
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՀԱԸ-Ի ԱՒԵՏԻՍԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԷՆ ՄԵԼԱՆԵԱ ԳԵՂԱՄԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան (ԱՀԱԸ) կողմից 1999 թ.ին Հայաստանում հիմնադրուած Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան դպրոցն իր ծրագրերով, ակադեմիական բարձր ցուցանիշներով համարւում է երկրի լաւագոյն կրթօջախներից: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող, կրթական այս հաստատութիւնն 12ամեայ անվճար եւ առաջնակարգ կրթութիւն է ապահովում տուեալ համայնքի խոցելի խմբերի երեխաների համար: Դպրոցի առանձնայատկութիւնների եւ ձեռքբերումների մասին «Ասպարէզ»ը զրուցեց Աւետիսեան դպրոցի տնօրէն, դոցենտ Մելանեա Գեղամեանի հետ, ով Միացեալ Նահանգներում էր Աւետարանչական ընկերակցութեան ամէնամեայ ձեռնարկի շրջանակներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ առաքելութեամբ է հիմնադրուել Աւետիսեան դպրոցը:

ՄԵԼԱՆԵԱ ԳԵՂԱՄԵԱՆ.- Աւետիսեան դպրոցը, Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան բարձր հովանու ներքոյ հիմնադրուեց գլխաւոր նպատակով` հասնելու անբարենպաստ պայմաններում բնակուող խոցելի ընտանիքներին եւ խմբերին, ինչը բխում էր ԱՀԱԸ առաքելութիւնից, եւ իրականութիւն դարձաւ բարերարներ Էդուարդ եւ Փամելա Աւետիսեանների մասնակցութեամբ: ԱՀԱԸ կողմից կառուցուած դպրոցի շահառուների թւում են Մալաթիա-Սեբաստիա համայնքի ծնողազուրկ, բազմազաւակ, ամուսնալուծուած ընտանիքների երեխաները, ինչպէս նաեւ` զինուորականների, Սիրիայից, Ռուսաստանից գաղթականների երեխաները: Արցախեան իրադարձութիւններից յետոյ էլ դպրոցը համալրուեց արցախցի 40 աշակերտով, եւ ներկայում մեր աշակերտների թիւը 791 է: Դպրոցը, ակադեմիական առաջադիմութեան հետ միասին, հաւասարապէս կարեւորում է անհատի ձեւաւորումն ու կեանքի հմտութիւնների ձեռքբերումը: Աշակերտները կրթւում եւ մեծանում են սիրոյ, յարգանքի, ազնուութեան եւ աշխատասիրութեան մթնոլորտում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի լաւագոյն մասնաւոր կրթօջախներից համարուող Աւետիսեան դպրոցն ի՞նչ առանձնայատկութիւններ ունի:
ՄԵԼԱՆԵԱ ԳԵՂԱՄԵԱՆ.- Առաջինը կը ցանկանայի նշել, որ մեր կրթօջախը միակն է Հայաստանի մասնաւոր եւ հանրային դպրոցների շարքում, որ ունի արեւմտահայերէնի ծրագիր` սկսած վեցերորդդ դասարանից: Սա մեր ծրագիրն է, որը դժուարութեամբ կարողացանք ներմուծել, քանի որ ասում էին, որ երեխաների շրջանում շփոթմունք կ՛առաջանայ: Սակայն իմ համոզմունքն այն է, որ եթէ գրականութեան ժամին անցնում ենք Դանիէլ Վարուժան, Երուանդ Օտեան, եւ այլ արեւմտահայ գրողներ, աշակերտները պէտք է սովորեն հէնց բնօրինակով` արեւմտահայերէնով: Այս նպատակով Լիբանանից հրաւիրեցինք արեւմտահայերերէնի մասնագէտ, ով համագործակցում է գրականութեան արեւելահայերէնի ուսուցչի հետ: Միւս առանձնայատկութիւնը, որ դպրոցում երեխաներին փորձում ենք մատուցել Աստծոյ խօսքը` ծնողների հետ նախապէս համաձայնութիւն ձեռք բերելով: Այս թեմայով երեխաներին հասանելի եւ մատչելի ձեւով կարողանում են խօսել մեր առաջնորդները` տարբեր եկեղեցիների ներկայացուցիչները, եւ բոլորը գիտեն, որ ճշմարիտը Աստուած է: Եւ մեր նպատակն է, որ մենք կրթենք մարդ, ով երկիւղ ունի Աստծուց:
Աւետիսեան դպրոցը բնոյթով առաւել նման է մասնաւոր դպրոցի, բայց ի տարբերութիւն մասնաւոր կրթօջախների, որոնք ուսման վարձի բարձր լինելու պատճառով անհասանելի են շատերին, մեր կրթօջախն ապահովում է բարձրորակ կրթութիւն, որը հասանելի է կարիքաւոր ընտանիքների համար: Մեր բոլոր շրջանաւարտները, հարիւր տոկոսով ընդունւում են Հայաստանի լաւագոյն բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ` ֆրանսիական, ամերիկեան, բժշկական, Ճարտարագիտական համալսարաններ, եւ մեծամասնութիւնը` անվճար հիմունքներով:
Դպրոցում գործում է կրկնուսոյցի ծրագիր, ինչն արգելում է աշակերտին համալսարան ընդունուելու համար որեւէ առարկայի մասնաւոր դասեր վերցնել, քանի որ մենք ապահովում ենք լաւագոյն կրթութիւնը դասարանում: Այս առումով, համագործակցում ենք ամերիկեան, ֆրանսիական համալսարանների, Բրիւսովի անուան պետական եւ Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանների, որպէսզի անգլերէնը, ֆրանսերէնն ու արեւմտահայերէնը մեր աշակերտների շրջանում բարձր հիմքերի վրայ լինեն, եւ այսպէս պատրաստում ենք նրանց ԲՈՒՀ ընդունելութեան քննութիւնների:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ պայմաններով է իրականացւում ընդունելութիւնը:
ՄԵԼԱՆԵԱ ԳԵՂԱՄԵԱՆ.- Ընդունելութեան մասին յայտարարութիւնը դրւում է մեր կայքում, եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բոլոր բնակիչների համար բաց է եւ հասանելի: Մենք նախընտրութիւնը տալիս ենք մի շարք չափորոշիչների պատկանող, այդ թւում` բազմազաւակ, միակողմանի ծնողազուրկ, զինուորական ծառայութեան մէջ գտնուող, խնամակալի խնամքի ներքոյ կամ գաղթած ընտանիքների երեխաներին: Ընդունելութեան վերջնական որոշումը միասնաբար կայացնում են հոգաբարձուների խորհուրդը, որ գտնւում է ԱՄՆում, եւ Հայաստանում գտնուող համակարգող խորհուրդը:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արտադասարանական ի՞նչ այլ ծրագրեր էք առաջարկում ձեր աշակերտներին:
ՄԵԼԱՆԵԱ ԳԵՂԱՄԵԱՆ.- Արտադասարանական շատ ծրագրեր ունենք, եւ առաւելութիւնն այն է, որ բոլոր խմբակներն անվճար են: Ծնողը յաւելեալ վճարի հնարաւորութիւն չունի, եւ մեր մօտ գործում են թատերական, շախմատի, գեղարուեստական մարմնամարզութեան, նկարչութեան, ազգային երգի ու պարի խմբակներ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախմբի հիմնադիր, գեղարուեստական ղեկավար Սերգէյ Սմբատեանի հետ յուշագրի շրջանակներում էլ մեկնարկեց «Դաս Ա» ծրագիրը, որ հնարաւորութիւն է ընձեռում աւագ դպրոցի երեխաներին ստանալու կրթութիւն երաժշտութեան մասին: Մեր երեխաները բացառիկ մենաշնորհ ունեն նաեւ տեխնոլոգիական (արհեստագիտական) կրթութիւն ստանալու` ուսումնասիրում են լեգօտեխնոլոգիան, Soft Construct ընկերութեան մեր համագործակցութեան շնորհիւ սովորում են են ծրագրաւորում, համակարգչային դիզայն (ձեւաւորում), եւ այլ:
Ունենք նաեւ եզակի էկոծրագիր (բնապահպանական ծրագիր), ջերմոց, որտեղ աշխատում են մեր աշակերտները` նաեւ «Արմինիան Թրի Փրոջեքթ»ի դասերի միջոցով, եւ վկայագիր են ստանում: Մեր մասնաշէնքում ունենք նաեւ մեծ չափի էկրան (պատառ), որ ցոյց է տալիս օդի ջերմաստիճանը, օդի աղտոտուածութիւնը, եւ աշակերտներն այն օգտագործում են ֆիզիկայի դասաժամին հաշուարկներ կատարելու համար` խրախուսելով մաքրութիւնը, սովորում են տեսակաւորել աղբը: Սիրողական լաբորոտորիայում (տարրալուծարանին մէջ) էլ կարողանում են ստացալ` թուղթ, օճառ, եւ այլ ապրանքներ: Համագործակցում ենք շատ կազմակերպութիւնների հետ, այդ թւում` ՄԱԿի հետ, մարզական ծրագրերի մասով` մարզական ակումբների հետ:


Մեր յաջողուած ծրագրերի մասին խօսելիս կը ցանկանայի առանձնացնել յատկապէս` այն, որ մեր շրջանաւարտները կարող են օգտուել Աւետարանչական ընկերակցութեան՝ ԱՀԱԸ կողմից տրամադրուող որոշակի կրթաթոշակներից Բուհական վարձերի համար:
Մելանեա Գեղամեանի հետ զրոյցին ներկայ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դերմենջեանը պատմեց նաեւ մասնաշէնքի մասին, որի ժամանակակից ճարտարապետութիւնը դիւրացնում է ուսումնական գործընթացը: «Շէնքն ինքնին առանձնայատուկ բնապահպանական լաբորատորիա է` արեւային վահանակներով, վերամշակուող անձրեւաջրերով, կանաչ տանիքներով: Կրթահամալիրն արժանացել է «LEED Արծաթ» հաւաստագրի` որպէս բնապահպանական պահանջներին համապատասխանող նախագիծ եւ տարածաշրջանում միակ նման կառոյցն է: Դպրոցը յագեցած է գերժամանակակից սարքաւորումներով` համակարգիչներ, ռոբոտաշինական, բնական գիտութիւնների լաբորատորիաները, էլեկտրոնային վահանակներ եւ այլ», պատմեց Դերմենջեանը:
Զրոյցին ներկայ էր նաեւ Կալիֆորնիայի Նորթրիջի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Յասմիկ Պարանը, ով նաեւ կրթօջախի հոգաբարձուների խորհրդի անդամ է, եւ յայտնեց, որ աշխատում է Աւետիսեան կրթական հաստատութեանը ապահովել Դպրոցների եւ համալսարանների արեւմտեան ընկերակցութեան (Western association of schools and colleges) հաւատարմագրով, որ առաջինը կը լինի Հայաստանում տրուող կրթօջախին:
Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան Աւետիսեան դպրոցը նաեւ դարձել է իւրատեսակ կենտրոն, որ ներդրում է ունենում Մալաթիա-Սեբաստիա համայնքի կեանքում` նպաստելով կեանքի որակի բարձրացմանն ու զարգացմանը նաեւ իր սաների միջոցով:

