Ամավարկի երիտասարդական տողին յատկացուած գումարը տարէցտարի աճում է, ինչը դրական ցուցանիշ է այն առումով, որ հնարաւորութիւն է ընձեռում երիտասարդական դաշտում առկայ աւելի շատ խնդիրներ լուծել: Սա, ի հարկէ, իտէալական մօտեցմամբ: Իսկ իրականում արդիւնաւէ՞տ են արդեօք ծախսւում այդ գումարները…
Երիտասարդական պետական քաղաքականութեան մասին հայեցակարգով առանձնացուած են այն գերակայ ճիւղերը, որոնցով պէտք է առաջնորդուեն ոլորտի պատասխանատուները: Դրանցից մէկը, օրինակ, ՀՀում գործող երիտասարդական հասարակական կազմակերպութիւնների գործունէութեանն ու հասարակական կեանքին երիտասարդութեան մասնակցութեան խթանմանն ուղղուած ծրագրերն են: Այդ նպատակով պետպիւտճէի երիտասարդական տողից այս տարի 34 միլիոն դրամ է յատկացուել դրամաշնորհային ծրագրերին՝ երիտասարդների հասարակական աշխուժութեան խթանմանն ուղղուած եւ հոգեւոր-դաստիարակչական ու մշակութային ծրագրերի իրականացման համար: Իսկ 2006 թուականին դրամաշնորհային ծրագրերին յատկացուել է 16 միլիոն դրամ, որը տրուել է 15 երիտասարդական հասարակական կազմակերպութիւնների:
Քանի որ այս տարի դեռ չի աւարտուել դրամաշնորհների մրցոյթը, եւ ծրագրերի մի մասը դեռ չի իրականացուել, երիտասարդական քաղաքականութեան վարչութիւնից խնդրեցինք մեզ տրամադրել 2006 թուականին դրամաշնորհ շահած հասարակական կազմակերպութիւնների անունները եւ իրականացուած ծրագրերի ամփոփ նկարագրութիւնը՝ պարզելու համար, թէ հիմնականում ի՞նչ թեմատիկ ուղղուածութեան ծրագրեր են ֆինանսաւորւում, եւ առաջնահերթութիւնը ո՞ր ոլորտներին է տրւում:
Դրամաշնորհ շահած ծրագրերի թեմատիկ ուղղուածութիւնը հիմնականում համընկնում է պետութեան կողմից գերակայ համարուող ոլորտներին, սակայն դրանք յաճախ միանման, պետութեան կողմից իրականացուող ծրագրերին ոչնչով չլրացնող ծրագրեր են: Օրինակ՝ երկու տարբեր կազմակերպութիւնների կողմից միեւնոյն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում իրականացուել են միանման ծրագրեր, որոնց նպատակը տուեալ մարզի երիտասարդների քաղաքացիական գիտակցութեան, ազգային-հայրենասիրական ոգու բարձրացումն է, համայնքի կեանքին նրանց մասնակցութեան անհրաժեշտութեան գաղափարի սերմանումը: Տարբերութիւնները զուտ շեշտադրումների մէջ են. մի դէպքում այդ ամէնն արւում է Հայաստանի անկախութեան 15ամեակի ենթաթեքսթում եւ մի քանի գիւղական համայնքներ է ընդգրկում, միւս դէպքում ծրագիրն իրականացւում է ամառային ճամբարի շրջանակներում եւ կենտրոնացած է միայն Սպիտակ քաղաքում:
Հարկ է նկատել, որ 15 ծրագրից 9ը ուղղուած են երիտասարդների քաղաքացիական դաստիարակութեանն ու հասարակական աշխուժութեան բարձրացմանը կամ պարունակում են նման բաղադրիչ: Եւ որպէս այդ նպատակներին հասնելու հիմնական միջոց՝ կազմակերպութիւնները տեսել են սեմինարներն ու քննարկումները: Տպաւորութիւն է ստեղծւում, թէ մեր հասարակական կազմակերպութիւններն այլ մեթոտների չեն տիրապետում:
Եկէք մի պահ պատկերացնենք, որ ընտրուած մեթոտը ճիշդ է: Սակայն առաջանում են այլ հարցեր: Օրինակ՝ ո՞վ է վերահսկելու, թէ հեռաւոր գիւղերից մէկում խոստացուած դասընթացն իրականացուեց արդեօ՞ք, արդիւնաւէ՞տ էր, քանի՞ հոգի մասնակցեց, եւ որքանո՞վ բարձրացաւ մասնակիցների՝ դասընթացի թեմայի վերաբերեալ իրազեկուածութեան մակարդակը: Թէեւ երիտասարդական քաղաքականութեան վարչութեան պետը հաւաստիացնում է, որ ծրագրերի կատարումը վերահսկւում է իրենց ուղարկած ներկայացուցիչների կողմից, սակայն մինչ օրս ոչ մի թերացում յայտնաբերուած չլինելու փաստը հիմք է տալիս կասկածելու, որ գործնականում այդ վերահսկումը յաւուր պատշաճի է իրականացուել:
Ծրագրերից մէկում, որի նպատակն է երիտասարդներին ծանօթացնել պատմամշակութային կոթողներին, սէր ու հոգատարութիւն սերմանել դրանց հանդէպ եւ մաքրել բացօթեայ կոթողների շրջապատն աղբից, ծրագիրն իրականացնողները խոստանում են վերոնշեալ գործողութիւնների իրականացումն ուղեկցել «ռազմահայրենասիրական բնոյթի խաղերով»: Պատկերացրէք՝ ասենք, երիտասարդներն աւարտում են եկեղեցու շրջակայ միջավայրի մաքրման աշխատանքները եւ որոշում են ռազմահայրենասիրական բնոյթի խաղ խաղալ:
Հայրենասիրական բնոյթի խաղ ես դժուարանում եմ մտաբերել, իսկ ռազմական խաղեր խաղալու համար յատուկ պայմաններ են պէտք: Ստացւում է, որ խոստացուած «ռազմահայրենասիրական բնոյթի խաղերի» փոխարէն երիտասարդները լաւագոյն դէպքում կարող են խաղալ «մաֆիա», որը թէեւ հայրենասիրութեան հետ ոչ մի աղերս չունի, սակայն կարող է այլ յատկանիշների զարգացման համար օգտակար լինել:
Իրենց բնոյթի առանձնայատկութեամբ կարելի է նշել երեք ծրագիր, որոնք տարբերւում են պետութեան կողմից ծրագրուած եւ իրականացուած միջոցառումներից: Մէկը Հայոց Ցեղասպանութեան խնդրին աջակցելու նպատակով համացանցային կայքէջի ստեղծումն է, որը գործել է նախկինում, սակայն «հակերների» կողմից յարձակումների ենթարկուելու պատճառով խափանուել է: Յաջորդ՝ դաստիարակչական առումով շատ կարեւոր ծրագիր է «Վարդավառի ղօղանջները»: Երիտասարդութեան մասնակցութեամբ այս եւ այլ ազգային տօների նշումը կը նպաստի մատաղ սերնդի մէջ սէր արթնացնելու մեր ազգային տօների հանդէպ եւ ճանաչել տալու դրանց բուն խորհուրդն ու իմաստը:
Միւս՝ ոչ պակաս կարեւոր նշանակութեան ծրագիրն առնչւում է ընտրական իրաւունքի ուսուցմանը՝ նկատի ունենալով խորհրդարանական ընտրութիւնները: Թէեւ ծրագիրն իրականացուել է Գորիսի հեռաւոր գիւղական համայնքներում, հարկ է նկատել, որ ընտրութիւնների՝ որպէս երկրի ապագան կանխորոշող գործընթացի կարեւորութեան գիտակցումը պէտք է ձեւաւորել իւրաքանչիւր երիտասարդի մէջ: Սակայն պիւտճէի երիտասարդական տողում այս կարեւոր խնդրի վերաբերեալ ոչ մի միջոցառում նախատեսուած չէր, իսկ մէկ կազմակերպութեան փոքր դրամաշնորհային ծրագիրը չի կարող այսքան մեծ խնդիր լուծել՝ մանաւանդ որ աշխարհագրական սահմանափակումներ է դնում: