Պաքւում բաւական իւրօրինակ վերաբերուեցին Ղարաբաղեան կարգաւորման հարցերով Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների միջեւ վերջերս կայացած հանդիպման ընթացքում առաջընթացի բացակայութեանը։
Ատրպէյճանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամէտովը յայտարարեց, թէ Ատրպէյճանը պէտք է խստացնի իր դիրքորոշումը։
Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ Մինսքի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպութիւնների եւ համաշխարհային հանրութեան հանդէպ։ «Նրանցից անհրաժեշտ է պահանջել յստակ դիրքորոշում», բարձրագոչ յայտարարեց Մամէտովը՝ նշելով, որ եթէ միջազգային հանրութիւնը չյայտնի յստակ կարծիք եւ հանդէս չգայ առաջարկներով (բնականաբար՝ ատրպէյճանամէտ բնոյթի.- Խմբ.), ապա կարող է ծառանալ հակամարտութեան ռազմական լուծման հարցը։
Այլ խօսքով՝ Ատրպէյճանը, որի արտգործնախարարը մօտ մէկուկէս-երկու ամիս առաջ բացայայտ յայտարարեց, թէ Պաքուն չի պատրաստւում գնալ որեւէ փոխզիջման, շարունակելու է շանթաժի ենթարկել աշխարհը իր աճող ռազմական ծախսերով (դրանք, ի դէպ, 2005 թուականից յետոյ աճել են 82 տոկոսով) եւ հեռանակարային նոր ռազմական նախայարձակմամբ Ղարաբաղի ու Հայաստանի դէմ։ Սակայն հիանալի հասկանալով, թէ Ատրպէյճանի համար ինչ հետեւանքների (եւ յատկապէս՝ քաղաքական) կարող է յանգեցնել նոր պատերազմի սանձազերծումը, ատրպէյճանցիները փորձում են իրենց զինապաշտական նկրտումներն ինչ-որ կերպ հիմնաւորել։
Այդ հարթութիւնում դարձեալ որոշեց ինքնատիպութեամբ փայլել Ատրպէյճանի նախկին պետխորհրդական, ներկայումս քաղաքագէտ Վաֆա Կուլուզատէն։ «Այն, որ Ատրպէյճանը միջազգային ու եւրոպական կառոյցներին խոստացել է փորձել Ղարաբաղեան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, մեծ հաշուով մեզ դեռ ոչինչ չի պարտաւորեցնում։ Ամբողջ համաշխարհային պատմութիւնը բաղկացած է նման պայմանաւորուածութիւններից։ Յիշէք թէկուզ չյարձակման մասին Մոլոթով-Ռիպենթրոփ պայմանագիրը ԽՍՀՄի եւ Գերմանիայի միջեւ։
«Հէնց որ յարմար պահ առաջացաւ, այդ պայմանագիրը չեղեալ յայտարարուեց, եւ Գերմանիան յարձակուեց ԽՍՀՄի վրայ», ասաց նա լրագրողներին։ Ճիշդ է, Կուլուզատէն վճռականութիւն չունեցաւ յիշելու, թէ ինչով աւարտուեց այդ արկածախնդրութիւնը Գերմանիայի համար։ Ըստ երեւոյթին, որոշեց, որ Ատրպէյճանի ռազմաքաղաքական ներուժը լիովին համադրելի է 20րդ դարի 30ական թուականների գերմանական շրջանի հետ, իսկ ահա Հայաստանը ԽՍՀՄի հետ ոչ մի կերպ չես համեմատի, ինչը նշանակում է, որ ատրպեճանական հաւանական արկածախնդրութիւնը, ըստ Կուլուզատէի, կ’աւարտուի ճիշդ հակառակը։
Ի դէպ, համաշխարհային հանրութեան ըմբռնումն ակնկալող նախկին պետխորհրդականը շատ լաւ հասկանում է, որ ամէն ինչ այդքան հեշտ ու միանշանակ չէ նոյն այդ միջազգային հանրութեան ընկալումով։ Այդ իսկ պատճառով արդէն երկար տարիներ նա փորձում է ղարաբաղա-ատրպեճանական հակամարտութիւնը ներկայացնել նոյնիսկ ոչ թէ որպէս դիմակայութիւն Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ, այլ հակամարտութիւն ԱՄՆի եւ Ռուսաստանի միջեւ։
Պետական խորհրդական եղած ժամանակ Կուլուզատէն ջանում էր Ատրպէյճանի արտաքին քաղաքականութիւնը ոչ թէ պարզապէս կառուցել Ուաշինկթընի եւ Մոսկուայի միջեւ հակասութիւնների վրայ, այլեւ հնարաւորութեան դէպքում նպաստել ամերիկա-ռուսական յարաբերութիւնների բարդացմանը, հարաւային Կովկասում նրանց շահերի բախման սրացմանը։
Այնպէս որ, Ատրպէյճանը պատահականօրէն չի ամէն կերպ փորձում միջազգային հանրութեան գիտակցութեան մէջ ձեւաւորել Հայաստանի՝ ոչ միայն նախայարձակի, այլեւ տարածաշրջանում ռուսական պատուարի կերպարը։ Տրամաբանութիւնը շատ պարզունակ է եւ նախատեսուած քաղաքականութիւնից հեռու մարդկանց համար. հնարաւորինս երես դարձնել տալ Հայաստանից ու նրա դէմ հանել ե՛ւ ԱՄՆին, ե՛ւ Ռուսաստանին։ Սակայն, ինչպէս ցոյց է տալիս կեանքը, դա շատ լաւ հասկանում են ե՛ւ Մոսկուայում, ե՛ւ Ուաշինկթընում։
Ինչ վերաբերում է Ատրպէյճանի նախկին պետխորհրդականի եւ ներկայումս նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի վերոգրեալ պարզունակ եզրայանգումներին, ապա դրանց կարելի էր նաեւ ուշադրութիւն չդարձնել, եթէ իրենց քարոզչական խօսքով ատելութեան եւ անհանդուրժողականութեան մանրէով չվարակէին ատրպեճանական հասարակութեանը (գոնէ թէ նրա մեծ մասին) եւ չփորձէին այդ մանրէներն արտահանել իրենց երկրի սահմաններից դուրս՝ ջանալով Ղարաբաղի, Հայաստանի ու հայերի դէմ տրամադրել գրեթէ ամբողջ մոլորակը։
Ի դէպ, նման ջանքերը, համաձայն աշխարհաստեղծման օրէնքների, որոնք, դատելով ամէնից, դեռ չեն ենթարկւում ատրպեճանական քաղաքական գործիչների մեծամասնութեան տրամաբանութեանը, սովորաբար յանգեցնում է հակառակ արդիւնքի։ Իսկ լուցկիներով խաղերը կասպիական նաւթի ու կազի շուրջ յղի են ողբերգական հետեւանքներով առաջին հերթին բուն Ատրպէյճանի համար։
(*) «Երկիր» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան: