ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հայ Դպրոց» հիմնադրամի եւ Armenia School Foundation-ի 20ամեակին նուիրուած ձեռնարկը նշանաւորուեց նաեւ գործունէութեան արդիւնքների ներկայացմամբ` Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ եւ փոքր գիւղերի 457 դպրոցի կահաւորում, որի շահառու է դարձել շուրջ 38 հազար աշակերտ: Այս նշանակալի ձեռքբերումը հնարաւոր է դարձել հիմնադրամի նուիրեալ անդամների տարիների անխոջ աշխատանքի շնորհիւ:
Յունիսի 22ին, Գլենդելի «Թուֆէնքեան» ցուցասրահում, «Հայ Դպրոց»ի տօնական միջոցառումն առիթ էր ամփոփելու աշխատանքներն ու ներկայացնելու առաջիկայ ծրագրերը, որոնց իրականացման նպատակով կազմակերպուել էր նաեւ իւրայատուկ ցուցահանդէս վաճառք, որ ներառում էր ամերիկահայ 9 յայտնի արուեստագէտների աշխատանքները: Հիմնադրամի անդամների եւ համախոհների հետ տօնական առիթը նշելու էին եկել քաղաքական-հասարակական գործիչներ, արուեստագէտներ ու համայնքի անդամներ:
«Հայ Դպրոց» հիմնադրամը եւ Armenia School Foundation-ը ստեղծուել են 2003 թ.ին Հայաստանում եւ Կալիֆորնիայում, բարերար Լեւոն Ահարոնեանի կողմից` նպատակով, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունենան ուսման համար ապահով եւ յարմարաւէտ միջավայր: Գործունէութեան մեկնարկից մինչ այժմ, հիմնադրամը դպրոցներին ապահովել է կահոյքով, այդ թւում`աշակերտական եւ ուսուցչական սեղաններ ու աթոռներ, գրատախտակներ, գրապահարաններ եւ այլ անհրաժեշտ պարագաներ:
«Դպրոցն ամենակարեւոր ազդակն է` յատկապէս գիւղերում, որովհետեւ երիտասարդ ծնողները, որ չափազանց կարեւորում են իրենց երեխաների կրթութիւնը՝ մեծ է հաւանականութիւնը, որ կը շարունակեն ապրել գիւղում, եթէ համոզուած լինեն, որ ուսումնական համապատասխան միջավայր կայ: Մեր հիմնադրամն առաջնահերթութիւնը տալիս է սահմանամերձ եւ գիւղական փոքր դպրոցներին, որտեղ սովորում է մինչեւ 200 աշակերտ: Մեր կողմից ընտրուած կրթօջախներում հիմնականում 60-70ական թուականների կահոյք է, որ բնաւ չի վերանորոգուել եւ վատթար վիճակում է: Երբ մենք փոխում ենք կահոյքը, տուեալ դպրոցներն էլ ոգեւորւում են, եւ կատարում վերանորոգման աշխատանքներ», նշում է հիմնադրամի նախագահ Մոնէ Տէր Գրիգորեանը: Ըստ նրա, իրենց գործունէութեան արդիւնքն ազդում է նաեւ աշակերտների առաջադիմութեան վրայ, ինչպէս վկայում են շահառուները հիմնադրամին ուղղուած երախտագիտութիւն նամակներում:
«Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ դպրոցական գոյքը մեծ ոգեւորութիւն է առաջացրել ոչ միայն աշակերտների եւ ուսուցիչների, նաեւ` համայնքի բնակիչների շրջանում: Դասասենեակներն այժմ ակնահաճոյ են, գրաւիչ եւ տրամադրող: Շնորհակալութիւն իմ, ուսուցիչների եւ Երուանդաշատի ողջ աշակերտութեան կողմից», հիմնադրամին իր նամակում գրում է Արմաւիրի մարզի Երուանդաշատ գիւղի միակ միջնակարգ դպրոցի տնօրէն Լուսինէ Գասպարեանը:
Յատկանշական է, որ հիմնադրամի գործունէութեան արդիւնքում նաեւ աշխատատեղեր են ստեղծւում. դպրոցներին յատկացուող կահոյքն արտադրւում է Հայաստանում: «Արտադրամասը, որի հետ աշխատում ենք աւելի քան տասը տարի, գործում է Արտաշատում: Սկզբում երեք աշխատակից ունէին, իսկ հիմա նրանց թիւը հասել է քսանի», ուրախութեամբ նշում է Մոնէ Տէր Գրիգորեանը: Անդրադառնալով աշխատանքի կազմակերպման փուլերին, Տէր Գրիգորեանը պատմում է, որ «Հայ Դպրոց» հիմնադրամի անդամները, տարբեր կրթօջախներից դիմումներ ստանալուց յետոյ, այցելում են, տեղում ծանօթանում իրավիճակին եւ կատարում են ցուցակագրում: Այնուհետեւ, հնգամեայ գործունէութեան ծրագիր են կազմում եւ ներկայացնում կառավարութեան հաստատմանն ու երեք ամիսը մէկ զեկուցում են կատարուած աշխատանքների մասին:
Գլենդելում անցկացուած «Հայ Դպրոց» հիմնադրամի յոբելեանական ձեռնարկ դրամահաւաքի նպատակն էր ֆինանսաւորել 2023 թուականի համար ընտրուած 25 նախագիծ, որոնց թւում են Արարատի, Արմաւիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Սիւնիքի, Տաւուշի, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի դպրոցները: Հիմնադրամի նախագահը յայտնեց, որ որոշ աշխատանքներ արդէն կատարուած են. «Նախագծերի իրականացումից յետոյ էլ այցելում ենք տուեալ դպրոցներ` ծանօթանալու արդիւնքներին: Այս տարի եղել եմ Վայոց Ձորի Խաչիկ գիւղի դպրոցում, ինչպէս նաեւ՝ Արմաւիրի մարզում մի քանի գիւղերում, Սիւնիքի Ներքին Խնձորեսկ գիւղում, որը սահմանակից է Ադրբեջանին, որտեղ նախատեսում ենք կահաւորել մանկապարտէզը: Յոյս ունենք, որ այս տարուայ նուիրատուութիւններով կը կարողանանք իրականացնել մեր ծրագրերը», նշում է Տէր Գրիգորեանը` տեղեկացնելով, որ մէկ դպրոցի ամբողջական կահաւորման համար գումարը կազմում է մինչեւ 13 հազար դոլար, իսկ առանձին դասարանների դէպքում էլ` 900- 2500 դոլար:
«Հայ Դպրոց» հիմնադրամին աջակցելու նպատակով ամերիկահայ 9 յայտնի արուեստագէտներ սիրայօժար իրենց աշխատանքներն էին տրամադրել դրամահաւաք ձեռնարկին, եւ նրանցից ոմանք էլ անձամբ էին ներկայացնում դրանք միջոցառման հիւրերին:
«Թուֆենքեան» ցուցասրահում իւրայատուկ մթնոլորտ էր` Արա Օշականի, Վաչագի, Հէրի Որբերեանի, Վահէ Պէրպէրեանի, Արմինէ Յովհաննիսեանի, Սօսի Մածունեանի, Էնդրիւ Աղաջանեանի, Ռուբէն Ամիրեանի եւ Ռոստոմ Ոսկանեանի համատեղ բացառիկ ցուցահանդէսը նուիրուած էր հայ մանուկների կրթութեանը: « «Հայ Դպրոց» հիմնադրամի գործունէութեանը ծանօթ եմ հէնց սկզբից, եւ նրանք շահել են իմ վստահութիւնն իրենց նուիրեալ ու հետեւողական աշխատանքով: Փորձում եմ օգտակար լինել որքան կարող եմ, եւ այսօր էլ ներկայացնում եմ չորս գործերս` յոյսով, որ այցելուները կը գնահատեն, եւ միասին ներդրում կ՛ունենանք Հայաստանում մեր երեխաների համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը», նշեց յայտնի նկարիչ Վաչագը: Լուսանկարչուհի Արմինէ Յովհաննիսեանն էլ ներկայացնում էր Հայաստանում եւ Արցախում կատարած իր լուսանկարները. «Շատ եմ գնահատում այս հիմնադրամի առաքելութիւնը, եւ իմ աշխատանքներով, որ ստեղծուել են հայրենիք իմ ճամբորդութեան շրջանում, ցանկանում եմ օգտակար լինել հայ մանուկին ու պատանուն»: Սօսի Մածունեանը կենսական է համարում ուսման համար համապատասխան միջավայրի առկայութիւնը. «Կարեւոր է, որ օգնենք մեր հայ երեխաներին յատկապէս կրթութեան հարցում, եւ այսօր իմ մի քանի աշխատանքները տրամադրել եմ «Հայ Դպրոց» հիմնադրամին` համոզուելու, որ կարող եմ օգնել, որ յաջողեն իրենց համահայկական նշանակութեան այս գործում»: Արա Օշականի աշխատանքները ներկայացնում էին Արցախը. «Իմ զաւակները Միացեալ Նահանգներում յաճախել են հայկական դպրոց, եւ ես շատ եմ կարեւորում կրթական ոլորտին աջակցութիւնը: Երբ ինձ դիմեցին «Հայ Դպրոց» հիմնադրամից` անմիջապէս համաձայնեցի մասնակցել եւ ներկայացնել Արցախը: Շատ կարեւոր է յատկապէս այսօր ամէն առիթ օգտագործելու մարդկանց կապելու Արցախի հետ, եւ ուրախ էի բացայայտելու, որ այս հիմնադրամը նաեւ Արցախում է մեծ գործունէութիւն ծաւալելէ»:
«Հայ Դպրոց» հիմնադրամի յաջողութիւնները տօնելու առիթով հաւաքուել էին կազմակերպութեան անդամները, ընկերներն ու նուիրատուները, նաեւ համայնքի տարբեր կազմակերպութիւնների ու միութիւնների անդամներ, քաղաքական հասարակական գործիչներ, կրթութեան ու մշակոյթի ոլորտի ներկայացուցիչներ: Կազմակերպութեանը գնահատանքի եւ շնորհաւորանքի հաւաստագրեր էին ուղղել բազմաթիւ ընտրուած պաշտօնեաներ` ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն, Կալիֆորնիայի Ներկայացուցիչների Տան անդամներ Քրիս Հոլդենը եւ Լորա Ֆրիդմանը, Գլենդելի քաղաքապետ Դէն Բրոթմենը, նաեւ՝ Հայաստանի Սփիւռքի յանձնակատարի ու Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսարանի կողմից:
Միջոցառման ժամանակ հիմնադրամի նախագահն ամփոփ ներկայացրեց գործունէութիւնն ու առաջիկայ նախագծերը, ելոյթներով հանդէս եկան Կալիֆորնիայի խոհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն, Գլենդելի քաղաքապետ Դէն Բրոթմենը` ընդգծելով Հիմնադրամի դերն ու նշանակութիւնը համայնքի եւ Հայաստանի ու Արցախի կեանքում:
Քսան տարի շարունակ, «Հայ Դպրոց» հիմնադրամի հետեւողական գործունէութիւնը հնարաւոր է դարձել կազմակերպութեան փոքրաթիւ անդամների շնորհիւ, ովքեր կամաւոր հիմունքներով լռելեայն իրականացրել են ստանձնած առաքելութիւնը, համախմբել են ընկերներին ու համայնքի բարերարների` յոյս տալու հայ մանուկին, կանգուն պահելու հայ գիւղն ու իրենց մասով ապահովելու հայրենիքի ապագան: «Մեզանից իւրաքանչիւրը փոքր աշխատանք կատարելով կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը, եւ «Հայ Դպրոց» հիմնադրամը մեզ հրաշալի առիթ է ընձեռում մասնակցելու հայրենաշինութեան գործին», ամփոփում է Մոնէ Տէր Գրիգորեանն ու յորդորում մասնակից դառնալու իրենց առաքելութեանը:
«Հայ Դպրոց» հիմնադրամի գործունէութեանը մանրամասն ծանօթանալու եւ նուիրատուութիւնների համար, կարող էք այցելել կայքը: