1986ին, Ազատութեան արձանի 100ամեակին նախապատրաստուելիս, պղնձէ պատերից պէտք է հեռացուէր 99 տարուայ կուտակուած քարածխի խեժը` չվնասելով դրանք: Որպէս մաքրող միջոց ընտրուել է կերակրի սոդան, օգտագործուել է աւելի քան 100 տոննա: Այնպէս որ, մեծ հաւանականութիւն կայ, որ այն կարող է հեռացնել փոշին եւ կեղտը նաեւ ձեր տնից:
Խոհանոցային պարագաները եւ ճենապակին կարելի է պարզապէս շփել սոդայով. այն առանց մակերեսը վնասելու կը փայլեցնի ձեր ապակեղէնը:
Ջեռոցը մաքրելու համար ջեռոցի յատակին մօտ մէկ բաժակ սոդա լցնել, ապա աւելացնել այնքան ջուր, որ թանձր մածուկ ստացուի: Խառնուրդը թողել ամբողջ գիշեր: Առաւօտեան մաքրել քսուքը, ինչը ներծծուած կը լինի կեղտով: Վերջում ջեռոցը մաքրել օճառով:
Գազօջախի վրայ իւղի մնացորդները մաքրելու հարցում կերակրի սոդան եւ կիտրոնը ձեր անփոխարինելի օգնականներն են: Հետքերի վրայ լցրէք կերակրի սոդան, կիսէք կիտրոնը եւ կէս կիտրոնով ու կերակրի սոդայով տրորէք իւղոտ հատուածները: Տրորէք այնքան, մինչեւ ազատուէք իւղի շերտերից, այնուհետեւ մաքրէք գազօջախը խոնաւ շորով:
Զուգարանակոնքը լուանալու համար 0.5-1 բաժակ կերակրի սոդան լցնել մակերեսին, ապա ցօղել 0.5-1 բաժակ քացախով: Ծածկել կափարիչը: Խառնուրդը կը սկսի հրաբխի պէս փրփրալ: Թողնել 15 րոպէ, ապա եռացրած ջուր լցնել զուգարանակոնքի մէջ` ինչը կը հեռացնի նստուածքը եւ կը փայլեցնի մակերեսը:
Չոր գորգի վրայ կերակրի սոդա լցրէք եւ 15 րոպէից մաքրէք փոշեկուլով: Կը վերանան գորգի վրայի տհաճ հոտերը:
Չօգտագործուած սպունգը թրջել կիտրոնի հիւթի մէջ եւ մի քանի ժամ թողնել սառնարանում: Տհաճ հոտերից ազատուելու համար այն կերակրի սոդայից պակաս արդիւնաւէտ չէ:
Փոքր կաթսայի մէջ թոյլ կրակի վրայ եռացնել ջուրը եւ աւելացնել կիտրոնի կեղեւ, մեխակ եւ դարչինի ձողիկներ: Անուշահոտ ու թարմ բուրմունքը ձեր տանը յարմարաւէտութիւն կը հաղորդի:
Աղբամանի մէջ թողնուած կիտրոնի կեղեւը կ՛օգնի ազատուել տհաճ հոտից:
Ձեռքի օճառի մէջ աւելացրէք կիտրոնի հիւթ` դժուար հեռացուող հոտերից ազատուելու համար:
Խոհանոցային փայտէ իրերը տրորէք աղի եւ կիտրոնի հիւթով․ այն կը թարմացնի եւ կը հեռացնի իւղը:
Խառնէք ջուրը, սոդան, քացախը, կիտրոնը կամ կիտրոնի եթերաիւղը` խոհանոցի կամ լոգարանի ողջ մակերեսը մաքրելու համար: