
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Սեպտեմբերի 12-14ը, Գլենդելի Տեխնոլոգիական (արհեստագիտական) Շաբաթ (Glendale Tech Week) ամէնամեայ միջոցառումը համախմբել էր Լոս Անջելեսի եւ յարակից շրջանների ոլորտի ներկայացուցիչներին: Գլենդելի տնտեսական զարգացման խմբի եւ տեղի տեխնոլոգիական համայնքի, մասնաւորապէս` «Հիրօ Հաուզ» կազմակերպութեան կողմից անցկացուած եռօրեայ ձեռնարկների շարքը գրաւել էր աւելի քան 2000 մասնակիցների՝ գաղափարներ փոխանակելու, առկայ հնարաւորութիւնների մասին պատկերացում կազմելու, կապեր հաստատելու եւ Գլենդելի աճող տեխնոլոգիական ձեռքբերումները նշելու համար:
Միջոցառման այս տարուայ նորամուծութիւններից էր մանուկների եւ պատանիների համար ծրագրերի ներմուծումը:
Տարաբնոյթ թեմաներով բանախօսութիւններն արհեստավարժ մասնագէտների կողմից` անհրաժեշտ տեղեկութիւններ ու գիտելիքներ տրամադրեցին ՏՏ (ՏՏ՝ Տեղեկատուական Տեխնոլոգիաներ՝ IT` Information Technology) ոլորտի մասին: «Երբ 2017ին Գլենդելը մեկնարկեց իր տեխնոլոգիական նախաձեռնութիւնների ռազմավարութիւնը, առաջնային ծրագրերից էր Glendale Tech Week-ի ստեղծումը: Այժմ, գործունէութեան 8րդ տարում, տեխնոլոգիական համայնքը նման բարձր մակարդակով համախմբելու այս պատկերը ցոյց է տալիս, թէ որքան կարեւոր է խրախուսել եւ ոգեշնչել ոլորտի նորարարների յաջորդ սերնդին», նշեց Գլենդելի քաղաքապետարանի տնտեսական զարգացման հարցերով փոխտնօրէն Սոուա Վանգը:
Սեպտեմբերի 12ին, Գլենդելի Տեխնոլոգիական Շաբաթը մեկնարկեց աշխատանքի տօնավաճառով, որ հիւրընկալել էին Գլենդելի հանրային քոլեջն ու Վերդուգօ Աշխատանքային կենտրոնը: Տեխնոլոգիական ոլորտի բազմաթիւ յայտնի ընկերութիւններ ներկայացրել էին աշխատանքային հնարաւորութիւններ եւ բազմաթիւ այցելուների համար անմիջական շփման առիթ էին ստեղծել գործատուի հետ: Օրուայ երկրորդ հատուածում, «Հիրօ Հաուզ»ը հիւրընկալել էր Հայկ Մամաջանեանին, ով խօսեց իրաւական հարցերի մասին, որոնց անհրաժեշտ է տիրապետել «սթարթափ» ընկերութիւններ ստեղծելիս`ՍՊԸ-ից (Սահմանափակ Պատասխանատուութեամբ Ընկերութիւն) մինչեւ Քորփորէյշն, եւ պարզել, թէ որ ձեւաչափն է լաւագոյնս համապատասխանում տուեալ ձեռներէցի տեսլականին ու նպատակներին:


Հարթակն այնուհետեւ տրամադրուեց «սթարթափ»ների ֆինանսաւորման ձեւերի մասին ներկայացնող մասնագէտներն: DISQO, Solarinsure եւ DOT818 ընկերութիւնների ղեկավարներ Դրիւ Քուչերեանը, Արա Ակոբեանն ու Դաւիթ Տօնոյեանը կիսուեցին իրենց փորձով, յաջողութիւններով եւ մարտրահրաւէրներով` մասնաւորապէս խօսելով Bootstrapping-ի եւ «վենչըր»ային (հնարաւոր վտանգով) կապիտալի (դրամագլուխի, ներդրումի) մասին: Bootstrapping-ը փոքր կամ առանց արտաքին կապիտալով բիզնես սկսելու միջոց է, որ ներառում է անձնական խնայողութիւնների, ընկերութեան եկամուտների եւ երբեմն ընկերների ու ընտանիքի միջոցների օգտագործումը:
Օրուայ վերջին միջոցառումը նախատեսուած էր փոքրիկ ճարտարագէտների եւ նրանց ծնողների համար: «Թինքեր Քլաբ» կոչուող կազմակերպութիւնը ներկայացրեց, թէ ինչպէս պէտք է մանուկներին ուղղորդել մտածելու եւ գործելու որպէս ճարտարագէտ, լուծել խնդիրներ:
Սեպտեմբերի 13ին, «Հիրօ Հաուզ»ը հիւրընկալել էր ոլորտում մեծ կարեւորութիւն ունեցող եւս մէկ թեմայով բանախօսութիւն: «Equinix» ընկերութեան համաշխարհային յաճախորդների հարցերով տնօրէն, Քրիստինա Սոուզան հանդէս եկաւ «Բանակցութիւնների արուեստը» խորագրով ելոյթով: «Բանակցութիւնը համագործակցային գործընթաց է, որի հիմքում ընկած է փոխըմբռնումը: Շատերի համար բանակցութիւն բառը կարող է անհանգստութիւն առաջացնել, սակայն, երբ մտածուած կերպով ես մօտենում բանակցութեանը` այն կարող է յանգեցնել աներեւակայելի մեծ արդիւնքների», իր խօսքում նշեց Սոուզան: Ըստ նրա, բանակցութիւնները գծային չեն, դինամիկ (ուժական) են, եւ ներառում են բազմաթիւ խաղացողների ու բաղադրիչների, նաեւ, բանակցելիս անհրաժեշտ է փոխըմբռնում, կարեկցանք եւ դիմացինին հասկանալու պատրաստութիւն ողջ գործընթացում: «Եղէ՛ք գործակցող, ընդունէք տարբերութիւնները, երեւոյթները դիտարկէք տարբեր ոսպնեակների միջոցով, լսէ՛ք հասկանալու համար», իր այս եւ այլ խորհուրդներն իրական պատմութիւններով համեմեց բանախօսը:
Գլենդելի Տեխնոլոգիական շաբաթի շրջանակներում նորութիւն էր շախմատային բացօթեայ մրցաշարը, որ կազմակերպել էր քաղաքի առաջատար` Dot818 ընկերութիւնը, որը ծառայութիւններ է առաջարկում կատարողական մարքեթինգի ոլորտում` մասնաւորապէս գովազդատուների եւ հրատարակիչների համար:


«Տեխնոլոգիական ոլորտում մեծ մրցակցութիւն կայ, ամէն ինչ շատ արագ է շարժւում: Շախմատը կատարեալ միջոց է զարգացնելու տրամաբանութիւնը, ճկունութիւնը, ստեղծագործական հմտութիւնները, եւ միաժամանակ` մրցակցութեան ամենաարդար եւ վայելուչ ձեւն է: Գլենդելը տեխնոլոգիական «հաբ» (խարիսխ) դարձնելու մեր բոլորի երազանքն իրականացնելու համար, պէտք է սկսենք փոքր տարիքից եւ շախմատի միջոցով երեխաներին ոչ միայն վերլուծական մտածելակերպ սովորեցնենք, նաեւ` ծանօթացնենք մրցակցութեան մշակոյթին», իր խօսքում նշեց Dot818-ի նախագահ Դաւիթ Տօնոյեանը` ընդգծելով, որ շախմատը նշանակալի տեղ ունի հայկական մշակոյթում, եւ դա էլ դեր է ունեցել մրցաշարի անցկացման համար: Նա նշեց, որ բացօթեայ շախմատի անցկացման գաղափարով ոգեշնչուել է Երեւանից, որտեղ պատանիները դրսում շախմատային ստուգատես են ունեցել: Գլենդելի Տեխնոլոգիական շաբաթի շրջանակներում անցկացուած շախմատային մրցաշարը կազմակերպուել էր Ամերիկայի Շախմատի Ակադեմիայի հետ միասին: Քաղաքի կենտրոնում, բացօթեայ ձեռնարկին մասնակցում էին երկու տասնեակից աւելի պատանիներ, որոնց հետ մի քանի ժամ խաղում էր շախմատի անուանի գրոսմայստեր Արման Միքայէլեանը:
Օրուայ ընթացքում, հարկային ռազմավարութիւնների մասին բանախօսութեամբ հանդէս եկան Էնդի Թորոսեանն ու Դարեն Մեսրոպեանը: Տեխնոլոգիական շաբաթուայ աւանդական դարձած բաժիններից է «Կանայք ՏՏ ոլորտում» ձեռնարկը, որ կազմակերպում է Phonexa ընկերութիւնը, եւ հարթակ է տրամադրում կանանց կիսուելու իրենց պատկերացումներով, փորձով եւ յաջողութիւններով:
Այս տարուայ բանախօսներն էին Թալար Մալաքեանը, Թալին Կութնույեանն ու Այրիս Իենը, ում քննարկման հիմնական թեման, մասնաւորապէս առնչւում էր այն գաղափարին, որ պէտք է ստեղծել այնպիսի հզօր ապրանքանիշ, որն ինքնին ստեղծի պահանջարկ: «Շատ ձեռնարկատէրեր կենտրոնանում են միայն տարածման ուղղութեամբ, մինչ շատ կարեւոր է բովանդակութիւնն ու այն, թէ որքանով ես տիրապետում յաճախորդների պահանջներին», նշեց Modern Animal ընկերութեան մարքեթինգային բաժնի տնօրէն Թալին Քութնոյեանը:
Անդրադառնալով գործն աճեցնելու համար նոր տեխնոլոգիաների կիրառմանը, Phonexa ընկերութեան մարքեթինգի հարցերով գլխաւոր յանձնակատար Թալար Մալաքեանը մասնաւորապէս նշեց. «Գլխաւորը, ինչի ուղղութեամբ պէտք է կենտրոնանալ պահանջարկի ստեղծման հատուածն է, որ պահանջում է արագութիւն: Եթէ դուք պատրաստւում էք վեց ամիս ծախսել կառուցելու ուղղութեամբ, որ միայն առաքէք կամ վաճառէք, եւ վեց ամիս յետոյ էլ ստանաք ձեզ անհրաժեշտ տուեալները, այդ ընթացքում բաց էք թողնում անհրաժեշտ ազդանշանները: Երբեմն պէտք է պարզապէս առաքել, սովորել եւ նորից դիմել»:
Մասնակիցները նաեւ կիսուեցին անձնական պատկերացումներով մասնագիտական յաջողութեան մասին եւ ընդգծեցին խորհրդատու ուսուցիչներ ունենալու կարեւորութիւնը:

Միջոցառումն աւարտուեց բանախօսների կողմից կին առաջնորդներին տրուած խորհուրդներով: «Ձեր ճանապարհի ընթացքում կ՛ունենաք շատ կասկածներ: Ես աշխատել եմ այն պայմաններում, որտեղ գերակշռել են տղամարդիկ, եւ այսօր ես ղեկավար թիմի կազմում եմ, որն առաւել հաւասարակշռուած է` տարբեր մշակութային ծագում ունեցող տղամարդկանցով եւ կանանցով: Միշտ յիշեցրէք ինքներդ ձեզ, որ դուք բարձրանում էք եւ իւրաքանչիւր փուլում արժէք էք ներդնում», նշեց Մալաքեանը:
Տեխնոլոգիական շաբաթի շրջանակներում, բանախօսութիւններ եղան նաեւ Արհեստական բանականութեան եւ մեքենայական ուսուցման ազդեցութիւնների մասին տեխնոլոգիական ոլորտի վրայ:
Միջոցառման վերջին օրը, «սթարթափ» ընկերութիւնների ներկայացուցիչները հնարաւորութիւն ունեցան հանդիպելու ներդրողների հետ անբռնազբօսիկ միջավայրում` սուրճի շուրջ:
Սեպտեմբերի 14ին, տեղի ունեցաւ Pitchfest-ը, երբ վաղ փուլում գտնուող մի քանի «սթարթափ» ընկերութիւններ ներկայացան «վենչըր»ային կապիտալի ներդրողների խմբին: Յաղթող ճանաչուեց BrandLens B2B SaaS ընկերութիւնը, որը ձեռնարկութիւններին հնարաւորութիւն է տալիս «քրաուդսորսինգ»ի (crowdsource) միջոցով ստանալ գրաւիչ եւ զուարճալի տեսանիւթեր անմիջապէս համայնքից, յաճախորդներից եւ հետեւորդներից: Ընկերութիւնը ստացաւ 139,500 ԱՄՆ դոլար արժողութեամբ մրցանակային փաթեթ:
Տեխնոլոգիական շաբաթն ամփոփուեց «Գլենմարք» հիւրանոցում երեկոյեան խնջոյքով, որտեղ եւ յանձնուեցին մրցանակներ ու սահմանուեցին յաջորդ տարուայ նպատակները: