29 Յունիսի Արցախի Ազգային ժողովի օրակարգի առաջին կէտը Արցախի նախագահի 2022ի գործունէութեան միջոցառումներու ծրագիրի ընթացքին, արդիւնքներուն եւ 2023ի գործունէութեան վերաբերող հաղորդումն էր:
Նախագահ Արայիկ Յարութիւնեան պատասխանեց պատգամաւորներու բազմաթիւ հարցումներուն, որոնք կը վերաբերէին թէ՛ հաղորդման եւ թէ երկրին մէջ ստեղծուած իրավիճակին, Ատրպէյճանի սադրանքներուն եւ բանակցային գործընթացին:
«Սիվիլնեթ»ը, որ ներկայ էր նիստին, գրի առած է պատգամաւորներուն եւ նախագահին հարցում-պատասխան օրակարգին ընթացքին հնչած առաւել կարեւոր միտքերը:
Նախագահը շեշտեց, որ Պաքու մեզի հետ միայն մէկ նիւթ կը քննարկէ` համարկում. երկրորդ նիւթ չի քննարկեր:
Ան լուսարձակի տակ առաւ այն, որ ինչո՛ւ պէտք չէ ընդունիլ Ատրպէյճանի առաջարկը եւ Պաքու երթալ բանակցելու: «Որովհետեւ Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ` ինտէգրացիան (համարկումը), երկրորդ թեմա չի քննարկում: Տարբեր տեղերից ասում են` գնանք համոզենք: Փորձել եմ, ընկերներ, երկու տարի փորձել եմ: Եթէ որեւէ մէկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջին փուլում չեմ բանակցել, ես չեմ գնացել: Այդ բանակցութիւնները արդիւնք չեն տալիս, որովհետեւ վերջում գալիս ասում են` էս է մեր նպատակը: Մենակ մեզ չեն ասում, այդ օրակարգը ասում են ՄԱԿում, ասում են երէկ եւ այսօր` Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ: Ադրբեջանը մեզ ասում է` առաջին կէտ` պաշտպանութեան բանակը լուծարել: Պիտի լուծարենք, յետոյ գնանք հանդիպման: Հերթականութիւնն ասեմ` գնում էք յայտարարում` բանակը լուծարել էք, պետական կառավարման համակարգը լուծարում էք: Հազիւ ստեղծում են համայնքային ընտրութիւնների մեխանիզմ (գործիքակազմ), որից յետոյ գազը կը տան, հոսանքը կը տան եւ ճանապարհով կը թողնեն գնալ-գալ: Եւ պարզ է, թէ ինչպէս են թողնելու` որպէս Ադրբեջանի քաղաքացի: Ես դէմ չեմ բանակցութիւններին, ես դէմ չեմ հանդիպումերին: Ամենաշատ կողմը ես եմ եղել եւ ամենաշատ հանդիպումները ես եմ իրականացրել: Մենք պիտի գիտակցենք, որ ունենալու ենք խնդիրներ, յաղթահարելի է այդ ամէնը, ժողովուրդ, երկու բան ունենք անելու` ինքնապաշտպանութիւն եւ դիմարողականութեան բարձրացում: Այդ առումով ի՞նչ ենք արել եւ ի՞նչ պիտի անենք, եթէ ցանկութիւն լինի, առանձին կը քննարկենք», ըսաւ Յարութիւնեան: