

ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶԵԱՆ
Ջաւախքում երիտասարդ աղջիկները ոչ միայն ընդունում, այլեւ ընտրում են ճարտարապետութիւնը որպէս մասնագիտութիւն՝ հակասելով հասարակութեան չգրուած նորմերին (չափանիշներուն):
Տղամարդկանց կողմից պատմականօրէն գերակշռող այս ոլորտն այժմ նկատելի փոփոխութեան է ենթարկւում, քանի որ աւելի ու աւելի շատ երիտասարդ աղջիկներ մասնագիտանում են հէնց ճարտարապետութեան ոլորտում:
«Միշտ սիրել եմ արուեստը ու հետաքրքրուել դրանով: Դպրոցական տարիներին չէի կողմնորոշւում կոնկրետ (յստակ) ինչ մասնագիտութիւն ընտրել: Քննարկուող տարբերակներն էին՝ հագուստի մոդելաւորում, թուային մեդիա, դիզայներ եւ ճարտարապետութիւն: Երկար մտածելուց յետոյ, որպէս ապագայ մասնագիութիւն ընտրեցի ճարտարապետութիւնը: Իսկ որպէս հոբբի (սիրողական զբաղում) շատ եմ սիրում նկարել, չնայած նկարչութիւնն ինձ համար ոչ միայն սիրած զբաղմունք է, այլ նաեւ հոգու հանգստութիւն եւ չնայած այսքան զբաղուածութեանս, ես չեմ դադարում նկարել եւ խորանալ նաեւ այս ոլորտում», ասում է 18ամեայ Յասմիկ Պետրոսեանը:
Անցել են այն ժամանակները, երբ մասնագիտութիւնները սահմանափակւում էին գենդերային (սեռերու) կարծրատիպերի սահմաններով: Հիմա երիտասարդ աղջիկները խիզախօրէն ճանապարհ են հարթում չենթարկուելով հասարակութեան պարտադրանքին:
«Չնայած նրան, որ ընտրածս մասնագիութեան հետ շատ կարծրատիպեր են եղել (օրինակ՝ ճարտարապետութիւնը տղայի մասնագիտութիւն է, եթէ այն սովորես պէտք է դառնաս շինարար): Ճարտարապետութիւնը որպէս մասնագիտութիւն ընտրելն ինձ թոյլ է տալիս հակահարուած տալ թիւր պատկերացումներին: Հետամուտ լինելով իմ ցանկութիւններին՝ ես իրաւունք ունեմ ցոյց տալու, որ նուիրուածութիւնն ու ստեղծագործական ունակութիւնները չեն սահմանափակւում սեռով: Իմ աշխատանքի միջոցով, ես յուսով եմ, կ՛ոգեշնչեմ ուրիշներին, յատկապէս երիտասարդ աղջիկներին, անվախօրէն հետեւել իրենց ձգտումներին», ընդգծում է Ախալքալաքի շրջանի Խաւեթ գիւղից Յասմիկ Պետրոսեանը, ով ուսանում է Թբիլիսիի պետական արուեստի ակադեմիայում:

Ճարտարապետութեան ապագան աւելի պայծառ է թւում, քան երբեւէ, երբ երիտասարդ աղջիկներն ընդունւում են համալսարաններ՝ իրենց հետ բերելով թարմ հեռանկարներ եւ նորարարական գաղափարներ: Դա վկայում է անհատականութիւնն ընդունելու կարողութեան մասին:
«Ճարտարապետութիւնը «տղայի մասնագիտութիւն» է, այս կարծրատիպը պահպանուել է շատ երկար եւ ինձ թւում է դեռ երկար էլ կը պահպանուի: Այնուամենայնիւ, ես ընտրել եմ եւ պարտաւորւում եմ դիմակայել դժուարութիւններին: Եկէք միասին մարտահրաւէր նետենք կարծրատիպերին, որոնք մեզ միայն խանգարելու են, ընդունենք բազմազանութիւնը եւ ընտրենք մասնագիտութիւն, որտեղ գերիշխում է տաղանդը, աշխատասիրութիւնը եւ նուիրուածութիւնը, այլ ոչ թէ գենդերային կարծրատիպերը», ասում է Ծալկայի շրջանի Օզնի գիւղից Շողիկ Գուբասարեանը, ով սովորում է նախապատրաստական կուրսում:
Այս փոփոխութիւնը խթանող հիմնական գործօններից մէկը ճարտարապետական դիզայնի մէջ կանանց տաղանդների եւ կարողութիւնների աճող ճանաչումն է: Նոր սերունդը ոգեշնչուելով պատմութեան մէջ յաջողակ կին ճարտարապետների օրնակներով էլ աւելի մեծ ցանկութիւն են յայտնում շարունակելու այս ուղին:
«Պատմութեան ընթացքում բացառիկ կին ճարտարապետների ձեռքբերումները, ինչպիսիք են Զահա Հադիդը, Կազույօ Սեջիման եւ Ժաննա Գանգը, ոգեշնչման փարոսներ են: Նրանց ձեռքբերումները մեզ յիշեցնում են, որ տաղանդը սահմաններ չի ճանաչում: Ընտրելով ճարտարապետութիւնը՝ ես յարգում եմ նրանց ժառանգութիւնը եւ ձգտում եմ իմ սեփական հետքը թողնել մասնագիտութեան մէջ», եզրափակում է 19ամեայ Շողիկ Գուբասարեանը:
Աղբիւր՝ jnews.ge