ԹՈՒՄՕն ընդլայնում է իր բազմամեայ նախաձեռնութիւնը՝ թուայնացուած հայկական պատմամշակութային վայրերի արխիւը հարիւրաւոր կոթողներով համալրելու նպատակով:
Ծրագիրը նախաձեռնուել է 2018-2019ին՝ ԹՈՒՄՕում անցկացուած աշխատարանների ընթացքում ուսանողների կողմից մի շարք հայկական պատմամշակութային յուշարձանների սկանաւորմամբ (նկարահանմամբ): Լազերային սկանաւորման եւ «ֆոտոգրամետրիա»ի միջոցով ԹՈՒՄՕի ուսանողներն այս ընթացքում թուայնացրել են Դիլիջանի ազգային պարկում գտնուող Մաթոսավանքը, Արագած լեռան վրայ գտնուող Ամբերդ ամրոցը, Քարվաճառի Դադիվանք վանական համալիրը, Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը եւ մի շարք այլ վայրեր: Մինչ այս պահը սկանաւորուել է 230 վայր, իսկ Հայաստանի մնացեալ բոլոր կարեւոր յուշարձանները կը թուայնացուեն առաջիկայ տարիների ընթացքում:


Նախաձեռնութեան շրջանակում թուայնացուել են Արցախի մի շարք կարեւորագոյն յուշարձաններ: 2020ի քառասունչորսօրեայ պատերազմին անմիջապէս յաջորդող շաբաթների ընթացքում ԹՈՒՄՕի աշխատակիցները բարձրորակ եռաչափ սկանաւորման միջոցով թուայնացրել են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում եւ Բերձորում գտնուող 46 պատմամշակութային վայրեր, այդ թւում Տիգրանակերտը, Ծիծեռնավանքը, Հակի կամուրջը եւ մի շարք այլ հնագիտական վայրեր, վանական համալիրներ եւ յուշարձաններ: Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ հատուածներում գտնուող եւս 30 պատմական եւ մշակութային կոթողներ են սկանաւորուել 2022ի Նոյեմբերին:
Արդիւնքում ստեղծուած բարձրորակ եռաչափ տուեալներն ու նմանակները հնարաւորութիւն են տալիս մանրամասնօրէն փաստագրել եւ ուսումնասիրել պատմամշակութային կարեւորութիւն ունեցող հայկական յուշարձանները՝ նպաստելով դրանց երկարաժամկէտ պահպանմանը: Դրանք կարեւոր աղբիւր են կրթական եւ մշակութային աշխատանքների, ինչպէս նաեւ թուային տեղեկութիւնների արտադրութեան համար: Աւելին, եռաչափ պատկերները գիտական հաստատութիւններին եւ գիտնականներին հնարաւորութիւն են տալիս իրականացնել մշակութային ժառանգութեան հսկողութիւն, իսկ անհրաժեշտութեան դէպքում՝ պահպանման եւ վերականգնման աշխատանքներ:


Աշխատանքները ներկայումս շարունակւում են Հայաստանում. բազմաթիւ վայրեր են թուայնացւում ամէն ամիս, իսկ առաջիկայ 2-3 տարիների ընթացքում նախատեսւում է սկանաւորել 300 հայկական յուշարձան: Զուգահեռաբար մշակւում են սկանաւորման տուեալները՝ ստեղծելով բարձրորակ եւ ամբողջապէս գունաւորուած եռաչափ նմանակներ, որոնք թոյլ կը տան ոչ միայն մանրամասնօրէն չափագրել եւ ուսումնասիրել պատմական վայրերը, այլ նաեւ «շրջել» դրանց տարածքում: Այս պատմական ակնարկների եւ համապատասխան այլ տեղեկատուութեան հետ միասին հանրութեանը հասանելի դարձնելու համար 2024ին կը հրապարակուի շարունակաբար թարմացուող համացանցային հարթակ:
«Շատ կարեւոր է, որ այս թուային արխիւը հասանելի է լինելու լայն հանրութեանը եւ որ այն փաստագրում է ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Արցախի պատմամշակութային վայրերը: Արխիւը մասնագէտներին թոյլ կը տայ վտանգի եւ ոչնչացման վտանգի տակ յայտնուած յուշարձանների առաւել արդիւնաւէտ հսկողութիւն իրականացնել` նպաստելով նաեւ վերականգնման եւ վերակառուցման յետագայ աշխատանքներին», նշում է ԹՈՒՄՕի տնօրէն Մարի Լու Փափազեանը:
ԹՈՒՄՕն պարբերաբար կը տեղեկացնի նախագծի զարգացումների, այդ թւում առցանց հարթակի հրապարակման փուլերի վերաբերեալ։
(Թղթակցութիւնը՝ ԹՈՒՄՕէն)

