
«Այն դէպքում, եթէ սոյն հանրապետութիւնները իրենց սահմանների վերաբերեալ չեն յանգի որեւէ համաձայնութեան, ապա հարցը պէտք է փոխանցուի Ազգերի լիկայի իրաւարարութեանը, որը կը ստեղծի միջդաշնակցային յանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշեալ սահմանները, հաշուի առնելով, որպէս սկզբունք, ազգային պատկանելութեան տուեալները»:
(As regards the boundary between the State of Armenia and Georgia and Azerbaijan, the Commission considers that, it is advisable for the present to await the results of the agreement, provided for in the treaties existing between the three Republics, in regard to the delimitation of their respective frontiers by the States themselves.
(In the event of these Republics not arriving at an agreement respecting their frontiers, resort must be had to arbitration by the League of Nations, which would appoint an interallied Commission to settle on the spot the frontiers referred to above, taking into account, in principle, of ethnographical data.)
Յոյժ կարեւոր է, որ նշեալ փաստաթուղթն ընդգրկուել է ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի (22 Նոյեմբերի 1920թ., Arbitral Award, November 22, 1920) ամբողջական զեկոյցի մէջ, որպէս առաջին յաւելուածի երկրորդ փաստատթուղթ (Full Report, Annex I, Number 2), որը վկայում է, որ Միացեալ Նահանգները ճանաչել է նշեալ փաստաթղթի իրաւական էութիւնն ու օրինականութիւնը (7):
Նշեալ դրոյթները ներառուել են նաեւ Սեւրի պայմանագրի (10 Օգոստոսի, 1920թ.) մէջ, որը ստորագրել են 18 երկիր: Պայմանագրի 92րդ յօդուածն ամրագրում է.
«Հայաստանի եւ Ատրպէյճանի, ինչպէս նաեւ Վրաստանի միջեւ սահմանները կ’որոշուեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնութեան միջոցով:
«Այն դէպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89րդ յօդուածում յիշատակուած որոշման օրը (8) չեն կարողանայ համաձայնութեամբ որոշել սահմանները, ապա խնդրոյ առարկայ սահմանը կ’որոշուի գլխաւոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կ’իրականացնեն նաեւ սահմանանշումը»:
(The frontiers between Armenia and Azerbaijan and Georgia respectively will be determined by direct agreement between the states concerned.
In the either case the States concerned have failed to determine the frontier by agreement at the date of the decision referred to in Article 89, the frontier line in question will be determined by the Principal Allied Powers, who will also provide for its being traced on the spot.) (9)
Առնուազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արւում ներպետական եւ կուսակցական որոշումներին, որոնք առաւելագոյնը կարող են ունենալ միակողմ օրէնսդրական փաստաթղթի (unilateral legal act) կարգավիճակ, գերակայ կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ, որոնք այսօր արտայայտում են աւելի քան երկու տասնեակ երկրի, այդ թւում Մինսքի եռանախագահութեան երկու անդամ երկրների՝ Ֆրանսայի եւ ԱՄՆի քաղաքական կամքը:
Վերոշարադրեալը կարելի է ամփոփել հետեւեալ կերպ.
– Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան վարչական բաժանարար գիծը երբեք սահման չի եղել, հետեւաբար տեղին չէ խօսել «սահմանների անձեռնմխելիութեան» մասին:
– Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Ատրպէյճանի Սովետական Սոցիալիստան Հարապետութեան վարչական բաժանարար գիծը երբեք սահման չի եղել, հետեւաբար տեղին չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սահմափակել ստալինակերտ մարզի վարչարարութեան պարագծով:
– Մինսքի եռանախագահութեան անդամները լիազօրուած չեն դատողութիւններ անելու տարածքների պատկանելութեան կամ սահմանների վերաբերեալ, նրանք իրաւարարներ չեն, նրանք միայն միջնորդներ են:
– Հայ-ատրպեճանական, ինչպէս նաեւ հայ-վրացական սահմաների վերաբերեալ միջազգային հանրութեան քաղաքական կամքի վերջին օրինական դրսեւորումը եղել է Փարիզի խաղաղութեան վեհաժողովի (1919-1920թթ.) ad hoc յանձնաժողովի 1920թ.ի Փետրուարի 24ի զեկոյց-առաջարկը:
– Վերոնշեալ փաստաթղթի դրոյթները ամրագրուած են Սեւրի պայմանագրում, հետեւաբար հանդիսանում են այն ստորագրած երկրների քաղաքական կամքի դրսեւորումը:
Եզրակացութիւն.-
Հայ-ատրպեճանական սահմանի վերաբերեալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի յատուկ յանձնաժողովի 1920թ.ի Փետրուարի 24ի զեկոյց-առաջարկն է, որով Ազգերի լիկային էր վերապահուած հայ-ատրպեճանական սահմանազատումը: Ուստի, Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը՝ որպէս Ազգերի լիկայի իրաւայաջորդ, եւ մասնաւորապէս ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդը՝ որպէս գլխաւոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտաւորութիւն ունեն կենսագործել այդ սահմանազատումը, հիմք ընդունելով 1920թ.ի Նոյեմբեր-Դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տուեալները: Ներկայ ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանի որ այն առաջացել է Ատրպէյճանի յանցաւոր հայաթափման՝ էթնիք զտման քաղաքականութեան հետեւանքով, իսկ յանցագործութեան հետեւանքները չեն կարող առաջացնել իրաւունքներ՝ Ex injuria non oritur jus (10).